Նոյեմբերի 24, 2024

Մոսկովյան բանակցային փաթեթ. վտանգներ և հեռանկարներ

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 26, 2023

Մոսկվայում երեկ կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Հանդիպում-քննարկումներից հետո Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ։ Ի՞նչ մտահոգություններ է պարունակում այն և արդյոք Մոսկվայի առաջարկությունների փաթեթը հավանականություն ունի ընդունվելու։ Այս հարցերի շուրջ` Մարգարիտա Ղուշունցն է զրուցել քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ։

 Նախ տեղի են ունեցել երկկողմ՝ ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական բանակցություններ։ Քննարկվել երկկողմ հարաբերությունների վիճակը, նախանշվել հետագա քայլերը՝ բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։ Այնուհետեւ երեք երկրի արտգործնախարարները հանդիպել են՝ քննարկելու տարածաշրջանային օրակարգը, առաջին հերթին` Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Քննարկումներից հետո ՌԴ ԱԳ նախարարը հանդես է եկել հայտարարությամբ, հանդիպումները համարելով օգտակար։ Այս հայտարարությունը նորից վերահաստատում է մտահոգությունների շարքը՝ ասում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։ Արցախի և հայ-ադրբեջանական հարաբերութունների կարգավորման այսպես ասած «ռուսաստանյան» առաջարկը, ըստ էության՝ մինչ այս եղած ամենավատ նկարագրությունների կրկնությունն է, միայն մի տարբերությամբ։ Լավրովի հայտարարությունը ոչ թե հղումներ է պարունակում, այլ հստակ փաթեթ է՝ ասում է քաղաքագետը։

«Կա խորքային մի տարբերություն, որ Ռուսաստանի Դաշնությունը պահանջում է՝ այդ ամենը իրականացվի իր վերահսկողության ներքո կամ առնվազն իր մասնակցությամբ։ Մերժում է մնացած այլ հարթակները։ Սա է փաստորեն տարբերությունը, իսկ մեզ ուզում են համոզել, որ ՌԴ-ի դիրքորոշումը, իբր էականորեն ավելի բարենպաստ է, քան մնացած գոյություն ունեցողները։ Լավրովի հայտարարության ողջ տեքստը՝ Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին հանձնելն է, դրա փոխարեն որոշ ժամանակ ստանալով Ադրբեջանից Արցախում զորամիավորում պահելու հնարավորություն»։

Լավրովի խոսքով ամենից զգայուն հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հարցը, իհարկե Լավրովը ինչպես արևմտյան հարթակներում է նշվում, այդ հարցը «կապել» է Ալմա-Աթայի հռչակագրին, միաժամանակ իհարկե հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցում Ադրբեջանի պարտավորությունները «միջազգային պարտավորությունների» շրջանակում: Այդ պարտավորությոնները մատնանշում են Հելսինկյան ակտը, ասում է քաղաքագետը։ Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարում սպասելն իզուր է՝ ասում է։

«Քանի որ Ադրբեջանը ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի անդամ է ի տարբերություն Ռուսաստանի, ապա այն ընդհանուր պարտավորություններ է կրում այդ թվում ազգային փոքրամասնությունների վերաբերյալ այդ պարտավորությունները կրում է նաև Հայաստանը։ Քաղաքական ինքնավարության կամ տեղական ինքնակառավարման բարձր մակարդակի մասին այստեղ խոսք չկա։ Մոտավորապես այն կարգավիճակն է լինելու, ինչ հայերն ունեն Ջավախքում»։

Սա հասկանալ, որպես արդեն առկա համաձայնություն, ակնակրկ, թե հետագա ճնշման նախազգուշացում։ Քաղաքագետը մանրամասնում է.

«Ադրբեջանը պնդում է, որ բանակցությունները մի հարցի շուջ պետք է լինեն՝ արցախահայության ինտեգրումը Ադրբեջանին։ Արևմտյան կողմը այլ կերպ է նայում այդ ամենին, նշում, որ առաջին հերթին պետք է հաշտեցման պայմանները կնքվեն, երաշխիքների պայմանները կնքվեն և պետք է ժամանակ տրվի, որ արցախահայությունն ինքը որոշի իր ինտեգրվելու կամ չինտեգրվելու չափը համատեղ խաղաղ պայմաններում որոշի։ Ինչը հաճելի չի հնչում մեր համար։ Սակայն մենք տեսնում ենք, որ Լավրովի տեքստում հստակ խոսվում է ինտեգրման մասին։ Եթե դու ապրում ես մի երկրում, որտեղ պետք է առաջնորդվես իրենց օրենսդրությամբ և այլն, ապա նշանակում է, որ դու նախապես համաձայնել ես ինտեգրմանը, ընդամենը մնում է ինտեգրման ճանապարհային քարտեզի մասին բանակցություններ վարես։ Սա այն է, ինչ ասում է Ալիևը»։

Սերգեյ Լավրովը նշել է նաև, որ հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում ակնհայտ է։

«Հայկական կողմը ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների մեջ համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները:

Լավրովը խոսել է նաև Արցախի ապաշրջափակման մասին։ Նշել` Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու անհրաժեշտության մասին, միևնույն ժամանակ դա նկատելիորեն կապակցվում բանակցային այսպես ասած մեծ փաթեթին, ինչը նույնն է բոլոր միջնորդների պարագայում: Քաշաթաղի միջանցքի և արդեն առկա փաթեթները իրար հետ կապելը սխալ է, ասում է քաղաքագետը։

«ԵԱՀԿ որոշման մեջ, ԵԽԽՎ որոշումներում, ԵՄ որոշման, ԱՄՆ-ի հայտրարություններում, Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ, խոսքը գնում է միայն Լաչինի միջանցքի բացման պահանջի մասին։ Իսկ այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ այն ինչ Ալիևն ասել է վերջին ելույթներում Շուշիից՝ օգտագործում են այս ճնշումները հայերի վրա, որ ընդունեն ողջ փաթեթը։ Չի կարելի Լաչինի միջանցքը կապել Արցախի կարգավորման հետ»։

Լավրովի երեկվա հայտարարությանն է անդրադարձել նաև ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Ֆեյբուքյան իր էջում նշել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել և հայտարարում են, որ անհրաժեշտ է Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում: Արցախի ժողովուրդը ևս հասկանում է, որ երկխոսությունն անհրաժեշտ է՝ խոսելու, քննարկելու, մեր իրավունքները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը ներկայացնելու և պաշտպանելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար:

«Հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ կողմից արդեն որոշվել է այդ երկխոսության ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը, կամ ՀՀ-ը համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ: Հիմա կամ ՀՀ կողմից պետք է հերքվի այդ հանգամանքը, կամ պետք է արձանագրենք, որ անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»:

Գուրգեն Ներսիսյանի խոսքով սա շատ կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը, այդ թվում՝ արցախցիները հասկանան իրենց հետագա անելիքները։ Անտանելի է դառնում նաև Ռուսաստանի Դաշնության՝ անընդհատ պատճառաբանություններ բերելու և ստեղծված աղետալի իրավիճակին այդպես էլ առարկայական լուծում չտալու մոտեցումը։

 

Last modified on Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023 19:15
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ