Դեկտեմբերի 03, 2024

Սեփական տանիքի սպասումով

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 04, 2021
Սեփական տանիքի սպասումով iStock
Ղուկասյանների բազմազավակ  ընտանիքը   ապրում է Ստեփանակերտում վարձակալված  երկուսենյականոց  տան մեջ։   Ընտանիքը 5 երեխա ունի, ավագը չափահաս  է դարձել մի քանի ամիս առաջ, փոքրը 5 տարեկան է։ Բնակարանը մինիմալ կենցաղային պայմաններ չունի՝ ասում է ընտանիքի մայրը՝ տիկին Անահիտը։ 
 
«Երկու փոքր սենյակ է, ամբողջն իրար վրա։ Երեխաներն արդեն մեծ են՝ 17-18 տարեկան, չի ստացվում այսպես ապրենք»։
 
Անահիտ Համբարձումյանը չի աշխատում, ամուսինը՝ Նաիրի Ղուկասյանը,  զինծառայող է:  Արդեն 18 տարի է  այս ընտանիքը բնակարան ստանալու իր  հերթին  է սպասում, բայց մինչ օրս,  յոթհոգանոց ընտանիքը  ապրում է վարձակալությամբ:  Վերջերս բնակարանային խնդրի սրացման պատճառով  կարող  են այս տունն էլ կորցնել,  ասում է 5 երեխաների մայրը։
 
«Տանտիրուհին ընտանիքի հետ ներքևի հարկում է ապրում, ասում է, որ գալու ենք սենյակները վերանորոգենք, կամ իրենք մնան այդտեղ, կա՛մ իրենց հադրութցի բարեկամները»։
 
Բնակարան ստանալու համար տիկին Անահիտը դիմել է Աշխատանքի, սոցիալական ու միգրացիայի հարցերի նախարարություն: Անհրաժեշտ թղթերը հանձնել էր 5-րդ երեխան ծնվելուն պես, ասում է,  ցուցակով 31րդ-ն են։ Պատերազմից հետո, երբ բնակարանային խնդրի առաջ կանգնածների թիվը բազմապատկվել է,  փոխվել են  նաև պետական մոտեցումներն ու  առաջնահերթություններն  այս հարցում։ Փոփոխության է ենթարկվել նաև  ծնելիության և բազմազավակության խթանման ծրագիրը:   Արցախի Բնակարանային կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանն է պարզաբանում․
 
«Բոլորին պետք է հերթականությամբ ապահովենք։ Եթե նախկինում բազմազավակները հերթագրված էին, ըստ գրանցման հաջորդականության, ապա հիմա կհերթագրվեն ըստ կարիքի։  Արցախյան ընտանիքում, երբ 5-րդ երեխան ծնվում է, անկախ նրանից թե քանի բնակարան ունի այդ ընտանիքը, նորից պիտի բնակարան տրամադրվեր։ Ստեղծվում է այնպիսի իրավիճակ՝ օրինակ, 3-րդ համարի ընտանիքը, որն ունի 2 բնակարան, դիմում է, որ նորից բնակարան ստանա, իսկ 72-րդը բնակարան չունի, կամ շատ վատ պայմաններում է ապրում։ Հիմա այդ հերթացուցակն ըստ կարիքի ենք սահմանելու»։
 
Բնակարանների տրամադրման համար նոր մեխամիզմ է մշակվելու, որը բալային համակարգի միջոցով հաշվառելու է ընտանիքներն՝ ըստ կարիքի։  Մարդկային գործոնը   նվազագույնի  է հասցվելու՝ ասում է Արմեն Մանգասարյանը։ Տիկին Անահիտը դիմել է Բնակարանային կոմիտե։   Հարցին  հստակ պատասխան  չի տրվել։ Խնդրել են  ավելի ուշ մոտենալ: Զրուցակիցս հասկանում է, որ այսօր իր պես շատերն են գլխավերևում տանիք ուզում: Բայց բազմազավակ իր ընտանիքի հարցն էլ օր առաջ լուծում է պահանջում: 
 
 «Աստված տա բոլորին բնակարանով ապահովեն, այդ թվում նաև մեր ընտանիքին։ Ես սրտանց ուզում եմ, որ բոլորի գործերն էլ ստացվեն։ Թող 5 սենյականոց բնակարանի փոխարեն 3 սենյականոց տան, մենակ թե ապրելու տեղ ունենանք», -ասում է Անահիտ Համբարձումյանը։ Բնակարան ստանալու իրենց հերթին են սպասում հազարավոր  ընտանիքներ: Եվ միայն շուրջբոլորն ընթացող  ակտիվ բնակարանաշինությունն է, որ հույս ու համբերություն է ներշնչում  տարիներով սեփական տան երազանքով ապրող այս ընտանիքին:
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ