Ապրիլի 28, 2024

Կայացել է Ուշու քունգ ֆու-ի հանրապետական առաջնություն

By Մարգարիտա Ղուշունց Փետրվարի 19, 2022

Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել «Ուշու Սանդա» և «Ուշու Թաուլու» մարզաձևերի   մանկապատանեկան և երիտասարդական   հանրապետական առաջնությունը, որին մասնակցում էր շուրջ 200 մարզիկ Ստեփանակերտից և շրջաններից։ Նման առաջնությունները կարևոր են  հատկապես այս շրջանում, երբ համավարակի պատճառով մարզական միջոցառումների անցակացումը ուղեկցվում է սահմանափակումներով կամ ընդհանրապես տեղի չի ունենում՝ ասում է Ֆեդերացիայի նախագահ Դավիթ Գրիգորյանը։ Մինչև 2020 թվականն Արցախում տարին 4-5 խոշոր մրցաշար  էր կազմակերպվում, հիմա պատկերն այլ է․

 «Վերջին առաջնությունը 8 ամիս առաջ է եղել, որը բավարար չէ մարզիկին խոշոր մրցաշարերում հաջողության հասնելու համար։ Այդ է պատճառը, որ պետք է հաճախակի անցկացվեն նման միջոցառումներ»։ 

Մրցաշարերի նպատակը այս իրավիճակում մարզիկների հմտությունների կատարելագործումն է, ասում է ֆեդերացիայի նախագահը։ Բոլոր մարզիկները մեծ ոգևորությամբ են մասնակցում։

«Բավականին ակտիվ և լավ մասնակցություն ունեն Մարտունու շրջանի թիմերը։ Կարծում եմ՝ այն կապված է պատասխանատվության հետ, քանի որ նրանց մարզիչը Ստեփանակերտից ամեն անգամ  գնում է շրջան՝ պարապմունքներն անցկացնելու համար։ Երևի երեխանները սրանով իրենց շնորհակալությունն են հայտնում մարզչին»։

 Մարտունեցի 11-ամյա Էդո Արտաշյանը  երկու տարի է, ինչ զբաղվում է ուշուով և արդեն հասցրել է մրցաշարերում տեղեր գրավել։ 

«Ունեմ առաջին, երկրորդ, երրորդ տեղեր։ Ուզում եմ ամբողջ աշխարհում բարձր պահել Արցախի դրոշը»։

Մարտունու շրջանում մարզաձևի  խմբակը գործում էր  Գիշիում  2016-ից։   2020 թվականի պատերազմից հետո  որոշվեց խմբակ բացել նաև Մարտունի քաղաքում։  Համապատասխան մարզադահլիճները կան, նաև գույքով ու անհրաժեշտ բոլոր պարագաններով են ապահովված։ Թիմի մարզիչ Համլետ Քոչարյանն ասում է՝ մրցաշարերին սաների ակտիվ մասնակցությունն ու ելույթները խոստումնալից են։   

 «Առաջնություններում պատվավոր տեղեր գրաված մարզիկներ կան, որոնք նաև մասնակցել են Հայաստանում, Վրաստանում և  Ռուսաստանում կայացած մրցարշավներին»։

 Առաջնությանը մասնակցում էին նաև չինական գիմնաստիկայի հիման վրա ստեղծված   «Ուշու թաուլու» խմբի շուրջ 23 մարզիկ։ Գլխավոր մարզիչ Նանար Սարգսյանի խոսքով՝ մարզաձևի զարգացումն Արցախում հեռանկար ունի։  Խմբի   հաղթանակների և ակնկալիքների մասին է պատմում․

«2016-ից արդեն ունենք բազմաթիվ չեմպիոններ Արցախում, Հայաստանում։ Մարզիկներից շատերն արդեն պատրաստ են ելույթ ունենալ մեծ արենաներում և հույս ունենք, որ կվերադառնան մեդալներով»։

 Այսօրվա առաջնությանը տեղի է ունեցել 80 մենամարտ, որոնց հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու մարտի 4-6 –ը Հայաստանում անցկացվելիք մանակապատանեկան և երտասարդական առաջնությանը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ