Արցախի շրջափակումն իր կնիքն է դրել յուրքանչյուր արցախցու կենցաղի և առօրյա կյանքի վրա: Զրկանքներ կրող ընտանիքներից մեկն էլ Շուշիից տեղահանված Մարիամ Շիրինյանի բազմանդամ ընտանիքն է:
Շրջափակումը՝ 44-օրյա պատերազմից հետո ամենածանր մարտահրավերն է Արցախի բնակիչների համար։ Երեխաները շարունակում են կիսասոված քնել։ Ծնողների համար էլ երազանք է դարձել երեխային կուշտ կերակրելը։
Շուշիից տեղահանված Մարիամ Շիրինյանը վարձով բնակվում է Ստեփանակերտում և միայնակ մեծացնում իր 4 զավակին։ Նրա ընտանիքում եղած դժվարություններին գումարվում է ներկայիս ծանր իրականությունը։
«Շատ ահավոր ա։ Սնունդը չկա, հացը չկա, ամեն տեղ հերթեր են և չգիտեմ դպրո՞ց գնամ, հացի՞ հերթ գնամ, թե՞ բանկի։ Էրեխեքն էլ սոված-ծարավ գնում են դպրոց, գալիս տուն: Ճաշը սարքած ա, բայց հաց չկա, որ հացով ուտեն, մինչև հացն ես բերում՝ արդեն ճաշն ա պրծած լինում»։
Մարիամի երեխաները հաճախում են տնից մոտավորապես 2 կիլոմետր հեռովորության վրա գտնվող համար 2 դպրոց։ Տրանսպորտի բացակայության պատճառով նրանք ստիպված են ոտքով գնալ դասի։
«Էրեխեքը ոտով գնում են, ոտով գալիս: Գրենական պիտույքներ էլ չկան։ Էն անցած տարվա տետրակներում էլ գրում են՝ մինչև տեսնենք կլինի: 4 էրեխեքին ոտով տանում եմ, բերում»։
Ստեղծված իրավիճակը մեծերը, ինչ-որ չափով, կարող են հասկանալ, բայց փոքրիկները չեն կարողանում առանց իրենց սիրելի ուտեստների։ Մարիամն էլ չգիտի արդեն` ինչպես բավարարել երեխաների ցանկությունը։
«Փոքր երեխաս 7 տարեկան է և կոնֆետ, թթվասեր է ուզում։ Տանում եմ խանութ, ասում եմ` նայիր, որ չկա։ Չի համակերպվում, բայց մի կերպ պահում եմ։ Մի քիչ շաքարավազ է մնացել, այն էլ մի քանի օր կհերիքի։ Մեծերը, ճիշտ է` նյարդայնանալով, բայց հասկանում են։ Իսկ փոքրերը՝ ուզում են։ Ասում եմ՝ փողը վերցրու, գնա, առ։ Գնում ա, տեսնում ա, որ չկա, հույսը կտրած գալիսա»։
Դեղատներում դեղերի բացակայությունն էլ Մարիամը տնային միջոցներով է փորձում լրացնել։
«Քացախով-բանով ջերմությունն իջեցնում եմ: Դեղ-բան չկա ո՛չ դեղատներում, ո՛չ հիվանդանոցում, որ դիմում ես, ասում են` չկա, մի բան արեք։ Դե, առանց դեղ ի՞նչ անես: Ստիպված՝ տանն ինչ կա, եղածով մի բան անում ենք»։
Եղանակային պայմանների փոփոխություններն ավելի են սրում Արցախի բնակիչների վիճակը: Մարիամը չգիտի թե ինչպես է ձմռանը տաքացնելու տունը:
«Փայտը չկա, էլեկտրավառարանով երևի տաքացնեմ: Լույսը կլինի՝ կվառեմ, եթե չէ՝ չգիտեմ ինչ կանեմ: Եթե ամեն բան լավ լինի՝ կարող ա լինի փայտ, բայց եթե չէ՝ էլեկտրավառարանով պետք ա յոլա գնամ»
Այս ամենի հետ մեկտեղ նաև կենցաղային խնդիրներն են` հովհարային անջատումները, ջրի սակավությունը, հիգիենայի պարագաների բացակայությունը ...
«Ջուրը ժամով է լինում։ Լինում ա՝ գիշերվա երկուսին են տալիս, լինում ա՝ չեն տալիս այդ օրը։ Տանը ինչ լինում ա` շիշ, բանկա լցնում ենք, որ հերիքի՝ մինչև նորից ջուրը տան։ Քշերը հելնում եմ՝ ամանները լցնում, առավոտն արդեն չի լինում, մեծ ընտանիք ա` շուտ ա վերջանում։ Ջուրը կա` լույսը չկա, լույսը կա` ջուրը չկա։ Չես կարող լվացքի մեքենան էլ միացնել։ Օճառով էլ լվացքի հեղուկ ենք պատրաստել ու դրանով ենք լվացք անում, բայց դա էլ կվերջանա»։
Մարիամի դպրոցական երեխաները, ճանապարհի երկար լինելու պատճառով, արդեն չեն ուզում գնալ դասի: Ամենափոքրը՝ Աշոտը, հաճախում է առաջին դասարան: Նա խոստովանում է, որ դասի մասին չի մտածում և մտքում միայն կոնֆետներ ու երշիկներ են:
Շրջափակումն այսօր լիովին խաթարել է արցախցիների կյանքը։ Աշխարհի մի կետում այսօր սովամահ է լինում մի ամբողջ ժողովուրդ։ Ինչպես Մարիամի զավակների, այնպես էլ՝ Արցախի մնացած փոքրիկների երազանքն է դարձել հաց գտնելն ու կուշտ սնվելը` այն դեպքում, երբ նրանց ամենամեծ հոգսը պետք է լինեին դաս սովորելը և մանկական զվարճանքները: