Ապրիլի 28, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Սեպտեմբերի 16, 2023

Անցնող շաբաթվա ընթացքում եղան իրադարձություններ, որոնք մեծապես ազդեցին Արցախի ապաշրջափակման գործընթացի վրա` ինչպես դրական, այնպես էլ` բացասական առումով:

 

Երեքշաբթի առավոտյան` Արցախ մտավ ռուսաստանյան «տրոյական ձի»-ն: Ռուսաստանն ամիսներ շարունակ անում էր ամեն ինչ, որպեսզի առաջ մղի բռնազավթված Ակնայից դեպի Արցախ ճանապարհի բացումը` դրանով հակազդելով Քաշաթաղի միջանցքի և Արցախի ու Մայր Հայաստանի միջև ցամաքային կապի բացմանը: Ակնայից բեռների ընդունումով, եթե ոչ զրոյացվեց, ապա` ծանրագույն հարված հասցվեց` Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս ինն ամիս շարունակ տարվող եռանդուն աշխատանքին, որն ուղղված էր Քաշաթաղի միջանցքի ապարգելափակմանը: Իսկ բռնազավթված Ակնայից ռուսաստանյան բեռնատարի մուտքից ո՛չ խոստացված` 12, ոչ էլ` 102 ժամ անց չապարգելափակվեց Քաշաթաղի միջանցքը: Իհարկե, ինչպես միամտություն էր կարծելը, թե Ադրբեջանը չի արգելափակի Քաշաթաղի միջանցքը` Բերձորի և հարակից գյուղերի հանձնումից հետո, նույնքան միամտություն էր կարծելը, թե Ադրբեջանը կապարգելափակի այն` Ակնայից որևէ բեռ ընդունելուց հետո: Լավագույն դեպքում` միամտություն: Իսկ այդ բեռի քանակությունն իսկական ծանակ էր պարենային ծայրահեղ ճգնաժամում հայտնված արցախցիների նկատմամբ: Այնինչ, եթե նույն այդ ռուսաստանյան զորախումբը կատարեր իր ուղիղ պարտականությունները և բաց պահեր Քաշաթաղի միջանցքը` Արցախում խանութները կշարունակեին լիքը մնալ, իսկ արցախցիներն ստիպված չէին լինի սպասել մարդասիրական բեռների տեսքով ողորմաբաժնի: Ավելին, Ռուսաստանը փաստացի ակնարեց, որ Քաշաթաղի միջանցք այլևս չկա՝ Հայաստանին կոչ անելով՝ հարմարվել նոր իրողություններին:

Ռուսաստանյան Կարմիր խաչի ուղարկած բեռի` Ստեփանակերտ հասնելուն գրեթե զուգահեռ, Ռուսաստանի վտարակ նախագահն Արցախին փաստացի սպառնաց էթնիկ զտմամբ, իհարկե, պաշտպանելով իր բաքվյան դաշնակցին, ավելացրեց, թե Ալիևը հակված է դա անել «փափուկ» ձևով: Անկասկած, միայն ռազմական հանցագործ Պուտինը կարող է բացատրել, թե ի՞նչ է «փափուկ էթնիկ զտում»-ը, այնպես որ` միգուցե նրան ապագայում տրվի այդ հնարավորությունը` Հաագայում:

Պուտինի այդ հայտարարության հետ նույն ժամանակահատվածում ակտիվ քարոզչություն սկսվեց հիմնականում արցախյան լսարան ունեցող օգտահաշիվների և միօրյա լրատվամիջոցների կողմից` Արցախից դուրս գալու համար միջանցք տրամադրելու վերաբերյալ: Պարզագույն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ տեղեկատվական հոսքերը կառավարվում են մեկ կենտրոնից և գործում են համաժամանակյա: Իսկ նման քարոզչության ուղղորդումը շատ պարզ է: Ռուսաստանը ձգտում է ունենալ խիստ թերբնակեցված Արցախ, որպեսզի ազատվելով ավելորդ գլխացավանքից, ռուսաստանյան զորախմբի ներկայությունը շարունակի արդարացված մնալ, իսկ Արցախում մնացած բնակչությունը պատանդ պահվի` որպես ՀՀ վրա ճնշման գործիք:

Ռուսաստանյան բարձրագույն պաշտոնյաները և պետական լրատվամիջոցները ողջ շաբաթվա ընթացքում շարունակում էին լեղի թափել և սպառնալ Հայաստանին` նաև հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների կապակցությամբ: Ավելորդ է նշելը, որ հայաստանյան զինվորականները և մասնավորապես` խաղաղապահները միջազգային համագործակցության շրջանակներում տարեկան երբեմն տասնյակ զորավարժություններ են անցկացնում օտարերկրյա տարբեր զինվորականների հետ` կատարելագործելով իրենց հմտությունները և ստանալով ժամանակակից գիտելիք: Ինչ վերաբերում է Ռուսաստանի այն պնդումներին, թե` ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար ոչ բարեկամական կառույց է և իրենք անընդունելի են համարում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամի ակտիվացումը մեր տարածաշրջանում. Ռուսաստանը երեք տարի առաջ մեծ շուքով բացեց ռուս-թուրքական մշտադիտարկման կետը բռնզավթված Ակնայից արևելք, իսկ Պուտինի մոտ դաշնակից Ալիևն իր բանակի ողջ հրամանատարությունը երեք տարի առաջ հանձնել էր Թուրքիային: Այստեղ կարելի է պարզապես հիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ ամենախոշոր բանակ ունեցող պետությունն է:

Իսկ Ռուսաստանի` ԱՄՆ-ի հետ դասական հակակրանքին գումարվել է նաև ԱՄՆ-ի մեծացող ներգրավումն Արցախի շրջափակման վերացման ուղղությամբ աշխատանքներին: Այդ առումով նշանակալի են երկու օր առաջ կազմակերպված սենատական լսումները: Մասնավորապես, Ադրբեջանի գործողությունները հստակ գնահատական ստացան, նաև հնչեցին կարևոր ուղերձներ: Իհարկե, պետք է չէ նաև մեծ հույսեր կապել, թե ԱՄՆ-ը գլխակորույս շտապելու է Արցախին օգնության, առավել ևս` հաշվի առնելով Արցախում ռուսաստանյան ազդեցությունը: Սակայն, սենատական վերջին լսումները հսկայական կարևորություն ունեն առաջին հերթին իրավական գնահատականի և տեղեկատվական տեսանկյունից: Ինչպես նշել էինք նախորդ թողարկումների ընթացքում՝ միջազգային իրադրությունն այս պահին, գրագետ աշխատանքի դեպքում, հնարավորություն կտա հասնելու ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Սակայն, չի կարելի բաց թողնել այդ նեղ միջակայքը:

Իսկ տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից հետաքրքիր էին Իրանի պիրուետները: Մեկ շաբաթ առաջվա` Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի բաքվյան հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Իրանը չեզոք դիրք կբռնի Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի դեպքում: Շատ հավանական է, որ դրա ընթացքում և/կամ դրանից հետո կմեծացնի իր ազդեցությունը և ներկայությունը Սյունիքի հարավում` ստանալով վերահսկողություն այդտեղով անցնող ենթակառուցվածքների վրա: Իսկ հայկական մեդիատիրույթում տարածված այն ցնծությունը, թե Իրանը զորաշարժ է անում դեպի Ադրբեջանի հետ սահման, պարզապես զորաշարժ էր դեպի Իրաքյան Քրդստանի հետ սահման:

Միաժամանակ, շարունակում է աճել Հայաստանի ռազմական և քաղաքական համագործակցությունը Հնդկաստանի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ: Դա, անկասկած, մոտ ապագայում ավելի վառ կարտահայտվի` տարածաշրջանային գործընթացների համատեքստում: Եւ պետության միջազգային կշիռը բարձրացնելու հարցում անարհամարհելի նշանակություն ունի գրագետ բազմավեկտոր քաղաքականության վարումը:

Իսկ Արցախում ամենակարևորն այն է, որ բացառվի ցանկացած փորձ` հակադրվելու Մայր Հայաստանին` ի շահ այլ երկների: Արցախի ժողովուրդը և իշխանությունները պարտավոր են ձևակերպել հստակ օրակարգ` ոչ միայն Արցախի ներկա ճգնաժամից դուրս գալու, այլ նաև` Մայր Հայաստանի հետ հարաբերությունների շտկման ուղղությամբ, որի վերջնանպատակը պետք է լինի Մայր Հայաստանի հետ վերամիավորումը: Քանի որ, վերջ ի վերջո, չկա Արցախ առանց Հայաստանի և չկա Հայաստան առանց Արցախի:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ