Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում քայլերդ ակամայից դանդաղում են, երբ տեսնում ես Արցախյան երրորդ պատերազմում զոհված քաջորդիների հուշատախտակները: Իրականությանը համակերպվելը դժվար է: Վերջերս տեղադրվել է 9-րդ հուշատախտակը ,- ասում է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը:
«Ընդհանուր կա 1260 նկար, վերջին հուշատախտակում՝ 180։ Բոլոր զոհվածների նկարները չեն տեղադրված. ծնողների որոշումն է»։
Միության նախագահի խոսքով՝ 10-րդ հուշատախտակի կարիքը նույնպես կա: Պետք է քննարկվի ճարտարապետի և համապատասխան մարմինների հետ: Օր-օրի ավելացող նկարների կողքին, ժամ առ ժամ ավելանում են թարմ ու արհեստական ծաղիկներ։ Միության նախաձեռնությամբ տեղադրվել են հատուկ ծաղկամաններ: Մեր զրույցի ընթացքում ավելացրին ևս մեկ ծաղկաման: Հուշատախտակների հարակից տարածքի մաքությանը հետևում են նաև միության անդամները։
«Կոչ եմ անում հերոսամարտիկների հարազատներին, քաղաքացիներին հետևել կարգ ու կանոնին և ծաղիկները դնել ծաղկամանի մեջ։ Այսուհետ սա սրբատեղի է, և մենք պետք է հավուր պատշաճի պահենք»։
Ձայնագրման պահին հուշատախտակների մոտ մարդկանց հոսքը չէր դադարում։ Ռիմա տատիկը, ով երկար, մեկ առ մեկ նայում էր նկարներին, ասում է, որ այստեղ հարազատի նկար չունի, բայց բոլորին իրեն հարազատ է ընդունում: Մեր երեխաները մեզ համար են կռվել ու զոհվել՝ ասում է: Տատիկին ձայնագրել չստացվեց: Հուզմունքը չէր կարողանում զսպել: «Արցախ» լրատվականի հետ զրույցում միության նախագահ Արմեն Ասրյանը նշեց, որ պետք է պարտադիր դարձնել ճանաչողական այցերն այս սրբատեղի:
«Դպրոցները պետք է հաճախակի այցելություններ կազմակերպեն: Նոր սերունդը պետք է իմանա նրանց մասին: Նրանց կիսատ գործը պետք է շարունակենք»:
Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահը լիահույս է, որ շուտով նման ավանդույթ կձևավորվի և տոն օրերին այստեղ նույնպես հարգանքի տուրք կմատուցվի: