Print this page

Պետպատվերով սովորել, թե՞ առիթից օգտվել

By Անի Աբաղյան Ապրիլի 08, 2022

Արցախում կան մասնագիտություններ, որոնք իրենց  հաստատուն  տեղն ունեն դիմորդների նախասիրությունների շարքում արդեն երկար տարիներ։   Իրավաբանություն, մանկավարժություն, տնտեսագիտություն ու ֆինանսաներ։ Մյուս բաժիններում  թափուր տեղեր լինեն-չլինեն՝ այստեղ  մշտապես թեժ մրցակցություն է։ Տարեկան թողարկվող մասնագետների թիվը այս բաժիններում 20-ից պակաս չի լինում, բայց չնայած դրան    չեն պակասում  մանկավարժների կարիք ունեցող  դպրոցներն  ու լավ իրավաբանի, տնտեսագետի ու ֆինանսիստի կարիք ունեցող հիմնարկները։  Ստացվում է այնպես, որ կրթություն ստացողները շատ են, որակյալ մասնագետները՝ քիչ։   Կրթվողնե՞րն են ծուլանում, թե՞ կրթողներն են թուլանում։ Վերջին տարիներին զգալիորեն ավելացել է նաև ժամանակակիրց մասնագիտությունների պահանջարկը։  Հիմա երիտասարդները դարին ու ժամանակին բնորոշ մասնագիտություններ են նախընտրում, որոնց ուսման տարեկան վարձավճարը   բարձր է   ԱԺ պատգամավորի աշխատավարձից էլ։ Կրթությունը հասանելի դարձնելու  լավագույն գործիքը, որ մտածել են  ոլորտի մասնագետները, «պետպատվերով կրթություն» ասվածն է։ Իսկ ի՞նչ ասել է պետպատվերով սովորել՝ պարզաբանում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը։ 

«Պահանջված մասնագիտությունների ցանկը Արցախի գերատեսչությունները ներկայացնում են ԿԳՄՍ նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջեով ընդունվում են Արցախի քաղաքացիները, որոնց հետ հետագայում պայմանագիր է կնքվում»։

 Մասնագետ-պատվիրատու փոխհարաբերություններում հաճախ խնդիրներ են առաջանում։ Հասմիկ Մինասյանի խոսքով, պատահում է, որ մասնագետը կրթությունը ստանում-վերադառնում է, իսկ տեղում տվյալ մասնագիտության պահանջարկն այլևս չի լինում։ Կամ մասնագետը հրաժարվում է  աշխատել այն վայրերում, որոնք առաջարկվում են։  Ի՞նչ մասնագիտություններ կարելի  է ձեռք բերել՝   պետպատվերով ուսման միջոցով։ Սահմանափակվա՞ծ է, արդյոք, դիմորդի ընտրությունը և  ինչպե՞ս է ձևավորվում առաջարկը։ 

 «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից մենք ըստ գերատեսչության պահանջարկի և մեր դիմորդների դիմումների կառավարության  հաստատմանն ենք ներկայացրել 5 անվճար տեղ դիզայն, ջերմագազամատակարարում և օդափոխություն, ջրամատակարարում և ջրահեռացման համակարգերի նախագծերի, շենքերի նախագծերի, նաև հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ մասնագիտությունների համար, բայց այստեղ ընդունվել է միայն մեկ դիմորդ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ունեցել ենք 2 անվճար տեղ, որտեղ ոչ մեկ չի ընդունվել։ Երևանի պետական համալսարանում մենք տարբեր մասնագիտություններում 13 անվճար տեղ ենք հատկացրել, բայց ընդունվել են 17 դիմորդ։ Թուրքագիտությունը ունեցել են 1 անվճար տեղ, մրցույթով անցել են 2 դիմորդ, թարգմանչական գործ և միջազգային հարաբերություններ մասնագիտություններ ընդունվել է 2-ական դիմորդ»։

 Այս ցուցանիշներից կարելի է եզրակացնել, որ դիմորդները նախապատվությունը տալիս են Երևանի պետական համալսարանին։ 4 տարի անվճար սովորած ուսանողները հնարավորություն են ունենում նաև անվճար շարունակել ուսումը    մագիստրատուրայում։  Հասմիկ Մինասյանը գերատեսչություններից առանձնացնում է առողջապահության նախարարությանը՝ նշելով, որ կառույցը հետևողականորեն սպասում է ներկայացրած մասնագետի վերադարձին։ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը  մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ 2021 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան են ընդունվել 31 հոգի։  Բայց  կան նաև մասնագետներ, որոնք պայմանագրի կետերը խախտել են։ 

«Նախորդ տարիներին պայմանագրի պահանջները չկատարած մասնագետների վերաբերյալ հայցադիմում է ներկայացվել դատարան՝  նախատեսված պարտավորությունները կատարելու պահանջով»։  

Սա այն դեպքում, երբ մասնագետը  չի վերադառնում և չի կատարում իր պարտավորությունը։ Իսկ երբ վերադառնում է, բայց պետությունը չի կատարում իր պարտականությունն ու աշխատանքով    չի ապահովում մասնագետին, Ինչ է նախատեեսված այդ դեպքում։ Մանրամասնում է իրավաբան Դավիթ Հովհաննիսյանը։ 

«Եթե պայմանագրում նշված է վնասների փոխհատուցում պետության կողմից, ապա պետությունը հատուցում է այն։ Եթե որևէ պարտավորություն նշված չէ, ստացվում է, որ պետությունը պարզապես քաղաքացուն անվճար կրթվելու հնարավորություն է տվել, այսինքն՝ պետության համար որևէ հետևանք չի առաջանում։ Այստեղ ամեն ինչ կախված է կնքված պայմանագրի կետերից, որը ենթակա է փոփոխման՝ փոխադարձ համաձայնությամբ»։ 

Արցախի քաղաքացիները ՀՀ-ում պետպատվերով սովորում են արդեն երկար  տարիներ։  Բայց  ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ չունի այն մասին, թե որքան է կազմում պետպատվերով կրթություն ստացած մասնագետների, աշխատանքով ապահովվածների և պայմանագրի կետերը խախտողների թիվը։ 

«Տվյալների պակասի հարց կա։ Չկա համալրված բազա մեր բոլոր՝ ոչ միայն ՀՀ-ում, այլև  ԱՀ-ում սովորող ուսանողների հետագա գործունեության մասին։ Դիմորդներ են եղել, որ դուրս են մնացել, եղել են՝ մասնագիտությունն են փոխել և այլն»։ 

Ամենամյա այս գործընթացը, որ պիտի ծառայի թափուր աշխատատեղերի որակլյալ  մասնագետներով  լրացմանը, պարզվում է  չի հաջողում։ Մասնագետը կրթվում է պետության հաշվին, բայց չի վերադառնում և ծառայում է ուրիշ երկրի կամ  մասնագետը  վերադառնում է, իսկ   մասնագիտությունն այլևս  պահանջված չէ։ Ստացվում է, որ «Պետվատվերով կրթություն» գործիքը, որ հավանաբար ստեղծվել է լավագույն նկատառումներով, հաճախ  օգտագործվում է՝ պետության հաշվին սովորելու համար միայն։   

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 08 Ապրիլի 2022 14:17

Related items