Հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումները մտահոգությունների առիթ են ստեղծում հատկապես Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին նոր էսկալացիայի հնարավորության պայմաններում: Պաշտոնական Երևանի և Մոսկվայի բանավոր «փոխհրաձգության» նրբերանգների վերաբերյալ` Մարգարիտա Ղուշունցը զրուցել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ:
Հարավային Կովկասում իրավիճակի մասին նորություններն ավելի հաճախ են Երևանի ու Մոսկվայի փոխադարձ պարավանքի մասին հաղորդագրություններ պարունակում. Արցախում խաղաղապահ առաքելության գործառույթների կատարում, Հռոմի ստատուտի վավերացում Հայաստանում, տարածաշրջանային անվտանգություն, «Արևմուտքի» և Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում: Քաղաքական օրակարգի այս բոլոր կետերի շուրջ տարաձայնություններ կան։ Բայց իրավիճակի առանձնահատուկ սրություն են ավելացնում երկու կողմից հնչող հայտարարություններն ու միմյանցից պարզաբանումներ պահանջելը: Իտալական La Repubblica-ին վերջերս տված հարցազրույցում Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ «Ռուսաստանի խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում չեն կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած առաքելությունը», ինչպես նաև, որ «Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից՝ դատելով այն քայլերից, որ անում է կամ չի անում»։ Անդրադառնալով Փաշինյանի այդ հայտարարությանը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը գնահատում է կառուցողական հարաբերությունները Հայաստանի հետ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսաստանյան խաղաղապահների առաքելության ձախողման մասին թեզերի հետ համաձայնել չի կարելի։ Իր անհամաձայնությունն ու բավարար պարզաբանումներ է պահանջել նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Երկու երկրների` Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների առանձին ներկայացուցիչների հեռակա բանավեճը լուրջ բախումների վերածվելու հավանականություն չունի, ասում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը, նշում, սակայն, որ այն գործընթացները, որոնք ընթանում են հայ-ռուսական հարաբերություններում, բավական վաղուց են սկսված, օբյեկտիվ են և շատ անգամ` անհաղթահարելի ընթացքի մեջ են դեպի հարաբերությունների խզում:
«ՀՀ կառավարությունը կարող է իրեն թույլ տալ արտահայտություններ, որոնք դուր չեն գալիս ռուսական կառավարությանը, հետո որպես կանոն չքմեղանալ և 75 անգամ հիշեցնել, որ մենք դաշնակիցներ ենք, որ որևէ մտադրություն չունենք` խզել հարաբերությունները: Ես կարծում եմ, որ ոչ առաջին, ոչ երկրորդ քայլը իրական ազդեցություն չունեն հայ–ռուսական հարաբերությունների վրա: Սա ոչ թե կոչ է կամ արդարացնում ` Երևանի ոչ հետևողական քաղաքականությանը, այլ ցույց է տալիս, որ գործընթացն այնքան է առաջ անցել, որ պետք է արդեն ավելի լուրջ վերաբերվել այս ամենին, քան ընդամենը հայտարարությունների մակարդակով»:
Սահմանային լարվածությունն ակնհայտ է. Ադրբեջանը մեծածավալ զինտեխնիկա է կուտակել Հայաստանի հետ սահմանի գրեթե ողջ երկայնքով: Նոր էսկալացիայի վտանգը փորձագետները հավանական են համարում: Արմեն Հովհաննսիյանը չի բացառում, որ Ռուսաստանն այս շրջանում օգտագործելով Ադրբեջանին փորձում է այդ կերպ ճնշում գործադրել Հայաստանի վրա:
«Զուգահեռ սպառազինությունների և զորքերի կուտակման, դրվում են պահանջներ և միանշանակ կապ կա դրա մեջ, որպեսզի ՀՀ-ն խզի հարաբերությունը պայմանական Արևմուտքի հետ: Իսկ ամենակարևորը` դադարի որևէ կերպ մասնակցել Արցախի հարցի վերամիջազգայնացմանը, ինչը ՌԴ-ի և Ադրբեջանի տեսակետից այնքան էլ նպաստավոր չէ իրենց քաղաքականության համար և փաստորեն այդ պահանջները, որ դրվում են Հայաստանի առջև, միակ իրական ուժը, որը տեսականորեն կարող է Հայաստանին ստիպել ընկրկել, դա Ադրբեջանի այսպես ասած բռունցքն է: Ադրբեջանն այստեղ օգտագործվում է, որպես ահաբեկիչ ուժ Հայաստանից որոշակի արդյունքներ ստանալու համար»:
Ռուսասանն իր մտահոգություններն է հայտնում` Հայաստանի դեպի «Արևմուտք» գնալու հավանականության հարցում, ասում է Արմեն Հովհաննիսյանը: Նշում, որ սա պետք չէ կապել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ: Իրենց հետաքրքրում են գործողությունները` ասում է:
«Որոշ գործողություններ իսկապես մտահոգիչ են իրենց համար: Օրինակ` Ֆրանսիայի հետ մերձեցումը, շուտով տարածաշրջան կայցելի Ֆրանսիայի նախագահը: Սա նշանակում է` Ֆրանսիան որոշակի դերակատարություն է իր վրա վերցնում: Նաև մեր հարաբերությունների ընդլայնումն ԱՄՆ-ի հետ, Եվրոպական Միության հետ, Հնդկաստանի հետ, որը իհարկե «Արևմուտք» չէ` նեղ առումով, բայց լայն առումով` «Արևմուտքի» հետ շատ ինտեգրված երկիր է: Այդ ամենը մտահոգություն է առաջացնում, որովհետև այն մտահաղացումը, որ տարիներ շարունակ կար Ռուսաստանում, որ Հարավային Կովկասն ամբողջությամբ դառնալու է ռուս-թուրքական համատեղ, ինչ-որ չափով` համագործակցային, ինչ-որ չափով` մրցակցային գոտի»:
Երեկ նաև հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին՝ նրան նշանակելով Նիդեռլանդներում դեսպան։ Փորձագիտական շրջանակներում մի կողմից նշում են, որ վտանգ կա, որ Հայաստանն այս քայլով դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, մի մասն էլ պնդում է, որ սա պարզապես շանտաժի տարր է պարունակում իր մեջ: Արմեն Հովհաննսիյանը նշում է, որ անհրաժեշտություն կա ՀԱՊԿ-ից դուրս գալու: Պատճառները ակնհայտ են` ասում է:
«ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որ 2020-ից հետո դրական առումով որևէ կերպ իրեն չի դրսևորել, ընդհակառակը` հաշվի առնելով նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարների դիրքորոշումը` հանդես է եկել Ադրբեջանին աջակցողի դերում: Այնպես, որ այդ առումով, ես որևէ խնդիր չեմ տեսնում, սակայն չեմ կարծում, որ ՀՀ Կառավարությունն այդ ճանապարհի վրա է»:
Հաշվի առնելով սեպտեմբերին անցկացվելիք հայ-ամերիկյան զորավարժությունները, խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործունակության բարձրացմանը տարվող աշխատանքները Արմեն Հովհաննսիյանը նշում է, որ Մոսկվան Երևանի տարբեր «շրջադարձերից» զգուշանալու պատճառներ ունի, չնայած այն բանին, որ Հայաստանը միայնակ չի կարող դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից: