Մայիսի 06, 2024

«Գազամատակարարման վերականգնման շուրջ ադրբեջանական կողմի հետ որևէ քննարկում չի եղել». Գուրգեն Ներսիսյան

By Անի Աբաղյան Հուլիսի 11, 2023

Ադրբեջանը հուլիսի 9-ին կրկին խափանել է Արցախում մի քանի ժամով վերականգնված գազամատակարարումը: Հայաստանի Հանրապետության տարածքից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է հուլիսի 8-ի երեկոյան, սակայն կրկին արգելափակվել է մի քանի ժամ անց` հուլիսի 9-ի կեսօրին, հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Արցախ» լրատվականը` տեղի ունեցածի վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրավոր կերպով պատասխանել է «Արցախ» լրատվականի հարցերին:

Ստորև ներկայացված է պետնախարարի հետ հարցուպատասխանը.

— ՀՀ-ից Արցախ գազամատակարարումը երկար դադարից հետո վերականգնվեց, սակայն շատ չանցած կրկին անջատվեց, մասնագետներն ինչպե՞ս արձագանքեցին դրան:

— Դեկտեմբերի 12-ից սկսած, երբ Ադրբեջանը Արցախը վերցրել էր շրջափակման մեջ, մի քանի անգամ անջատել ու միացրել էր գազամատակարարումը: Մինչ այդ ադրբեջանցիները պայթեցրել էին գազի խողովակը և դրա վրա փական դրել, մենք գիտենք նաև փականի տեղը, սակայն ադրբեջանական կողմը արգելում է մեր մասնագետների մուտքը տվյալ հատված: 08.07.2023թ. Արցախգազ ՓԲ ընկերության մասնագետները գազատարում ճնշում են արձանագրել, ինչը վկայել է այն մասին, որ Շուշիի մոտակայքում տեղադրված փականը բաց է: Սակայն որոշ ժամանակ անց սկսվել է արձանագրվել գազատարում ճնշման անկում, ինչը արդեն վկայում էր, որ փականը կրկին փակվել է:

— Նախկինում տեղեկություն էր տարածվել, որ Բերձորով անցնող խողովակը դիտավորյալ վնասվել է, արդյոք այս անգամ գազն այդ խողովակով է մատակարարվել:


— Հայաստանից Արցախ գազի մատակարարման այլ գազատար չկա, գազատար խողովակը վնասվել էր դրա վրա փական դնելու համար, որից հետո ադրբեջանական կողմը ստացել է ցանկացած պահի գազն անջատելու կամ միացնելու հնարավորություն:

— Կա՞ն տեղեկություններ, թե ինչու է վերականգնվել գազամատակարարումը:

— Գազամատակարարման վերականգնման շուրջ ադրբեջանական կողմի հետ որևէ քննարկում չի եղել, կարծում ենք, որ նման հարց չէր բարձրացվել նաև միջազգային միջնորդների կողմից, այլապես այդ մասին գոնե հայտարարություն կարվեր:

— Արդյոք հայկական կողմի կամ ՌԽԶ-ի հետ պայմանավորվածությունների արդյունքու՞մ է վերականգնվել գազամատակարարումը:


— Ինչպես նշեցի, որևէ պայմանավորվածություն կամ քննարկում չի եղել, գազամատակարարումը տևել է ընդամենը մի քանի ժամ և ինչպես տարօրինակ ձևով փականը բացվել, նույնկերպ էլ փակվել է:

— Ի՞նչ վտանգներ է պարունակում գազամատակարարումը նման կերպով միացնել-աջատելը:

— Երբ տևական ժամանակ գազ չի լինում, էականորեն նվազում է գազասպառման ոլորտում անվտանգության մակարդակը, գազասպառման սարքերում որոշ դետալներ չորանում են, առաջանում է գազի արտահոսքի վտանգ, այդ պատճառով, երբ նույնիսկ գազամատակարարումը վերականգնվել էր, Արցախգազ ընկերությունը հրաժարվել էր այն բնակչությանը մատակարարելուց, քանի որ անհրաժեշտ էր կատարել անվտանգային հավելյալ միջոցառումներ, սակայն գազամատակարարումը դժբախտաբար ընդամենը ժամեր անց դադարեցվեց ու այդպես էլ հնարավոր չեղավ բնակչությանը գազ մատակարարել:

Last modified on Երեքշաբթի, 11 Հուլիսի 2023 08:59
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ