Ապրիլի 29, 2024

Ռազմական էսկալացիա՝ փոթորկվող տարածաշրջանում

By Սրբուհի Վանյան Ապրիլի 12, 2023
Տեղ գյուղի մոտ սրացումն ապահովում, ինչը երևացել է նաև երեկ՝ ռազմագործողություններին զուգահեռ հրապարակ նետվող քարոզչական թեզերով։  Իրանը, որ բազմիցս է խոսել տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, երեկ ռազմական պատրաստության ամենաբարձր մակարդակի է բերել զորքերը՝ հայ- ադրբեջանական սահմանին։  Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունների լարվածության հիմնական պատճառը 2020 թվականից հետո Իրանի առջև ծառացած մարտահրավերներն են, որ առնչվում են Ադրբեջանի կողմից պնդվող, իրենց ձևակերպմամբ՝ «Զանգեզուրյան միջանցքի» թեմային, որին, ինչպես հայտնի է, դեմ է Իրանը։  Զգուշացումը, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խոսքով, նաև Հայաստանին է վերաբերում, որի հաշվին փաստորեն փորձ է արվում սահմանների փոփոխություն կատարել։
 
«Ինչու է Իրանը զգուշացնում ՀՀ-ին՝ հնչեցնելով տեքստեր, որ անընդունելի է համարում «Զանգեզուրյան միջանցք» հորջորջումը կամ որևէ կոմունիկացիայի տրամադրումը որևէ երրորդ երկրի՝ որովհետև Իրանը հասկանում է, որ դա թուրքական էթնոսի ինտեգրման պրոցես է մի կողմից, մյուս կողմից կիսալուսնաձև շրջափակում իր համար՝ հյուսիսային հատվածում։ Իրանի համար նման ուժային բալանսի փոփոխությունը Իրանի տարածքային ամբողջականության համար մեծ  ռիսկ է,  Թեհրանի շահերից չի բխում, և բնական է, որ Իրանը կոշտ, հաճախ նաև վերջնագրերով է արտահայտվում»։
 
Իրանը հողի վրա իր դիրքորոշումը ցույց է տալիս նաև ուժի ցուցադրությամբ՝ հինգերորդ սերնդի պատերազմներին համապատասխան իր զինանոցի ներկայացմամբ։ Տարածաշրջանում ակտիվ տեղաշարժ է արձանագրվում՝ տարբեր ուժային կենտրոնների շահերի բախումների, քաղաքական առևտրի համատեքստում։
 
«Ինչի մեկնակետը արցախյան 2020 թ․ պատերազմն է, ինչը փոխեց ուժերի բալանսը։ Այդ փոփոխությունը տեղի ունեցավ ՀՀ ու Արցախի հաշվին։ Ուժային մյուս բևեռները, տարածաշրջանային գերտերությունները՝ Թուրքիան ու Ռուսաստանը այս հարցում բավականին զգուշավոր են»։
 
 Երկար ընդմիջումից հետո երկու երկրների՝ Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, և թվում է, այս օրերին երկու երկրների միջև լարվածության թուլացման միտում կա։ Ամեն դեպքում, Իրանն իրեն հարևանների հետ հավասարակշռված քաղաքականության կողմնակից է համարում և փորձում այդ ծիրում դրսևորել իրեն՝ ասում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
 
«Եթե խոսում ենք Իրանի քաղաքականության մասին,  այդ թվում և Ադրբեջանի հետ հարաբերություններում, ապա պետք է շեշտել, որ Իրանը միշտ շեշտել է հարևանների հետ դիվանագիտական եղանակով հարցերը լուծելու կողմնակից լինելու մասին։ Չնայած նրան, որ Ադրբեջանը շատ անգամ փորձել է սադրանքներ անել, անգամ դեսպանատան միջադեպը, երբ Իրանին Ադրբեջանը փորձել է ահաբեկչական պետություն ներկայացնել»։
 
 Վերոնշյալ հեռախոսազրույցից հետո էլ Ադրբեջանում սկսել են հրապարակումներ արվել, որ անկախ ամեն ինչից, Իրանի հետ Ադրբեջանը պետք է լավ հարևան լինի՝ նկատում է Ժաննա Վարդանյանը։ 2020 թվականի պատերազմի, թվում է թե, հաղթանակից հետո Ադրբեջանի իրավիճակը այնքան չէ լավ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, կարծում է Ալեն Ղևոնդյանը, և այդ ամենն իր արտացոլումն է գտնում տարածաշրջանում նրա վարած խաղի վրա, այդ թվում և Իրանի հետ հարաբերություններում։
 
«Ադրբեջանի ժամանակավոր հաղթանակը արցախյան ճակատում ապահովեցին փաստորեն 2 պետություն՝ Իսրայելը և Թուրքիան, և նրանք ինչ֊որ փուլում պահանջելու են Ադրբեջանից քաղաքական այդ աջակցության պարտքը։ Իսրայելը՝ բնականաբար Իրանի հետ հարաբերությունների ենթատեքստում, իսկ Թուրքիան՝ հետագա համագործակցության։ Ադրբեջանը փաստորեն դարձել է իր գործընկերների մատուցած ծառայությունների պատանդը»։
 
 Լարվածության ներկա փուլն ըստ Ալեն Ղևոնդյանի, սրացման լուրջ ալիք է պարունակում։ Իսկ վերջին հեռախոսազրույցը Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև գնահատում է որպես երրորդ երկրների, առավելապես Ռուսաստանի կողմից Ադրբեջանի վրա ազդեցության լծակներ կիրառելու դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու ազդակ՝ Իրանի դեմ առաջացած մարտահրավերների դիմագրավման համար։
 
«Մասնավորապես,  Իրանի դեմ Իսրայելի հակազդեցության հարցում մեղմման կամ վերանալու մասին է խոսքը։Այս առումով ՀՀ-ն առերեսվում է մեծ վտանգի։ Այն ոգևորությունը, որ կար հայակական շրջանակներում  այն հարցի շուրջ, թե Իրանը թույլ չի տա հայկական սահմանների փոփոխություն, Իրան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում կարող են այլ բնորոշումներ ստանալ և այլ գործարքներ լինել, այդ թվում և ՀՀ հետ։ Եթե պատերազմ սկսի Իրանի ու Ադրբեջանի միջև, որտեղ ներգրավված է լինելու նաև Իսրայելը, և ոչ հրապարակային, նաև այլ երկրներ, պարզ է, որ աշխարհագրորեն այն ներգրավված է լինելու նաև ՀՀ տարածքում»։
 
 Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո  ակտիվացել են նաև ռուս֊իրանական երկկողմ այցերը, բավական հարուստ օրակարգով՝ նկատում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Լևիտինի Թեհրան կատարած այցի ընթացքում քննարկվել է Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթուղային հաղորդակցության հարցը։
 
«Դա մասնավորապես վերաբերում է Ձեր նշած երկաթուղային հաղորդակցությանը, որը պիտի ամբողջացնի հյուսիս-հարավ երթուղին, և որի մի հատվածը, որ պետք է ֆինանսավորեր Ադրբեջանը, չի կառուցվել։ Իրանը հավանաբար ուզում է դրա կառուցումն իրականացնել ՌԴ ֆինանսավորմամբ»։
 
Իսկ ի՞նչ արտաքին քաղաքական դիրքորոշում է որդեգրել Հայաստանը․ 2020 թվականից հետո հայ իրանական հարաբերություններում էլ ակտիվություն կա, և այդ ենթատեքստում Արմեն Գրիգորյանի այցն Իրան Ժաննա Վարդանյանն օրինաչափ է համարում։ Հրապարակված տեղեկատվության մեջ նոր ոչինչ չկա, ասում է զրուցակիցս, իրանական կողմը կրկին շեշտել է իր կարմիր գծերի մասին։
 
«Շատ է շեշտադրվել Հյուսիս-Հարավի պահը, որ միջանցքը կարևոր ռազմավարական  նշանակություն ունի։ Հրապարակային տեղեկատվության համաձայն այլ եզրակացություններ չենք կարող անել, քանի որ ինֆորմացիան, որ մեզ հասանելի է, առանձնապես նորություն չէ»։
 
 Ալեն Ղևոնդյանը ցավալի է համարում, որ Հայաստանը տարածաշրջանային խաղի գործընթացներից կարող է դուրս մնալ, քան որ սուբյեկտից օբյեկտի վերածվելու վտանգ կա։ Դա, իհարկե, կարող է Հայաստանի համար ճակատագրական լինել։ Խոսքը նաև Զանգեզուրի հատվածում Ադրբեջանի ունեցած հավակնությունների մասին է, որի շուրջ, քաղաքագետի խոսքով, կարող են կտրուկ շրջադարձեր լինել։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2023 16:36
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ