Մայիսի 04, 2024

ԱՀ Ազգային ժողովը նոր նախագահ ունի

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 07, 2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ ԱԺ-ի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի օգոստոսի 7-ին գումարվել է արտահերթ նստաշրջան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի թափուր պաշտոնում ընտրության օրակարգով: Դավիթ Իշխանյանն ընտրվել է ԱԺ-ի նախագահ։ Սրբուհի Վանյանն է ներկա եղել ԱԺ-ի նիստին։

Այսօր ԱՀ ԱԺ-ի արտահերթ նստաշրջան էր հրավիրվել՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության օրակարգային հարցով։

Նիստը հրավիրվել է պատգամավորների առաջարկով, պայմանվորված ԱԺ-ի նախագահ Արթուր Թովմասյանի ներկայացրած հրաժարականի դիմումով։

Ազգային ժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն էր։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը։ ԱԺ-ի նիստին ներկա էր նաև Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նիստը վարող ԱԺ-ի փոխխոսնակ Գագիկ Բաղունցն իր և խորհրդարանի անունից շնորհակալություն հայտնեց Արթուր Թովմասյանին 25-ամյա խորհրդարանական գործունեության համար, որից 5-ը՝ ԱԺ-ի նախագահի պաշտոնում։

«Հարուստ խորհրդարանական կենսագրություն ունեցող պետական ու քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը անմնացորդ նվիրումով ժողովրդանպաստ նախաձեռնություններով զգալի ներդրում է ունեցել ԱՀ Աժ պատմության մեջ»։

Արտահերթ ելույթի իրավունքից օգտվելով, Նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց թե ինչու է առաջարկել ԱԺ-ի քաղաքական ուժերին՝ քննարկել Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։ Արայիկ Հարությունյանն այդ առնչությամբ իր հիմնավորումներն է ներկայացրել խորհրդարանականներին։

«Անկախ կուսակցական պատկանելությունից, Դավիթ Իշխանյանն այնպիսի ճանապարհ է անցել ու փորձառություն ունի, որը թույլ է տալիս և արժանի է ԱԺ նախագահի պաշնոնում նշանակվելու համար։ ՀՅԴ-ն համազգային մակարդակում ինստիտուցիոնալ ներուժ ունեցող մարմին է, հսկայական աշխատանք է կատարում Արցախի համար, սակայն ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունը պայմանավորված չէ իր կուսակցական պատկանելիությամբ»:

«Քաղաքական ուժերի կողմից առաջարկս ըմբռնումով է ընդունվել», ասել է Արայիկ Հարությունյանը, հույս հայտնելով, որ նրա ընտրվելու դեպքում խորհրդարանական բոլոր ուժերը կաշխատեն միաբան, կառուցողական՝ երկրի համար այս ծանրագույն ժամանակներում։ Նախագահը ևս, ԱԺ-ի արդեն նախկին խոսնակ Արթուր Թովմասյանին, երախտիքի խոսքեր է ասել, համոզմունք հայտնել, որ Արթուր Թովմասյանն իր փորձը և գիտելիքները հետագայում էլ կծառայեցնի ի նպաստ հայրենիքի։

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ղեկավար Արթուր Հարությունյանը ներկայացրել է Դավիթ Իշխանյանի կենսագրությունը, շեշտել նրա մարդկային, մասնագիտական որակները, քաղաքական փորձառությունը, որոնք հաշվի առնելով էլ խմբակցությունը հավանություն է տվել նրա թեկնածությանը։

Դավիթ Իշխանյանը ծրագրային ելույթի փոխարեն խոստացավ իր ներուժն օգտագործել, որպեսզի բարձրացվի ԱԺ-ի քաղաքական ու ներկայացուցչական դերը։

«Պաշտոնը պատասխանատու և պարտավորեցնող է, ժամանակն ու կացությունը՝ առավել ևս։ Իրավիճակը անսովոր է, և ընկալելի չի լինի, եթե հանդես գամ ծրագրային ելույթով։ Առօրյա խնդիրների լուծումը հրամայական է, բայց կարևոր է նկատի ունենալ, որ կարևորը նպատակն է ու տեսլականը։ Շնորհակալ եմ վստահութայն համար, խորը գիտակցումով ենք գնացել այս քայլին»։

Անվտանգային ներկա համակարգը պահանջում է նոր մոտեցումներ, ռեսուրսներ. բազմաթիվ լուծումներ այդ համակարգում կախված են հենց օրենսդիր մարմնից։ Խորհրդարանական դիվանագիտությունը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում կարևոր գործիք է, և անհրաժեշտ է ճկուն ու հմտորեն կիրառել այս գործիքը, ասաց ԱԺ-ի նախագահի թեկնածուն։ Այս ենթատեքստում կարևոր է աշխատանքը վերանայել և վերականգնել կապերը ՀՀ օրենսդիր մարմնի հետ, այդ ուղղությամբ քայլեր նա խոստանում է կատարել։

«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրսյանի ելույթից կարելի է ենթադրել՝ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը խորհրդարանական երկրորդ ուժի սրտով չէր․ բարձր գնահատելով Իշխանյանի մարդկային ու մասնագիտական որակները, Մարսել Պետրոսյանը, այնուամենայնիվ, այդ որոշումը համարում է ոչ նպատակահարմար, գտնելով, որ իշխող ուժն այդ քայլի դրական ու բացասական հետևանքները ճիշտ չի հաշվարկել։

«Ամեն դեպքում սա քաղաքական որոշում է, մեր խմբակցությունը բնականաբար համագործակցելու է ՝ եթե ընտրվի Դավիթ Իշխանյանը, բոլոր այն հարցերում, որոնք բխում են ժողովրդի շահերից»։ 

Դավիթ Իշխանյանի թեկնածությանը դրական արձագանքեցին «ԱԺԿ», «Արդարություն» խմբակցությունների ներկայցուցիչները։

Փակ գաղտնի քվերակությամբ Դավիթ Իշխանյանն ընտրվեց ԱԺ-ի նախագահ․ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը տվյալներն է հրապարակել։

«Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ՝ 22 դեմ՝ 9»։

Հանրապետության Ազգային ժողովի նորանշանակ ղեկավարը շնորհակալություն հայտնեց բարձր վստահության համար․ իրավիճակն Արցախում դուրս է ստանդարտներից, հաճախ պահանջվում են նաև ոչ ստանդարտ հանգուցալուծումներ։ Դրան կարելի է հասնել միայն միասնական աշխատանքով, մեկ նպատակի շուրջ՝ Արցախի հանրապետությանը ծառայելով՝ անկախ քաղաքական ճաշակից և պատկանելիությունից։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ