Մայիսի 03, 2024

Միջազգային հանրության կոչերը ուժ ունե՞ն

By Անի Աբաղյան Օգոստոսի 02, 2023

 Վերջերս միջազգային հանրության շրջանում ակտիվություն է նկատվում։ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների Արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, սենատորներ և այլ պաշտոնյաներ «կոչախեղդ» են անում Ադրբեջանին։ Արդեն 8 ամիս շարունակվող շրջափակումն ապացուցում է, որ ո՛չ կոչերը, ո՛չ հայտարարությունները ոչինչ չեն փոխում։ Այդ նույն ներկայացուցիչները հասկանում են, որ Ալիևի վարչակազմի վրա միայն գործողությունները կարող են ազդել, բայց այդ գործողությունները խոսելով ավարտվում է։ Գործնական ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն կոչերին, Ադրբեջանի վրա ճնշման ի՞նչ մեխանիզմներ կարող են լինել։ Հարցերի շուրջ զրուցել ենք ազգային շահերի և պետության ռազմավարական քաղաքականության փորձագետ Գուրգեն Սիմոնյանի հետ։

 Քաղաքակիրթ աշխարհն սկսել է խոսել ու երբ նրանք սկսում են խոսել Արցախի բնակիչները համոզվում են՝ իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Այսօրվա իրավիճակից ավելի լուրջ ինչ պետք է լինի, որ սկսեն նաև գործել։ Ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելու օրից Եվրամիությունը, Միավորված ազգերի կազմակերպությունը, գերտերություններն ու շատ այլ պետություններ սկսել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Ինչու՞ այդ նույն երկրները, կազմակերպությունները ոչ մի պատժամիջոց չեն կիրառում Ադրբեջանի և բռնապետ Ալիևի ռեժիմի նկատմամբ։ Պատերազմական գործողությունների ժամանակ կոչեր էին: Շրջափակման, հումանիտար աղետի ժամանակ՝ նույնպես կոչեր են։ Ազգային շահերի և պետության ռազմավարական քաղաքականության փորձագետ Գուրգեն Սիմոնյանը կարևոր է համարում այդ կոչերը՝ հիմք համարելով Ադրբեջանի նկատմամաբ պարտադրողական քաղաքականության կիրառման։

«Կոչերին ականջալուր չլինելու դեպքում Ադրբեջանը հավակնում է տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական պատժամիջոցների արժանանալ, իսկ, որպես այդպիսին, գործուն մեխանիզմներ, որոնց միջոցով պարտադրեն, չկա։ Միակ պարտադրիչ ուժը հարաբերական կայուն իրողությունն է, որ լայնածավալ պատերազմ չի սկսվում տարածաշրջանում։ Դա էլ ԱՄՆ-ի դիվանագիտական հովանոցն է, որը հավիտյան չի կարող լինել»։

Միջազգային հանրությունն արթնացել էր Երևանից Արցախ ուղարկված մարդասիրական բեռի` Քաշաթաղի միջանցքի մուտքի մոտ արգելափակումից հետո։ Սակայն բազմաթիվ կոչերից ու հայտարարությունից հետո էլ մոտ 400 տոննա բեռն արդեն մեկ շաբաթ է Արցախ չի հասնում։ Սա ևս մեկ առիթ էր Ադրբեջանի` որպես ապակառուցողական երկիր լինելը ցույց տալու համար՝ ասում է փորձագետը։

«Այդ ամենի ներկայացումը հստակ քայլ էր, որին ստիպված եղան պատասխանելու Ադրբեջանում։ Եւս մեկ անգամ ի լուր ամբողջ աշխարհի Ադրբեջանը կարողացավ դիրքավորվել՝ որպես ապակառուցողական կողմ։ Ինչն էլ խթան դարձավ, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շեշտի Քաշաթաղի միջանցքի բացման կարևորությունը։ Պաշտոնյան նաև խոսեց ԼՂ-ի և Ադրբեջան ուղիղ բանակցությունների մասին, որը Ադրբեջանը ևս բոյկոտեց։ Աշխարհը արդեն ավելի լայն հնարավորություններ կստեղծի և օժանդակիչ գործողություններ կիրականացնի ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու համար, որպեսզի Հայաստանն էլ կարողանա Արցախի անվտանգությունը կրկին հովանավորելու»։

Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը պատերազմ սկսելու տրամաբանությամբ է ընթանում, և Ադրբեջանի վրա ճնշման միակ ու հուսալի մեխանիզմը Հայաստանի Զինված ուժերն են, որքան էլ` կոչեր ու հայտարարություններ լինեն։

«Կոնկրետ ես կարծում եմ, որ այսպես արագ ու հեշտությամբ, բանակցային մեթոդներով հարցը չի կարգավորվի։ Այդ երկիրը շարունակաբար տապալում է խաղաղության գործընթացը և հակված է պատերազմի շարունակությանը՝ արդեն ավելի բիրտ ուժ կիրառելով։ Չնայած պատերազմն ինքնին շարունակվում է մինչ օրս և դրանք ավելի շատ գործառնվում են տեղեկատվական ու հոգեբանական տիրույթներում. հիբրիդային պատերազմի միջոցով»։

Ադրբեջանի ամենօրյա ճնշումները Հայաստանի ու Արցախի վրա պետք է համարժեք պատասխան ստանան առաջինը հայակական կողմից։ Միջազգային հանրությունն էլ պետք է տեսնի հայերի պայքարը թշնամու դեմ, որպեսզի կարողանա համարժեք կերպով արձագանքել ու միջոցներ կիրառել։

Last modified on Չորեքշաբթի, 02 Օգոստոսի 2023 14:56
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ