Մայիսի 03, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Օգոստոսի 28, 2023

Վերջին շաբաթվա ընթացքում կրկին սկսեցին ակտիվորեն շրջանառվել բռնազավթված Ակնայից դեպի Արցախ մատակարարման ուղու բացման և Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում բանակցությունների թեմաները:

 

Ինչ վերաբերում է բռնազավթված Ակնայից որևէ տեսակի ապրանքի ներմուծմանն Արցախ, ապա պետք է հստակ գիտակցել, որ դա ոչ միայն չի դադարեցնի Արցախի շրջափակումը, այլ` այն կդարձնի ավելի սաստիկ:

Նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ է ենթադրում Ռուսաստանի առաջարկած տարբերակը: Ռուսաստանը` արտգործնախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների շուրթերով բազմաթիվ անգամներ հնչեցրել է այն. Ակնայից Ստեփանակերտ սկսում է գործել Քաշաթաղի միջանցքին հավասարազոր միջանցք, ինչին հաջորդում է Քաշաթաղի միջանցքի ապարգելափակումը:

Նշվածի վերաբերյալ կարելի է դիտարկել զարգացումների մի քանի հնարավոր սցենար.

Առաջին, ամենահավանական սցենարն այն է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը որպես փոխզիջումային տարբերակ կներկայացնեն Ակնայից միջանցքի բացման փոխարեն Ակնա-Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի նախագիծը: Առաջին փուլում` Ադրբեջանը կհամաձայնվի, որ ՀՀ տարածքից Արցախ ներմուծվի միայն պարեն, ընդ որում` միայն ռուսաստանյան զորախմբին պատկանող մեքենաներով: Փոխարենը` Ադրբեջանը կառաջարկի իր տարածքից ներմուծել վառելիք և տնտեսական ապրանք, իսկ դեղորայքը, սկզբնական ընթացքում, կառաջարկվի ստանալ ադրբեջանական Կարմիր մահիկից` կրկին Ակնայից: Վերջինի դեպքում, Ադրբեջանը կարող է ցուցադրաբար ներմուծել դեղորայքը, օրինակ, Կարմիր խաչի ժնևյան գլխամասից: Հաջորդ փուլում, երբ արդեն հնարավոր կլինի ցույց տալ, թե Ադրբեջանը բարեխղճորեն մատակարարում է անհրաժեշտ ապրանքը` Արցախի բնակչությանը, վերջինին կպարտադրվի վերջնականապես հրաժարվել բնական գազը և էլեկտրաէներգիան ստանալ ՀՀ-ից, փոխարենը` այն ստանալ Ադրբեջանից: Դրան արդեն կհաջորդի կամ դրան զուգահեռ վերջնականապես կարգելափակվի Արցախի ցամաքային կապը Մայր Հայաստանի հետ և կպարտադրվի պարենը ևս ստանալ Ադրբեջանից: Եւ այդ անգամ արդեն` Ռուսաստանն ու Ադրբեջանը կկարողանան մատնանշել Ակնայից իրականացվող մատակարարումների արդյունավետությունը: Իսկ այդ դեպքում, եթե ոչ անհնարին, ապա` շատ դժվար կլինի առաջ մղել Քաշաթաղի միջանցքի ապարգելափակման օրակարգը:

Մեկ այլ սցենարն այն է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը, այդուամենայնիվ, կպնդեն` Ակնայից հենց միջանցքի հաստատման վրա: Ընդ որում` փուլային իրագործման տեսանկյունից այն շատ չի տարբերվի առաջին սցենարից:

Եւ իհարկե, շատ հավանական սցենար է նաև այն, որ հայկական կողմից կորզելով համաձայնություն առ այն, որ Ակնայից որևէ ձևով մատակարարում իրականացվի դեպի Արցախ, ոչ միայն Քաշաթաղի միջանցքը չբացվի, այլ` հենց առաջին փուլից պարտադրվի ադրբեջանական պարենի ներկրումը: Ավելին, շատ հավանական է, որ ադրբեջանական շարասյուներն ուղեկցվեն ուժային կառույցների ներկայացուցիչներով, քաղաքական գործիչներով, տարբեր մասնագետներով, որոնք հասնելով Ստեփանակերտ սկսեն հակահայկական գործունեությամբ զբաղվել, ուղեկցելով դա` իրենց գործողությունների տեսահեռարձակմամբ:

Ամեն դեպքում` բռնազավթված Ակնայից որևէ մատակարարման համաձայնելու դեպքում, այդ ուղու բացումից ամենաուշը 2-3 ամիս հետո, Քաշաթաղի միջանցքն ամբողջովին արգելափակվելու է, այդ թվում` ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվողների համար: Մարդկանց տեղաշարժի համար ևս կառաջարկվի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքը, իսկ բուժման համար` ադրբեջանական հիվանդանոցները և Կարմիր մահիկը:

Ինչ վերաբերում է բանակցություններին: Ռուսաստանը և Ադրբեջանը նպատակաուղղված վիժեցնում են միջնորդական ջանքերը` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև երրորդ երկրում հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Այս հարցում պետք է հստակ գիտակցել, որ երկու կողմերի միջև թե՛ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, թե՛` Արցախում տեղակայված ռուսաստանյան զորախմբի կենտրոնակայանում բանակցությունների անցկացումը հավասարաչափ ուղղված են լինելու հայկական շահերի դեմ: Ռուսաստանը ճանկերով կառչած է Արցախում իր ներկայությունից և շարունակելու է ամեն հնարավորինն անել, որպեսզի ձախողի այլ միջնորդների ներգրավումը խնդրում և Արցախի կարգավիճակի հստակեցման ուղղությամբ բոլոր ջանքերը, քանի որ այդ դեպքում դուրս կմղվի ոչ միայն Արցախից, այլ նաև` ողջ տարածաշրջանից: Եւ Արցախի իշխանությունները պետք է անեն հնարավորինը, որպեսզի թույլ չտան, որ Ռուսաստանը, գործադրելով ճնշման իր ունեցած բոլոր լծակները, վերջնականապես քայքայի Արցախի ինքնիշխանությունը և ինքնապաշտպանական կարողությունը: Իսկ այդ ուղղությամբ, վստահաբար, Ռուսաստանն աշխատում է: Եւ մոտ ապագայում, անկասկած, մեծացնելու է իր ջանքերը, որպեսզի Արցախը լիովին կախված մնա իրենից և չունենա հակադրելու ոչինչ:

Վերջին շաբաթվա ընթացքում մեծացել է նաև ներքաղաքական լարվածությունն Արցախում: Շատ կարևոր է, որ Արցախի բոլոր քաղաքական ուժերը վերջապես կոնսոլիդացվեն և համադրեն իրենց ուժերը` հանուն Արցախի: Անձնական ամբիցիաները, անձնական շահը, օտար երկրներին լոյալությունը, մորթապաշտությունը և թուլամորթությունը շռայլություններ են, որոնք իրենց կարող են թույլ տալ այն երկրների քաղաքական ուժերը, որտեղ գոյաբանական սպառնալիք չկա: Իսկ Արցախն այս պահին փաստացի կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ և անթույլատրելի է նման վարքագիծը: Շատ կարևոր է նաև, որպեսզի Արցախի բնակչությունը ևս հասկանա պահի ողջ լրջությունը: Եւ բոլո՛րը պետք է գիտակցեն, որ Հայրենիքը սիրում են, պահում են և զարգացնում են ոչ թե պոռոտ արտահայտություններով և բաժակաճառային ճոռոմաբանություններով, այլ` անձնվեր և նպատակաուղղված աշխատանքով: Եւ իսկական հերոսությունը ոչ թե՝ ահագնացող դժվարություններն անդիմադիր հանդուրժելն է, այլ` պայքարելու վճռականություն և կամք դրսևորելը, որպեսզի ապագա սերունդներն ստիպված չլինեն անցնելու այդ նույն զրկանքների միջով, այլ` ապրեն ազատ և արժանավայել կյանքով` անկախ և հզոր Հայրենիքում:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ