Նոյեմբերի 21, 2024

Երիտասարդ կնոջ երազանքի թրծման ճանապարհը

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 15, 2023

Արցախում, չնայած շրջափակմանը, մարդիկ փորձում են ստեղծագործել, արարել, վաճառքի հանել իրենց ստեղծագործությունները։ Դա և՛ ընտանիքի եկամուտի աղբյուր է այս խրթին ժամանակներում, և՛ սթրեսը հաղթահարելու միջոց, և՛ երազանք, որի իրականցմանը ձգտում են տարիներ շարունակ։ Արուսյակ Պետրոսյանը, ում հետ զրուցել է Սրբուհի Վանյանը, այդ մարդկանցից մեկն է։ Պատմում է շրջափակման պայմաններում իր բիզնես գործունեության մասին։

Արուսյակ Պետրոսյանը 3 անչափահաս երեխայի մայր է, ապրում է շրջափակված Արցախում, ունի այսպես ասած, պետական աշխատանք։ Բոլորի նման բախվում է շրջափակման բարդություններին․ աշխատանքից հետո անհրաժեշտ է սնունդ հայթայթել, երեխաներին կերակրել, կրթել, զբաղվել ընտանիքով։ Թվում է՝ 24 ժամյա օրը չի հերիքի այդ ամբողջը կազմակերպելու համար։ Բայց Արուսյակն ունի զբաղմունք, որի համար ժամանակ գտնում է միշտ։ Հելյունագործությունն է՝ ձեռագործ աշխատանքը, որը մանկությունից` և՛ հանգստի կազմակերպման ձև է իր համար, և՛ հոբբի, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ նաև նոր մասնագիտություն, որին նվիրվածությունն աճում է տարիների ընթացքում։

«Շատ եմ սիրում իմ գործը, դրա համար է երևի, որ կարողանում եմ համատեղել։ Ինչ խոսք՝ լինում են նաև անքուն գիշերներ»։

Արդյունքն այն է, որ Արուսյակն արդեն 3 տարի վարում է փոքրիկ բիզնես․ հոբբին, ընտանիքի անդամների, մասնավորապես ամուսնու աջակցությամբ վերածել է փոքրիկ բիզնեսի, որը նաև եկամուտ էր բերում ընտանիքին։ Բայց դա մինչև շրջափակումն էր։

«Պատերազմից հետո որոշեցի բացել ֆեյսբուքյան էջ և զբաղվել ձեռագործությամբ, սկսեցի պատվերներ գրանցել, հաջողություններ ունեցա։ Որոշ ժամակ անց, երբ սկսվեց բլոկադան, հումքի ներկրման հետ կապված խնդիրներ առաջացան»:

Հարմարավետ, գեղեցիկ իրեր ու դեկորներ սիրում են ձեռք բերել շատերը, Արուսյակի աշխատանքները, նրբաճաշակ հելյունագործ զամբյուղներ՝ տանը մանրուքներ պահելու համար, գզրոցներ ու օրորոցներ՝ նորածնի խնամքի ու ֆոտոշարքի համար, պայուսակներ, զարդատուփեր. սա Արուսյակի կողմից ստեղծվող տեսականին է, որոնք սիրով ձեռք կբերեն գեղեցիկի երկրպագուները ինչպես Արցախում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Բայց Արցախում ամեն ինչ այնպես չէ, ինչպես աշխարհի շատ այլ երկրներում։ Եւ Արուսյակը պայքարում է իր փոքրիկ բիզնեսը պահելու համար՝ մինչև լավագույն ժամանակները գան։

«Չեմ կոտրվում և հեռանկարային պլաններ եմ գծում, որպեսզի կարողանամ այս ամենը հաղթահարելուց հետո զբաղվել սիրած գործունեությամբ»:

Արուսյակը համոզված է՝ շուտ-ուշ, այդ ժամանակները կգան, բիզնեսի զարգացման համար նաև հեռանկարային պլաններ կան։ Նպատակ ունի` տեղում կազմակերպել դեկորատիվ թելերի արտադրանք։ Հատկապես շրջափակման պայմաններում հասկացել է, որ ըստ հնարավորին ճկուն պիտի աշխատի բիզնեսը, ապահովագրված լինելու համար համաշխարհային ցնցումներից։

«Հելյունագործությամբ զբաղվելով, միշտ բախվում էի թելերի ձեռքբերման խնդրին, ու առաջացավ Ստեփանակերտում տրիկոտաժե թելերի արտադրություն հիմնելու գաղափարը։ Այստեղ դրանց պահանջարկը շատ մեծ է»:

Շրջափակումն Արցախում չի նվազեցրել պահանջարկն Արուսյակի արտադրանքի նկատմամբ․ ընդհակառակը, այն ավելացել է՝ կապված դրսից սովորաբար ներկրվող նմանատիպ ապրանքների սղության հետ։ Բայց Արուսյակի բիզնեսն այդ պահանջարկը բավարարել չի կարողանում․ հումք չունի այլևս։

Երիտասարդ կինը երազանք ունի․ փոքրիկ արտադրամաս ու դրան կից խանութ-սրահ է ուզում ունենալ, իր երկրում, որտեղ անվտանգության խնդիրն այլևս ոչ առաջնային, այլ` արդեն լուծված ու մի կողմ դրված հարց կլինի։ Ոզում է արարել, մարդկանց հասցնել իր գեղեցիկ գործերը, որոնցից յուրաքանչյուրի ստեղծման մեջ հոգի է դնում։ Թվում է՝ անիրագործելի ոչինչ չի ուզում Արուսյակը․ աշխարհի ցանկացած երկրում նման նախաձեռնությունները նույնիսկ խրախուսվում են։ Բայց Արցախը, պարզվում է, մեծ աշխարհի մաս չէ։ Այս հողում ապրողների երազանքների իրականացմանը մե՛կ պատերազմն է խոչընդոտում, մե՛կ երկրի չճանաչվածությունը, մե՛կ հետպատերազմյան ճգնաժամը։ Արդեն ավելի քան 8 ամիս այստեղ ապրողների երազանքները բախվում են մեկ հատիկ բառի․ Բլոկադա։ Բախվում, բայց չեն փշրվում, քանի որ սա ընդամենը թրծման ճանապարհն է և վերջնարդյունքն իրեն սպասեցնել չի տա։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ