Շրջափակումը մեծ վնաս է հասցրել նաև փոքր բիզնես ունեցողներին։ «Mishunti toys»-ը դրանց շարքում է։ Երիտասարդ մայրիկ Քրիստինա Փարամազյանը ձեռագործ փափուկ տիկնիկներ է պատրաստում, ժամերով չարչարվում՝ երեխաների դեմքին ժպիտ նկարելու համար։ Այդ տիկնիկներից շատերը երեխաների առօրյա ընկերներն են դարձել, որոնց հետ խաղում են, ուտում, քնում։
Արցախում երեխաների համար փափուկ տիկնիկներ ու տաք ծածկոցներ այսօր գտնելն այդքան էլ հեշտ չէ, մանկական խանութները կիսադատարկ են, անգամ հագուստ գտնելն է դժվար։ Նորաթուխ մայրիկների հոգսը թեթևացնելու համար` Քրիստինա Փարամազյանը որոշել է մի կերպ գտնել թելեր ու ձեռագործ պատրաստել դրանցից։
«Անգամ երբ ես հոգնում եմ այս գործից, ասում եմ՝ եթե ես այս խաղալիքը, պատվերը անեմ, վերջացնեմ, ես դրանով կարող եմ ինչ-որ մեկի բալիկի դեմքին ծիծաղ նկարել»։
Այդ ժպիտն իր փոքրիկի դեմքին է նկարել առաջին անգամ` 44-օրյա պատերազմից հետո։ Տան եղած թելերով ու հելունով փորձել է փափուկ արջուկ գործել, բայց, ինչպես զրուցակիցս է ասում, սկզբից չէր ստացվում։
«Ինտերնետով նայում էի, թե ինչպես են սկսում խաղալիք գործել ու սկզբից ինձ մոտ չէր ստացվում։ Բայց անընդհատ ոնց որ մեկն իմ գլխում ասում էր՝ էդ թելով չի ստացվում, գնա խանութից այլ թել գնիր՝ խաղալիքի համար։ Գնացի նոր թելեր գնեցի, եկա տուն ու սկսեցի գործել։ Մի ուրիշ օր էլ վեր եմ կենում, գնում եմ հելուն գնում ու սկսում գործել։ Իմ առաջին նվերը փոքրիկիս եմ նվիրել։ Մինչև դա` ինքն անգամ փափուկ խաղալիքներով չէր խաղում»։
Տղայի էմոցիաները մայրիկին շատ ոգևորեցին ու փափուկ արջուկներ, տիկնիկներ գործելոց բացի փորձեց նաև ծածկոցներ գործել։
«Ես գործում եմ տիկնիկներ, տարբեր տեսակի խաղալիքներ։ Տեղյակ եմ, որ հիմա համարյա տաքուկ ծածկոցներ չկան, դրա համար սկսել եմ նաև այդ գործել, որ մեր նորածինները, փոքրիները չունենան դրա խնդիրը»։
Շրջափակման պատճառով` զրուցակիցս համապատասխան թելեր չի գտնում, որ կարողանա շատ պատվերներ ընդունել, բայց հնարավության սահմանում փորձում է հասնել։ «Mishunti toys»-ը պետք է զարգացած բիզնես դառնա՝ ասում է։
Քրիստինայի հարազատ եղբայրն ու հորաքրոջ տղան զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եղբայրներս ինձ կոտրված տեսնել չէին ուզի, դրա համար ես փորձում եմ ժպտալ ու ժպտալու առիթներ նվիրել շրջապատիս։