Ապրիլի 29, 2024

Արցախում ճգնաժամ է, իշխանափոխությունը ելք է թե՞ նոր մարտահրավեր․ ի՞նչ կասի ժամանակը

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 31, 2023

Արցախում վերջին օրերին հումանիտար ու անվտանգային իրավիճակը չափազանց լարված է։ Ենթադրվում էր, որ այս ամենը կհանգեցնի քաղաքական պայքարի ակտիվ փուլի կամ էլ՝ այս ամենը կատարվում է գործընթացները քաղաքական ակտիվ փուլ տեղափոխելու նախօրեին ու նպատակով։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի լուրը շրջանառվում է արդեն տևական ժամանակ, և այն մի քանի անգամ հերքվել է նախագահի աշխատակազմից։ Սակայն, նա այսօր հայտարարեց, որ վաղը կներկայացնի իր հրաժարականն Ազգային ժողովին և ժողովրդին։ Լսենք Սրբուհի Վանյանի ռեպորտաժը։

Նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պետնախարարի պաշտոնում նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ լայն լիազորություններով։ Եթե այս ամենը դիտարկենք Արցախի շուրջ և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, ինչպիսիք են, օրինակ, առաջիկայում նախատեսվող Պուտին-Էրդողան հանդիպումը, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցող գործընթացը՝ ադրբեջանական բեռի Արցախ մուտքը պարտադրելու համար, Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ ֆրանսիական հումանիտար օգնության առաքելությունն Արցախ, ապա` հնարավոր է կանխավարկածը, որ Արցախում ճակատագրական որոշումների պահը հասունանում է։ Ինչի՞ կբերեն քաղաքական վերադասավորումներն Արցախում, ի վերջո ճի՞շտ է Արայիկ Հարությունյանը, թե՞ սխալ, որ երկրի համար ճակատագրական այս պահին նման քայլի է դիմում։ Այս հարցում արցախցիների կարծիքը միանշանակ չէ։ Բայց անկախ նրանից, թե ներքին քաղաքական կյանքում ինչ փոփոխություններ են տեղի ունենում և ինչ պայքար՝ արցախցիները Ստեփանակերտ-Ակնա ճանապարհին տալիս են իրենց արժանապատվության կռիվը։

Արցախցիների կարծիքն այս հարցում, կարծես, թե միանշանակ է և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի կարծիքով, նման քայլով այսօր արցախցիներն են ուղերձ տվողը, թե ինչպիսին պիտի լինի հայը։

«Իրականում ամբողջ հայությանը ուղերձ հղողնա Արցախը, ոչ երբեք Հայաստանը, ոչ երբեք Երևանը, այլ Արցախն է աշխարհին ուղերձ հղում, թե ոչ միայն ով է հայը,այլ ինչպիսին նա պետք է լինի, որ նվաստացումը փոխարինի պայքարով։ Մենք այսքան կորուստ ենք կրել և այն անպայման պետք է իր արդյունքը տա»:

Իշխանափոխությունը փորձագետները համարում են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ այո, Փաշինյանը պետք է հեռանա, բայց Արցախի սուբյեկտայնությունը, ցավոք, արդեն կորցրել ենք ու դրա գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Բայց նրա հեռացումը կարող է փրկել Հայաստանի Հանրապետությունը, ասում է։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ գլոբալ փոփոխությւոնները Երևանում պիտի տեղի ունենան, բայց կայծն, այնուամենայնիվ, Արցախից է լինելու։

«Ամբողջական փոփոխությունը բնականաբար լինելու է Երևանից, բայց այդ պայքարի կայծը սկսվելու է Արցախից։ Այս պահին ամբողջ հայկականության կրողն Արցախն է»:

Այսօր` Արցախում սովի, բռնության, փափուկ և կոշտ ուժի միջոցով Ադրբեջանը ցեղասպանություն է կատարում, էթնիկ զտում։ Դրա պատասխանատուն կառավարությունն է, իշխանությունը՝ Հայաստանում և Արցախում, իրավիճակից ելքն էլ կառավարությունը պիտի առաջարկի, ասում է քաղաքագետ Ռոբերտ Հայրապետյանը, անհասկանալի համարելով Նիկոլ Փաշինյանի արդեն մի քանի անգամ հնչեցրած միտքը, թե տեղեկություններ ունի Քաշաթաղի միջանցքը միակողմանի բացելու և մարդկանց դուրս բերելու ծրագրի մասին։

«Բարձրագույն իշխանության կրողը կառավարության նիստին անում է հայտարարությւոն, որի հիմքում դնում է «իմ տեղեկություններով» արտահայտությունը, ինչը զավեշտ է առաջացնում։Ինչ վերաբերում է նրա այդ տեղեկատվությանը՝ Քաշաթաղի միջանցքի միակողմանի բացման մասին,ապա վստահ եմ, որ նրա տեղեկատվության աղբյուրը Ադրբեջանն է։ Իսկ նման ձևով ճանապարհը բացելը հաշվի է առնվում սովի, անվտանգության ու այլ հանգամանքեր, որ առկա են Արցախում։ Իհարկե, դա էթնիկ զտման ու ցեղասպանության միտված ուղիղ քայլ է, որը փորձում են քողարկել փափուկ ուժի տակ։ Այսինքն ոչ թե զինված հարձակման արդյունքում են փորձում այդ մարդկանց վտարել սեփական հողից, այլ փորձում են ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անելանելի են դարձնում այլևս այդ տարածքում ապրելը և ինքնակամ լքում են այն։Իսկ միջանցքը իբր բարի կամք են դրսևորում, թողնելով դուրս գանք»:

Այս մասին, բոլոր մակարդակներում` ինչպես հայաստանյան, այնպես էլ` արցախյան հանրային ու պետական ռեսուրսներով հայկական դիվանագիտությունը պիտի ներկայանա միջազգային բոլոր կառույցներոում, ասում է Ռոբերտ Հայրապետյանը, կառավարությունը գործուն քայլեր պիտի կատարի։

«Մեր աղաղակելը ուղղված պիտի լինի միջազգային կառույցներին, որ լսելի լինի մեր ձայնը և իրենց մանդատի շրջանակում գործողությւոններ կատարելը։ Միակ անձը, որ պիտի աղաղակի, չնչին գործողությւոն կատարի Ադրբեջանին հակադարձելու համար, կառավարության ղեկավարն է, որ չպետք է կառավարության նիստին կարդա թե Ադրբեջանը այս կամ այն խախտումն է թույլ տվել։ Ի վերջո, հենց կառավարության ղեկավարն է ստորագրել նոյեմբերի 9-ի թղթի տակ, պարտավորություն ստանձնել անշեղորեն հետևել այդ փաստաթղթի կետերին»:

Սուրեն Պետրոսյանը գտնում է, որ անցել են մեղավորներ փնտրելու ժամանակները․ Այն ինչ տեղի է ունենում կամ արդեն տեղի է ունեցել մեզ հետ, մեր մեղավորությամբ է, ասում է,

«Այն ինչ տեղի է ուենում կամ տեղի է ունեցել մեզ հետ, ոչ մեկ մեղավոր չէ, միայն մենք, իսկ եթե կոնկրետ հիմա, այս ժամանակհատվածի համար, բնականբար միակ պատասխանատուն իշխանությւոնն է։ Չկա նման իրականություն, թե իբր, ինչ էլ լիներ, դա պատահելու էր։ Դրա համար մենք այստեղ ևս բևեռացված ենք։Չի կարելի Արցախի նկատմամբ դիրքորոշումն ու վերաբերմունքը դիտարկել որպես Հայաստանի դիրքորոծում։ Սա ընդամենը իշխանության դիրքորոշումն է»:

Այն, որ այլևս անելանելի վիճակում ենք՝ կեղծ կատեգորիա է, ասում է Սուրեն Պետրոսյանը։ Արցախի հարցը փակված չէ։

«Առաջին իսկ փոփխությունների՝ ճիշտ փոփոխությւոնների դեպքում կտեսնեք, թե րոպեների ընթացքում ինչպես է փոփխությւոնները սկսում,ու այդ հավատը ինչպես է վերականգնում, ու ինչ հույսեր է բերում»:

Այդ փոփոխությունները կարող են բերել միայն նոր դերակատարները, համոզված է նա, հակառակ դեպքում` հասարակությունը նորից կընկղմվի «նախկին-ներկա» օրակարգի մեջ՝ պառակտելով առողջ ուժերը։ Իսկ այդ ուժերը կան, դրանք մոբիլիզացնել է պետք ու որքան էլ խորը ճգնաժամի մեջ ենք, այդ գործընթացը հասունանում է և ժամանակին ի հայտ է գալու։

Last modified on Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023 21:36
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ