Նոյեմբերի 21, 2024

ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախ հումանիտար բեռ ուղարկելու կապակցությամբ

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 19, 2023

Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Արցախ հումանիտար բեռ ուղարկելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ երկարատև քննարկումների արդյունք է:
Միևնույն ժամանակ արտգործնախարարությունն ընդգծում է.
«Մարդասիրական բեռի այս առաքումը, որը կազմում է մինչև շրջափակումն օրական Արցախ ներմուծվող 400 տոննա ապրանքների 7 տոկոսից պակաս, ո՛չ ծավալով, ո՛չ էլ ներմուծվող ապրանքների տեսականիով չի կարող փոխարինել առևտրային բեռների կանոնավոր ապրանքաշրջանառությունը, որն անհրաժեշտ է Արցախի բնականոն կենսագործունեությունը և բնական զարգացումն ապահովելու համար»:
Արցախի ԱԳՆ -ը կրկին ընդգծում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղությունով անվտանգ և անարգել տեղաշարժի համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների: «Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական ու հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին»,- ասվում է հայտարարությունում:

Last modified on Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 07:06
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ