Հայ-ադրբեջանական բարդ պարտիայում անցած շաբաթվա ընթացքում արվեցին շատ ուշագրավ և հետաքրքիր քայլեր: Եւ դրանցից ամենահետաքրքիրը, անկասկած, հայկական կողմի «ձիով քայլ»-ն էր` մարդասիրական շարասյան ուղարկումը դեպի Քաշաթաղի միջանցքի սկզբնամաս:
Այդ քայլը հետևեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպմանը: ՌԴ ԱԳՆ-ը հանդիպման արդյունքներով տարածեց մի հայտարարություն, որը, փաստացի, վերջնականապես բացեց պաշտոնական Մոսկվայի խաղաքարտերը: Եթե մինչ այդ` Մոսկվան սոսկ դեմ էր արտահայտվում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությանը և պնդում Երևան-Բաքու ձևաչափի վրա, ապա` մոսկովյան վերջին հանդիպումից հետո արդեն անթաքույց կերպով հայտարարեց, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը տեսնում է, ըստ էության, համայնքային ներկայացուցիչների ձևաչափով: Դրանով, փաստացի, հավասարության նշան դնելով Արցախի բնակչության և ինչ-որ հորինված` «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի միջև: Մոսկովյան հանդիպման գլխավոր ուղերձներից մեկը հենց հավասարության նշանի դրումն էր` իրենց գույքը վաճառելուց հետո Հայաստանը լքած ադրբեջանցիների և պոգրոմների հետևանքով Ադրբեջանից տեղահանված հայերի, իսկ ավելի ուշ` նաև նույն բախտին արժանացած այն հայերի, ովքեր տեղահանվել էին Արցախի` ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող տարածքներից:
Սակայն, կարևոր է նաև նշելը, որ, ինչպես և ՀՀ վարչապետի մասնակցությամբ բրյուսելյան եռակողմ վերջին հանդիպմանը, այնպես էլ` արտգործնախարարների մոսկովյան հանդիպմանը, հայկական կողմը շատ կրավորական դիրք է ստանձնել բանակցություններում, չկանխելով ադրբեջանական կեղծ օրակարգի մուտքը ոչ միայն բանակցային գործընթաց, այլ, առավել ևս` ամփոփիչ հայտարարություններ: Եւ թեև նույն բրյուսելյան հանդիպումից հետո թե՛ հայկական կողմը, թե՛ Եվրամիության ամենաբարձր պաշտոնյաները հերքեցին, որ որևէ պայմանավորվածություն է եղել բռնազավթված Ակնայից պարենի ենթադրյալ ներմուծուման վերաբերյալ, սակայն ադրբեջանական այդ կեղծ օրակարգը մտցվեց շրջանառության մեջ: Մեծ հաշվով, նույնը եղավ նաև մոսկովյան վերջին հանդիպումից հետո` ադրբեջանական հորինված և տարեցտարի երկրաչափական պրոգրեսիայով աճող փախստականների խնդրի վերաբերյալ: Իհարկե, չի բացառվում, որ ինչ-որ պահի ինչ-որ թվաքանակով ադրբեջանցիներ կարողանան բնակություն հաստատել Արցախում և Հայաստանի տարբեր հատվածներում, բայց դա կտրականապես բացառված է, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է մերժել Արցախի ինքնորոշման իրավունքը և վարել խիստ հայատյաց քաղաքականություն: Եւ այս փուլում պետք է բացառել բանակցություններում ադրբեջանական կեղծ օրակարգերի սպրդումը, առավել ևս` դրանց արտահայտումն ամփոփիչ հայտարարություններում:
Միջազգային հարաբերություններում գոյություն ունի լռելայն համաձայնության չգրված օրենքը: Եւ եթե որևէ կողմ ենթարկվելով թեկուզ և ոչ առերևույթ ճնշման կամ սպառնալիքի ստիպված է լինում ընդունել առաջադրված որևէ պայման, ապա` այդ կողմը պարտավոր է գոնե բանավոր առարկություն հայտնել դրա վերաբերյալ, որպեսզի ցույց տա, որ լռելայն համաձայն չէ: Իհարկե, ինչպես հայտնի մի ավանդազրույցում, ՀՀ արտգործնախարարը, արդեն հայկական հողում, դեմ արտահայտվեց մոսկովյան հանդիպման ամփոփիչ հայտարարությանը: Ինչ-որ չափով հասկանալի է նման մոտեցումը, հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքում ունի մոտ հինգ հազարանոց զորախումբ, որը ճնշման ռազմաքաղաքական ծանր լծակ է: Բացի այդ` Հայաստանի ռազմավարական կարևորության գրեթե բոլոր ենթակառուցվածքներն անկախությունից ի վեր դրվել են ռուսաստանյան ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ: Եւ այդ լծակները դեռ երկար ժամանակ շարունակելու են կիրառվել ՀՀ վրա ճնշման համար: Դրան գումարած` Արցախի անվտանգային ամբողջ համակարգի վրա ռուսաստանյան հեգեմոն դիրքը: Այդ իսկ պատճառով պետք է ռուսաստանյան գերիշխող ազդեցությունից ազատվելու և բազմավեկտոր հարաբերությունների հաստատման գործընթացում անել խիստ կշռադատված քայլեր: Եւ հումանիտար շարասյան` դեպի Քաշաթաղի միջանցքի սկզբնամաս ուղարկելը, այդ առումով, իրոք շատ նուրբ քայլ էր: Հայկական կողմը, իհարկե, նախապես տեղյակ էր պահել Արցախում տեղակայված ռուսաստանյան զորախմբին, որ պատրաստվում է անել այդ քայլը: Սակայն հայկական կողմը վստահաբար գիտեր, որ ռուսաստանյան կողմը ոչինչ չէր ձեռնարկելու այդ շարասյունն ուղեկցելու կամ` դրա տեղափոխած ապրանքը փոխադրելու ուղղությամբ: Եւ այս քայլը շատ գրագետ է արված` սկզբից մինչ այս պահը: Դրանով փաստացի ապացուցվեց Արցախում տեղակայված ռուսաստանյան զորախմբի անունակությունը կամ հանցակցությունը Քաշաթաղի միջանցքում ստեղծված իրավիճակին: Իսկ դա իր հերթին հնարավորություն կտա հայկական կողմին` ավելի վճռական քայլերի գնալու ստեղծված աշխարհաքաղաքական հակասությունների ընձեռած հնարավորությունների պայմաններում:
Միաժամանակ, շատ կարևոր էր նաև Երևանում և Ստեփանակերտում համաժամանակյա հանրահավաքի անցկացումը: Անկախ դրա բովանդակային մասից, դա շատ կարևոր ուղերձ էր. թե՛ ներքին, թե՛ արտաքին: Այդպիսով կրկին ընդգծվեց Արցախի և Մայր Հայաստանի միասնականությունը, ինչպես նաև` հասարակական պոտենցիալը, որ կա Հայաստանում, ինչը, անկասկած, կօգտագործվի նաև բանակցային գործընթացում:
Առաջիկայում, վստահաբար, սպասվում են առանցքային զարգացումներ արցախյան հիմնախնդրի շուրջ: Եւ թե՛ պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը, թե՛ հայկական պետականության երկու հատվածների հասարակությունը պետք է հստակ գիտակցում ունենան, որ բանակցություններով հնարավոր է հասնել արդյունքի միայն այն դեպքում, երբ պատրաստ ես ուժով պաշտպանել այն դրույթները, որոնց շուրջ բանակցում ես: Իսկ այն պետությունը, որի հասարակությունը և իշխանություններն իրենց մեջ կամք ու վճռականություն են գտնում միաբանվելու, դառնում են անպարտելի: