Մայիսի 03, 2024

Ի՞նչ է առաջարկում Արևմուտքը, և ի՞նչ պայմաններով Հայաստանը կգնա խաղաղության պայմանագրի ստորագրմանը

By Սրբուհի Վանյան Մայիսի 02, 2023
Փորձագիտական-վերլուծական շրջանակներում արդեն կանխատեսումներ կան, որ բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել, քանի որ ռազմա-քաղաքական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի է, և նա է թելադրելու երկկողմ բանակցությունների օրակարգը: Մինչդեռ երկու կողմերի միջև ուժերի հավասարակշռված, հավասար հարաբերակցության դեպքում է միայն հնարավոր ապահովել երկկողմ արդյունավետ բանակցություն։ Արցախում կարծում են, որ ներկա փուլում խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններ չկան․ Ադրբեջանի նկրտումները և պահանջներն այնքան մեծ են, որ հազիվ թե ՀՀ իշխանությունները համաձայնեն դրա տակ ստորագրել, ասում է Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
 
«Իմ մոտ այդ տպավորությունը ձևավորվել է հրապարակային նյութերի վերլուծությունների հիման վրա։ Բայց բանակցություններն ունենում են նաև գաղտնի կողմ, և դժվար է ասել, թե այդ քննարկումների ընթացքում ինչ համաձայնություններ են եղել։ Ակնհայտ է, որ որոշ պայմանավորվածություններ եղել են, և Վաշինգտոնի հանդիպումը նմանօրինակ հանդիպումների շարունակություն է»։
 
Թե ինչի կբերի կողմերի միջև համաձայնության կայացմանն ուղղված Վաշինգտոնի նախաձեռնությունը, ըստ էության Վաշինգտոնից դուրս տիրույթում է՝ քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքն է։ Նա ուշադրություն է հրավիրում Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունների վրա և գտնում է, որ դրանից հետո ձևավորված իրավիճակից շատ բան է կախված։ Իսկ Վաշինգտոնում հանդիպման աննախադեպ ձևաչափն արդեն իսկ խոսում է այն մասին, որ քննարկումներն ու նպատակադրումները, առնվազը՝ հանդիպումը կազմակերպող կողմի համար առարկայական են։ 
 
«Այլ հարց է, թե ինչ կստացվի կամ ինչ կարող է հաջողել Միացյալ նահանգները, և այս տեսանկյունից հասկանալի են այն բոլոր բարդությւոնները, որ կան ոչ միայն կողմերի փոխադարձ, էապես տարբերվող դիրքորոշումների առնչությամբ, այլև աշխարհաքաղաքական իրավիճակի»։
 
 Համաշխարհային մասշտաբով ազդեցություների համար պայքարում Կովկասն առանցքային ուղղություն է, ու հարց է առաջանում, թե ամերիկյան այս աշխուժությանը ինչ կհակադրեն մյուս խաղացողները՝ ասում է Բադալյանը։ Հանդիպմանը, ԱԳՆ-ի հաղորդմամբ, քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն ասել էր, որ կողմերը քննարկում են համապարփակ համաձայնությունը, որում կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին: Հետագայում խմբագրվել է տեքստը՝ ներկայացվելով հետևյալ ձևակերպմամբ․ Քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակներում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը։ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի խոսքերը Հակոբ Բադալյանը տարակուսելի է համարում։ Մի շարք պատճառներով։ 
 
«Արցախի առնչությամբ այդպիսի գնահատականների անընդունելիության հանգամանքի վերաբերյալ մեկնաբանությունն էլ ավելորդ է։ Այստեղ փոքր ինչ այլ պատկերի հետ կարող ենք գործ ունենալ, եթե այդ հայտարարաությւոնը զուտ առերևույթ է ու քողարկիչ իմաստ ունի՝ Բաքվին քողարկելու ու դեմքը պահելու ու այդ կերպ առարկայական քննարկումների դաշտ բերելու համար՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմների իրական քննարկման տեսնակյունից։ Բայց մենք չգիտենք, գոնե առայժմ, թե այդ հայտարարաությունը ինչ ենթատեքստով է արվել, և այն անընդունելի ենք համարում, քանի որ կարող է խեղել առանց այն էլ խեղված խնդիրը»։
 
 Հակոբ Բադալյանի կարծիքով, Արցախի քաղաքական ուժերն այս հարցում պետք է հստակ արտահայտեն իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է «երկու երկրներում էթնիկ փոքրամասնություններ» ձևակերպմանը, Հակոբ Բադալյանը ուշադրությոն է հրավիրում այն փաստին, որ Հայաստանում չկան ադրբեջանցիներ, նրանք, ովքեր ապրել են այնտեղ Խորհրդային Միության տարիներին, հեռացել են, և ի տարբերություն Ադրբեջանում ապրող հայերի՝ բռնի չեն տեղահանվել։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով «Էթնիկ փոքրամասնություն» կոչվածը կարող է նշանակել, որ Ադրբեջանն Արցախում հայերին «հանդուրժելու» դիմաց՝ պահանջում է ադրբեջանցիների վերադարձ Հայաստան: Կողմերի միջև համաձայնության գալը՝ Վաշինգտոնի նախաձեռնությամբ, Վահրամ Բալայանի կարծիքով, չի կարող ի շահ մեր ժողովրդի լինել․ հատկապես Արցախյան հարցի կարգավորման տեսանկյունից։ 
 
«Պարզապես իմ մոտ մի չմարված հույս կա, որ ՌԴ դիրքորոշումը այլ կլինի։ Թույլ հույս է, քանի որ Ռուսաստանի մոտեցումը ճապաղ է։ Բայց դա նշանակելու է, որ Ռուսաստանը պետք է լքի Անդրկովկասը։ Դատելով Արևմուտքի աշխուժությունից՝ պայմանագրի պայմաններից մեկն էլ դա պետք է լինի։ Դրա համար՝ սպասենք զարգացումներին»։
 
«Էթնիկ փոքրամասնություն» կոչվածը բացառում է ԼՂ քաղաքական, քաղաքակրթական սուբյեկտության որևէ հեռանկար՝ ենթադրելով Արցախի հայության «ինտեգրում» Ադրբեջանին` որպես ունիտար պետություն, համոզված է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, դա համարելով Արցախի հայաթափության ամենակարճ ճանապարհը։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ