Արցախի հանրային ռադիոն իր գործունեությունը սկսել է անցյալ դարի 20-ական թվականներին: Նախկին ԼՂԻՄ պաշտոնական տեղեկագրերում ռադիոյի մասին առաջին հիշատակումը 1927 թվականին է, սակայն կան ռադիոյի ավելի վաղ գործունեության մասին տվյալներ:
Սկզբնական շրջանում հաղորդումների եթերները հեռարձակվում էին ռադիոհանգույցից, հետո կոմիտեի շենքից, որը հայտնի է «Розовый дом» անվամբ: Եթերը հեռարձակվում էր ռադիոհանգույցով՝ ուլտրակարճ ալիքով:
Գրեթե 100-ամյա հոբելյանին ձեռք մեկնած ռադիոյի տարեգրության մեջ փոխվել են ազդականչերը, մուտքի հայտագրերը, եթերաժամերը, գործելակերպն ու ոճը, սակայն անփոփոխ է մնացել առաջ տանող ուժը, որը հին ու նոր աշխատակիցների սիրո վկայությունն է՝ իբրև նվիրում:
1992թ. Շուշիից մայրաքաղաքի հրթիռակոծության հետևանքով ռադիոյի շենքն ավերվեց, տասնամյակներով կուտակված արխիվը ոչնչացավ: Կորավ ոչ միայն ռադիոյի Ոսկե ֆոնդը, այլև ամբողջ տեղեկատվությունը ռադիոյի ստեղծման պատմության, նրա ակունքներում կանգնած անհատների մասին: Մենք փորձել ենք վերականգնել մեր լրատվամիջոցի պատմությունը՝ զրուցելով մեր ավագ գործընկերների հետ: Այն, ինչ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը, նրանց հուշերի փշրանքներից ենք հավաքել:
Եվ այսպես...
1952թ. ռադիոյի գլխավոր խմբագիրը Զավեն Դավիդյանն էր։ 1967թ․ հիմնարկը կոչվեց ռադիոկոմիտե: Առաջին նախագահ նշանակվեց գլխավոր խմբագիր Զավեն Դավիդյանը։ Ռադիոյի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցրեց Փառոն Շահրամանյանը։
Ռադիոկոմիտեի՝ տարբեր տարիների նախագահներ են նշանակվել Հայկ Կարապետովիչը, Եղիշե Սարգսյանը, Աբգար Դանիելյանը, Գրիգորի Սողոմոնյանը:
1970-ական թվականներին ռադիոյի խմբագրակազմը գեղեցիկ աստղաբույլ էր հիշեցնում: Անվանի մտավորականներից կազմված ստեղծագործական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ գիտեր, որ իր արած գործը սոսկ ռադիոեթեր չէ, այլ ազգային ինքնության պահպանման, օտարին կուլ չգնալու պատգամ: Իր բաժին պայքարն էր մղում մարզային ռադիոն՝ մաքուր հայերենով, հայ երգով ու երաժշտությամբ վառ պահելով այն ոգին, որը պիտի պոռթկար 88-ին:
1970-ականներին եթերը կազմված էր 2,5 ժամից՝ 14:00-15:00-ը , և 18:30-20:00-ը՝ ընդհանուր՝ 20 րոպե լրատվությամբ: Այդ տարիներին ռադիոյի Լրատվական թողարկման մեկնաբաններն էին Նորա Զաքիյանը, Էդիկ Մրկրտչյանը, թողարկման խմբագիրը՝ Լյուդմիլա Ազատյանը: Հասարակական բաժնի խմբագիրն էր Արմո Ուլուբաբյանը։
1958-1986 թվականներին ռադիոյում նախ որպես թղթակից, ապա՝ գլխավոր խմբագիր, աշխատում էր Արցախի վաստակավոր լրագրող, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի դափնեկիր Մաքսիմ Հովհաննիսյանը։
Շքանշանի ևս մեկ դափնեկիր՝ հայ բանաստեղծ, արձակագիր Վազգեն Օվյանը 1961-1976թթ․ աշխատել է ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում որպես թղթակից, ապա՝գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիր։
Ռադիոյի պատմության ամենասիրված ու պահանջված հաղորդումը՝ «Մախաթյան և Լեղունց» երգիծական հանդեսը, սկսել է հեռարձակվել հենց այդ տարիներին: Մախաթի դերը կատարում էր դերասան Մամիկոն Միքայելյանը, իսկ Լեղունցինը՝ Սուրեն Համզոյանը, հետագայում ավելացավ նաև նոր հերոս՝ տիկին Խայթունին: Հաղորդումը հնչում էր յուրաքանչյուր ամսվա 20-ին։
Երկուսուկես տասնամյակի ընթացքում Վազգեն Օվյանի ջանքերով ռադիոյում ստեղծվել է հայկական երաժշտական ու գրական հաղորդումների ֆոնդ, որը, ինչպես արդեն նշեցինք, հրկիզվել է Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ։
Երիտասարդական հաղորդաշարերի հեղինակը Մարսել Պետրոսյանն էր։ Նա ռադիո էր եկել 1967թ։ Սկզբնական շրջանում աշխատում էր որպես մարզային ռադիոյի խմբագրության օպերատոր, այնուհետև՝ թղթակից, իսկ 1971թ. մայիսից՝ խմբագիր:
1988թ. Ռադիոյին միացավ հեռուստատեսությունը: Կառույցի հիմնադիրը Գրիգորի Սողոմոնյանն էր:
1988թ․փետրվարի 8-ին Արցախի հանրային ռադիոյում ստեղծվեց ռուսական բաժին՝ 10 րոպեանոց լրատվական թողարկմամբ: Առաջին ավագ խմբագիրն էր Բորիս Գևորգյանը, լրագրողը՝ Կարինե Մուսայելյանը, իսկ հաղորդավարը՝ Նատալիա Բռկինան:
Անկախության հռչակումից հետո ռադիոյի գլխավոր խմբագրի պաշտոնը տարբեր տարիների ստանձնել են Սերգեյ Գրիգորյանը, Նվարդ Ավագյանը, Մարսել Պետրոսյանը, Սեյրան Կարապետյանը։
2008թ․ գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնեց Նվարդ Ալեքսանյանը․ նա Հանրային ռադիոյում աշխատում էր 1993թ․-ից։ 2017թ․ նրան փոխարինեց հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին խմբագիր, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին անդամ Արայիկ Վանյանը։
2016թ. Լրատվական բաժնի ղեկավար նշանակվեց գրող, լրագրող Միքայել Հաջյանը:
2020թ. օգոստոսին ռադիոյի տնօրեն նշանակվեց Անի Մինասյանը:
Նույն թվականի սեպտեմբերի 1-ից ռադիոն անցավ 24-ժամյա եթերի: Լրատվական թողարկումը վերանվանվեց «Արցախ» լրատվականի և սկսեց հեռարձակվել առավոտյան ժամը 8:30-ից մինչև 18:00՝ ամեն ժամագլխի: Հիմնական թողարկումը եթերում է ժամը 18:00-ին՝ 30 րոպե տևողությամբ: Ժամը 17:00-ին հեռարձակվում է լրատվականի ռուսերեն թողարկումը: Նոր եթերաշրջանը, որի մեկնարկը նախատեսվում էր 2020թ. հոկտեմբերի 1-ից, հեռարձակվեց 2021թ․ փետրվարի 1-ից:
2021թ․ հունվարին ռադիոյի տնօրեն նշանակվեց Տաթև Խաչատրյանը։
***
Հանրային ռադիոն Արցախյան շարժման ու պատերազմի տարիներին
Արցախյան շարժման ու ազատամարտի տարիներին ռադիոն էլ իր պայքարն էր մղում։ Ադրբեջանը Շուշի քաղաքում կազմակերպել էր ստուդիա և փորձում էր նրա միջոցով խանգարել հեռուստառադիոընկերության գործունեությանը, փակում էին հաղորդումները, խլացնում ալիքը: Հաղորդիչ կայանը չէր ուզում ընդունել ներկայացվող ծրագիրը, կոլեկտիվի աշխատողները մնացել էին անգործ:
Ռադիոն զավթվեց Վլադիմիր Պոլյանիչկոյի խմբի կողմից: Սահմանվեց խիստ գրաքննություն: Բաքվից հրավիրվեցին լրագրողներ, որոնք սկսեցին հաղորդումներ պատրաստել Պոլյանիչկոյի ցանկությամբ: Ռադիոունկնդիրը վատ արձագանքեց նման զարգացումներին ու դադարեց լսել հաղորդումները։ Ռադիոյի ամբողջ շենքը շրջապատված էր զինվորներով, բայց ռադիոյի աշխատողները չհանձնվեցին. կազմակերպվեց «ընդհատակյա ռադիո», որը աշխատում էր գաղտնի կերպով:
Այդ շրջանում ռադիոյի Լրատվական բաժնի գլխավոր խմբագիրներ եղել են Էդուարդ Մկրտչյանը, Վիլեն Բախշիյանը, Սերգեյ Գրիգորյանը, լրագրողներ՝ Կիմ Գաբրիելյանը, Գարիկ Օհանջանյանը: Լրատվական թողարկումը եթեր էր հեռարձակվում օրական 2 անգամ ՝ ժամը 14:00-ին և 17:00-ին։
1988-90թթ. ռադիոյում մանկավարժական հաղորդում էր պատրաստում Վարդուհի Չիթյանը, հասարակական՝ Կարեն Մելեքսեթյանը, գրական- երաժշտական՝ Վազգեն Օվյանը, մանկապատանեկան՝ Գուրգեն Գաբրիելյանը, Մարսել Պետրոսյանը, Մելորա Բաղդասարյանը, «Միլիոնների երաժշտական համալսարան»-ը՝ Սերգեյ Մարկոսյանը, Լյուդմիլա Ազատյանը, գրական-գեղարվեստական՝ Հրանտ Ալեքսանյանը, Բագրատ Մկրտումյանը, «9-րդ ալիք»-ը՝ Գարիկ Գրիգորյանը, Գարիկ Խաչատրյանը /94 թ./, մշակութային՝ Վարդգես Բաղրյանը /88թ./, «Շինհարթակ» հաղորդումը՝ Գարիկ Գրիգորյանը:
Արցախի հանրային ռադիոն 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ
Լրատվականի 8 հոգանոց թիմը աշխատում էր առավոտյան 8:00-ից մինչև 22:00՝ ամեն ժամագլխի ապահովելով թարմ լրատվություն: Հայաստանի հանրային ռադիոյի, Լրատվական ռադիոյի և «Արցախկապ» ընկերության հետ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ ապահովել ռադիոյի անխափան եթերը՝ 44 օր շարունակ: Ռադիոյի եթերը կանգ է առել միայն նոյեմբերի 8-ին, մայրաքաղաքի տարհանման օրը:
****
Վաստակաշատ լրատվամիջոցին վայել՝ ռադիոն յուրօրինակ ստեղծագործական դպրոց դարձավ լրագրողների համար:
Ժողովուրդների կյանքում լինում են պահեր, երբ հասարակությունը և լրատվամիջոցներն այնքան են մերձենում իրար, որ գրեթե նույնանում են: Այսպես լինում է երևի ազգի համար վճռական ժամանակներում, վկան՝ արցախյան պայքարի տարիներին ու 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ռադիոյի գործունեությունը:
Չնայած ունեցած դժվարություններին՝ Արցախի հանրային ռադիոն այսօր էլ շարունակում է ունկնդիրների հետ ամենօրյա կապը, հանդիպումը, զրույցը: Շարունակվում է ռադիոյի տարեգրության մեջ արմատավորված լրագրության մնայուն պատվիրանների կատարումը, որ աշխատանքը դառնա ավելի օպերատիվ, լսելի, նպատակային, արդյունավետ:
Արցախի ռադիոն ստեղծվել է ժողովրդին ծառայելու ազնիվ ու վեհ առաքելությամբ և գալիքում էլ նախատեսում է շարունակել հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի վրա ունեցած ազդեցությամբ՝ մեր երկրի կայացման գործում իր կարևոր դերակատարությունը:
Ռադիոյի նոր անձնակազմը, ժառանգելով տասնամյակների ավանդույթները, փորձում է լինել ժամանակակից լրատվամիջոց։
Արցախի հանրային ռադիոյի ամենօրա ողջյունն այսօր հնչում է առավել ազդեցիկ ու պարտավորեցնող․
«Ստեփանակերտն է խոսում…»