Մայիսի 04, 2024

Մարդու առևանգում մարդասիրական կազմակերպության «ձեռքից»․ ովքե՞ր են մեղավորները

By Ասպրամ Ավանեսյան Հուլիսի 31, 2023

Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի, պահման պայմանների ու որպիսության մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Հայկական կողմը կոչ է անում ազատ արձակել նրան, իսկ ռուսաստանյան խաղաղապահ ուժերի հրամանատարությունը, ադրբեջանական կողմն ու տարածաշրջանով հետաքրքրված միջազգային քաղաքական կենտրոնները լուռ են։ Հարցը երկու տեսանկյունից կարելի է վերլուծել՝ հումանիտար և քաղաքական։ Քաղաքական դաշտում խնդիրն ավելի խորն է։ Ովքե՞ր են մեղավորները, ի՞նչ դասեր կարող ենք և պետք է քաղենք այս ամենից՝ Ասպրամ Ավանեսյանի ռեպորտաժում։

Ադրբեջանական անցակետում մարդու առևանգման միջադեպից հետո Արցախում անվստահության մթնոլորտ է ձևավորվել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նկատմամբ։ Միջազգային մարդասիրական կազմակերպությունը չունի որևէ ոչ հումանիտար մանդատ, ուստի չէր կարող միջամտել իրադրությանը, բայց կազմակերպության հովանու տակ գտնվող մարդիկ էլ անձեռնմխելի են։ Ադրբեջանը հերթականությամբ խախտում է միջազգային իրավունքի նորմերը՝ չարժանանալով արժանի պատասխանի։ Բայց այնուամենայնիվ, վտանգավո՞ր է արդյոք Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղաշարժը․ իրավապաշտպան Սոնա Տռուզյանն ասում է․

«Այսօր որևէ ձևով չենք կարող խոսել անվտանգության և ապահովության մասին։ Ես շատ լավ հասկանում եմ հարցի նրբությունը և այն դժգոհությունը որը կա Արցախում բնակվող մեր հայրենակիցների շրջանում, բայց մենք պետք է զգուշավորություն ցուցաբերենք Կարմիր խաչի հանդեպ։ Ես կարծում են, որ այսօր Ադրբեջանը հենց դա է ուզում, որ մենք մեր ողջ բողոքի ալիքը հղենք ընդդեմ Կարմիր խաչի, որը միակ միջազգային մարդասիարկան կազմակերպությունն է Արցախում։ Ադրբեջանը շատ հետևողական փորձեց վարկաբեկել և վարկաբեկեց ռուս խաղաղապահներին, որոնք երաշխիք էին Արցախի անվտանգության համար, հիմա վարկաբեկում է նաև Կարմիր խաչին»։

Սոնա Տռուզյանը կարծում է, որ մենք մեր բողոքն առաջին հերթին պետք է հղենք ոչ թե Կարմիր խաչին, այլ ՀՀ իշխանություներին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին, ՌԴ-ին, որոնց միջնորդությամբ կողմերի միջև տեղի են ունենում բանակցություններ։ Բողոք պետք է հնչեցնել այն մարդկանց հանդեպ, ովքեր հայտարարում են, թե հայն ու ադրբեջանցին կարող են ապրել կողք կողքի։

«Մենք մեր շեշտադրումներով շատ զգուշավոր պետք է լինենք և պետք է պահանջենք, որ այդ գերտերությունները, միջազգային կազմակերպությունները կարողանան երաշխավորել Կարմիր խաչի անվտանգ գործունեությունը, որովհետև եթե այսօր Կարմիր խաչի ուղեկցությամբ բուժառուները չեն կարող իրենց անվտանգ զգալ, ապա ի՞նչ է լինելու, եթե հանկարծ իրենք դադարեցնեն իրենց գործունեությունը կամ ինչպես Հայաստանի օրվա իշխանություններն են սիրում ասել՝ Արցախը հանձնում են Ադրբեջանին, եթե դա հանկարծ փորձ անեն ֆիքսել թղթի վրա մենք արդեն պետք է պատկերացնենք, որ սկսվելու է շատ բացահայտ, գուցե կոպիտ հնչի, բայց սպանդ»։

Հանրության շրջանում շրջանառվում են խոսակցություններ, որ Ադրբաջանն ունի արցախյան բոլոր պատերազմների մասնակիցների անվանացանկը։ Առևանգված Վագիֆ Խաչատրյանը այդ նրանցից մեկն է։ Այս տրամաբանությամբ` Ադրբեջանը կարող է մեղադրանքներ ներկայացնել ՀՀ ու Արցախի չափահաս տարիքի արական սեռի բոլոր ներկայացուցիչներին։

«Մենք որևէ կերպ չպետք է հիմք ընդունենք նրանց այդ հայտարարությունները, մենք գիտենք, որ Ադրբեջանը մտացածին քրեական գործեր է ստեղծում և արդեն Հայաստանի ՄԻՊ-ը հայտարարեց, որ Վագիֆ Խաչատրյանը չի գտնվում միջազգային հետախուզման մեջ։ Այստեղ փաստն այն է, որ Ադրբաջանը, կարծում եմ, փորձել է վախեցնել, որովհետև տեսնելով, որ երկար ժամանակ սովի մատնելով արցախահայությանը, չի կարողանում հասնել իր ուզածին, փորձում է արդեն ուժի գործադրմամբ և բացահայտ սպառնալիքներով վախեցնել և Արցախը, գուցե մի քիչ կոպիտ հնչի վերածել համակենտրոնացման ճամբարի։ Արդեն մտավախություն կա, որ ցանկացած մեկին կարող են առևանգել և տանել իրենց բանտեր»։

Սոնա Տռուզյանը հիշեցնում է նաև երկու հայ զինծառայողների՝ Հայաստանի սահմանից առևանգման մասին։ Սա Ադրբեջանի ձեռագիրն է՝ ասում է, և մենք սրանից ապահովագրված չենք լինելու, քանի դեռ Հայաստանի իշխանությունները չեն հասկացել, որ նրանց հետ նորմալ, համակեցության կանոններով շփվել հնարավոր չէ։

«Այսօր շատ լուրջ իրավիճակ է և ես վստահ եմ, որ այս ճանապարհով մենք գնում ենք ավելի երկարատև բախումների։ Ակնկալել միայն ՄԱԿ-ից կամ միջազգային այլ կազմակերպություններից, որ իրենք ապահովեն մեր անվտանգությունը, դա էլ իր արդյունքը չի ունենա, քանի դեռ մենք ինքներս չենք անում դա»։

Շատ հարցերում մեղավոր և պատասխանատու են Հայաստանի իշխանությունները՝ ասում է զրուցակիցս։ Զրուցակիցս իրավիճակի մեղավոր է համարում նաև Արցախի իշխանություններին։

«Հայաստանի իշխանությունը պատասխանատու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ Արցախի բնակիչները նույնպես ՀՀ քաղաքացիներ են, չկա որևէ տարբերություն նրանք Ստեփանակերտում են ապրում, թե Երևանում։ Երկրորդ մեղավորն են Արցախի իշխանությունները, որոնք կանխազգալով, թե հետագա ինչ քայլեր է ձեռնարկվելու Ադրբեջանի կողմից, այդ ամենին լուռ համակերպվել են և այս պագայում, այո՛, երկուսն են պատասխանատու»։

Միջազգային հանրության համարժեք արձագանքի բացակայության պայմաններում Ադրբաջանը պարունակելու է իր ահաբեկչական, ցեղասպան, հայատյաց քաղաքականությունը՝ ավելացնում է զրուցակիցս։

 

Last modified on Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023 14:48
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ