Ապրիլի 29, 2024

Ֆրանսիական բեռների համար ևս փակ կմնա Քաշաթաղի միջանցքը

By Անի Աբաղյան Օգոստոսի 31, 2023

Կոռնիձորում շարունակում են անշարժ կանգնած մնալ Երևանից Արցախ ուղարկված մարդասիրական շարասյունը: Այդ շարասյանը երեկ միացան նաև ֆրանսիական մարզերի և քաղաքների ուղարկած մարդասիրական բեռները:
Ի՞նչ նպատակով է Ֆրանսիան այս պահին ներգրավվել այս հարցում, արդյոք այդ բեռների համար ևս փակ կմնա՞ ճանապարհը: Այս և այլ հարցերի պատասխաններն է փորձել պարզել Անի Աբաղյանը:

Ֆրանսիայից ուղարկված բեռն արդեն երկրորդ օրն է, ինչ Կոռնիձորում է․ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ բեռը մտնի Արցախ։

Պարզ էր, որ Ադրբեջանը ոչ մի կերպ թույլ չի տալու բեռների՝ Քաշաթաղի միջանցքով Արցախ բերելը։ Հնարավոր է, որ Ադրբեջանը Ֆրանսիային առաջարկի հումանիտար բեռն Ակնայով Արցախ բերել, սակայն Ֆրանսիան չի ընդունելու այն՝ ասում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։

«Պետք է նայենք զուգահեռ գործողություններին՝ ինչ է կատարվում Եվրոպայում։ Եվրոպական միության արտգործնախարարները պայմանավորվել են արդեն, որ մոտակա հանդիպման ժամանակ քննարկելու են Արցախում ստեղծված իրավիճակի ու Քաշաթաղի միջանցքը բացելու խնդիրները։ Սա ինչ է ասում, որ Ֆրանսիան իր գործողությունները համաձայնեցրել է եվրոպական մի շարք երկրների հետ, ինչը երևում է։ Հղում անենք ՄԱԿ ԱԽ նիստում ԵՄ ներկայացուցչի խոսքի մեջ դա երևում էր։ Կա ևս մի բան, որ Ֆրանսիան(դրա մասին խոսում է նաև արևմտյան մամուլը) ինքնուրույն պատրաստվում է ռեզոլյուցիա առաջարկել ՄԱԿ ԱԽ-ին»։

Այս ամենը կարելի է դիտարկել որպես միասնական գործողություն՝ ցույց տալու համար, որ Քաշաթաղի միջանցքը փակ է և Ադրբեջանը թույլ չի տալիս անգամ հումանիտար բեռների մուտքն Արցախ։

«Կարծում եմ, որ Ֆրանսիայի ձևակերպումներն ու հռետորաբանությոնը ավելի խիստ է լինելու, քան Հայաստանի ձևակերպումները։ Սա մի միասնական ծրագիր է, որը իրականացման փուլում է»։

Ակնայի ճանապարհը բացելու և հումանիտար բեռ բերելու առաջարկը եղել է նաև Ռուսաստանի Դաշնությանը, որին Մոսկվան դեմ չէ։ Այդ դիրքորոշումը պարզ է դարձել ՄԱԿ ԱԽ-ի վերջին նիստում ՌԴ ներկայացուցչի ելույթից՝ հիշեցնում է Հովհաննիսյանը։

«Խոսքը այն մասին է, որ պետք է սկզբից բացվեր Ակնայի ճանապարհը, հետո Ալիևի «ազնիվ» խոսքով, բացվեր Բերձերը»։

Ֆրանսիան առաջարկում է Քաշաթաղի միջանցքը բացել ու Ակնայի ճանապարհը լրացուցիչ օգտագործման դնել, իսկ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը: Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն է մանրամասնում.

«Դա Լավրովի երկրորդ պլանն է, ինչը փաստացի նշանակում է Արցախի վերաինտեգրում, այսինքն Արցախի հայաթափում։ Մեծ է հավանականությունը, որ ՌԴ այս պահից ևեթ սկսելու է ռուսաֆիկացնել և խնդիրները փորձել լուծել Ադրբեջանի հետ առանց հաշվի առնելու Արցախի, առավել ևս Հայաստանի մոտեցումները»։

Դրան զուգահեռ` ադրբեջանական մամուլում հիմա շրջանառվում են տեղեկություններ, թե Ակնայի ճանապարհը բացվելու է և գործի ադրբեջանական օրենքների համաձայն, իսկ Քաշաթաղի միջանցքը, որ միակ ճանաչված ուղին է` Արցախն արտաքին աշխարհին կապող, շարունակելու է գործել նույն կերպ։ Սակայն Ֆրանսիան ու եվրոպական երկրները դեմ են Ադրբեջանի այս դիրքորոշմանը և Ակնայի ճանապարհը դիտարկում են միայն որպես հավելյալ ճանապարհ` ի լրումն Քաշաթաղի միջանցքի։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ