Նոյեմբերի 24, 2024

Նոր Ղազանչիի երեխաներին բակից տուն են տանում թշնամու կրակոցները

By Անի Աբաղյան Հուլիսի 18, 2023

Մարտակերտի շրջանի սահմանամերձ Նոր Ղազանչի գյուղում մեքենաների շարժն ամիսներ շարունակ դադարել է, խանութներում ապրանք չկա, բայց բնակիչների ներքնահարկերում դեռ պահուստային ուտելիք կա․ թշնամուն լավ ճանաչելով՝ նախօրոք ուտելիք են պահեստավորել, ոռոգել հողամասերը։ Նոր Ղազանչիում՝ ծառի շվաքում՝ նստարանին նստած հարևանների զրույցին միացել է նաև Անի Աբաղյանը։

Ստելա տատիկը փոքրիկ Ստելային գրկած, հարևան կանանց հետ դարպասի դիմաց զրուցում է, շրջվում երեխայի հետ խաղում ու նորից միանում ակտիվ զրույցին։ 6 տարի սպասել ենք թոռնիկի՝ ասում է։ 11 ամսական Ստելան ընդամենը 4 ամիս է հասցրել առանց շրջափակման ապրել։ Չի հասկանում շուրջն ինչ է կատարվում, զարմացած նայում է մայրկին, տատիկին ու հարևաններին․ նրանց առօրյա թեման շրջափակումն է։

«Չենք կարողանում անասուն պահել, մի քիչ հողամաս ունենք, տան առաջ լոլիկ, վարունգ ենք ցանում, որ կարողանանք մի կերպ հաղթահարել։ Ճանապարը փակ ա։ Ճիշտ ա, տղաներս աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց ոչինչ չկա, որ գնենք, երեխաներն ուտեն»։

Տան դիմացի այգում լոլիկ, վարունգ են վարել, բայց մեծ ակնկալիքներ չունեն․ գյուղում ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ նվազում է ոռոգման ջրի ծավալը։

«Որ արդեն մի քիչ էլ արևոտ լինի, ջուրն էլ ցամաքելու ա»։

Միջհամայնքային ավտոբուսը Նոր Ղազանչի չի հասնում․ վառելիք չկա։ Տիկին Ստելայի խոսքով՝ գյուղում գրեթե բոլորն ավտոմեքենա ունեն, պարզապես դատարկ բաքով։

Երիտասարդ մայրիկ Սոնան, որ Նոր Ղազանչիում է ծնվել, ամուսնացել, ստեղծված դժվարությունները երեխայի միջոցով ավելի հեշտ է հաղթահարում։ Ապագա ծրագրերը գյուղի շուրջ է ձևավորել։

«Անվտանգությունը, եթե ապահովված լինի, ոչ մի խնդիր չենք տեսնում, մեր հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչ էլ անել։ Սահմանամերձ գյուղ ա, 4 տարեկան երեխան արթնանում ա, ասում՝ մամա խփում են, վեր կաց տնից փախչենք։ Բայց շատ մեծ նպատակներ ունենք․ ուզում ենք մեր գյուղում ապրել, որ ծաղկի, ծլի, շատանանք, ամեն ինչ ստեղծենք այստեղ։ Իմ երազանքներն այստեղի հետ են կապված»։

Դրսում հավաքված երեխաներին տուն են տանում ոչ թե ծնողների կանչերը, այլ` թշնամու փամփուշտները, որոնք փորձում են դիպչել երիտասարդ ծնողների, երեխաների հյուսած երազանքներին։

Երիտասարդ տանտիկինները` առօրյա աշխատանքն էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկի համաձայն են դասավորում․ ամեն ինչ հասցնում ենք անել՝ ասում է Սոնան։

«Դե, հարմարվել ենք արդեն․ գրաֆիկի համաձայն ենք աշխատում։ Ամեն դժվարության պատրաստ ենք դիմանալ, թեկուզ լույս էլ չլինի, մենք մի կերպ կդիմանանք»։

Գյուղում այս ընթացքում ընդամենը երկու մեքենա է աշխատել․ դիզելի սղության պատճառով դրանք էլ չեն գործում։ Երեխաների տակդիրները, սովորական հակաբիոտիկ, ջերմիջեցնող դեղերը վերջանում են, իսկ գյուղում դեղատուն չկա։ Ի՞նչ պետք է անեն՝ չգիտեն։

«Եթե, Աստված մի արասցե, մի հիվանդ լինի, գյուղում շտապօգնության մեքենա չկա, որ տեղափոխի, Վանք գյուղի շտապօգնության մեքենան ա գալիս, դե հիմա չգիտենք՝ իրենք կկարողանա՞ն հասնել այստեղ, թե` չէ»։

Գյուղացիները պահեստավորած սնունդ, հիգիենայի պարագաներ ունեն, բայց մեկինը գրեթե սպառվում է, մեկին մի երկու օրվա պաշար ունի․ մյուսն էլ` չունի։ Գյուղի խանութները գրեթե դատարկ են․ մի քանի համեմունք է, սուրճ ու վերջ։

Ցանկապատի հակառակ կողմում քաղհանած սև շարքերում կանաչին էին տալիս լոբին, կարկտահարված սև խորշերով լոլիկն ու վարունգը։ Սոնան ասում է՝ գյուղում սոված չես մնա, հատկապես հիմա․ ճիշտ է` այլընտրանք չկա` կանաչեղենից ու լոբիից բացի, բայց դա էլ քիչ չէ։ Զրույցի բռնված` լոբի են քաղում, եփում, տապակում ու թոնրահացով, թարմ կանաչիով ու տնական պանիրով ուտում, կշտանում։ Իսկ երեկոյան մայրամուտին դուրս են գալիս բակ, երիտասարդ մայրիկները երեխաների հետ մի կողմում են հավաքվում, սկեսուրները` մյուս․ դե, երևի պատկերացնում եք՝ ինչ թեժ զրույցներ են լինում այդ ժամանակ։

Հարևաններով հավաքված, երեք մայրիկները երեխաներին գրկած լուսանկարվում են Նոր Ղազանչիում, ժպտում ու շարունակում հյուսել երազանքները` անկախ օրվա ընթացքում հնչող կրակոցներից։

 

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ