Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց. հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալու է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը: Հանդիպման նախօրեին՝ այսօր, Ստեփանակերտի վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հերթական բազմամարդ հանրահավաքը՝ հստակ մեսիջներով: Ինչքանո՞վ կապ ունեն այս երկու իրադարձությունները միմյանց հետ և արդյո՞ք Ստեփանակերտում տեղի իրադարձությունները որևէ դեր կխաղան Բրյուսելի բանակցային սեղանին, լսե՛նք Ասպրամ Ավանեսյանի ռեպորտաժում:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգոյանն աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվելու ժամանակ անոնսավորել էր Բրյուսելում կայանալիք հանդիպումը՝ հստակ ամսաթիվ չնշելով: Երեկ ՀՀ Կառավարության նիստին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ հուլիսի 15-ին Բրյուսելում հանդիպելու է ԵԽ-ի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բրյուսելյան հանդիպման ամսաթիվը հայտնի դառնալուց ժամեր անց, Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես եկավ ուղերձով, որում ի թիվս այլ կոչերի, հայտարարեց.
«Առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները: Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում»:
Ավելի վաղ՝ անվտանգության խորհրդի հերթական նիստի ժամանակ, հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Քաշաթաղի միջանցքի ապաարգելափակման հարցով միջազգային կառույցների կոչերն արդյունք չեն տվել: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ անցած տարվա հոկտեմբերի 31-ին Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման նախօրեին ևս Արցախում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք: Կողք կողքի դնելով փաստերն ու իրողությունները կարող ենք ենթադել, որ Արցախում տեղի ունեցած առնվազն 2 հանրահավաք կազմակերպվել են հենց եռակողմ հանդիպումներին ընդառաջ: Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը կարևորում է նման հավաքների կազմակերպումը, անկախ նրանից՝ բրյուսելյան կամ մոսկովյան հանդիպման, թե միջազգային հանրության համար են կազմակերպվում դրանք:
«Ուրախ եմ, որ Արցախը ակտիվ է, և ակտիվ է քաղաքացիական հասարակության մակարդակում: Պետք է բոլորին ցույց տալ, որ Արցախը ո՛չ քնած է, ո՛չ մահացած է, որ Արցախը կենդանի է, շնչում է և իր իրավունքների պահանջատերն է լինելու: Դա շատ կարևոր է: Բայց սրան զուգահեռ այն քաղաքական հայտարարությունները, որ ես լսեցի հանրահավաքի ժամանակ խնդրանք-աղերս էին, ուղղված աշխարհին: Խնդրանք-աղերսները դեռևս Խրիմյան Հայրիկի ժամանակներից ամբողջ աշխարհը չի ճանաչում և անհաղորդ է: Արցախահայերը և արցախցիները մեկ մեսիջ պետք է ուղարկեն ամբողջ աշխարհին. մենք այստեղ ենք, ապրելու ենք և կռվելու ենք»:
Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ Արցախում տեղի ունեցած հանրահավաքն ուղերձ էր ամբողջ աշխարհին, չնայած ինչպես քաղաքագետն է ասում, Խրիմյան Հայրիկի ոճով ուղերձ էր: Քաղաքագետ Դավիթ Հարությունովը, հաշվի առնելով Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը, կարծում է, որ Ստեփանակերտի հանրահավաքը ոչ թե միայն, այլ` նաև բրյուսելյան հանդիպման համար է կազմակերպվել:
«Ասել, թե միայն բրյուսելյան հանդիպման համար է կազմակերպվել հանրահավաքը, մի քիչ չափազանցեցրած կլինենք: Մենք գիտենք, որ Արցախում իրավիճակը գնալով վատանում է ու բավականին երկար ժամանակ իշխանություններն էլ, որոշակի կառույցներ էլ, հասարակական կազմակերպություններն էլ դրա մասին անընդհատ ասում են: Բայց ես կարծում եմ հստակ է, որ արցախյան կողմը ուզում է օգտագործել այդ հանդիպումը նաև, որպեսզի բոլոր խնդիրների մասին բարձրաձայնվի, որ չլինի մի այնպիսի իրավիճակ, երբ բանակցային գործընթաց է ընթանում և անտեսվում է այն իրավիճակը, որը Արցախում կա, կամ եթե չի էլ անտեսվում, տեսնում ենք, որ հնչում են ինչ-որ հայտարարություններ, որոնք միայն բարի ցանկություններ են»:
Բայց ի՞նչ սպասել բրյուսելյան հերթական հանդիպումից. այն լինելու է հավասարը հերթականների մեջ, թե՞. ինչպես ասում են, «հողի վրա» արդյունք է տալու: Վաշինգտոնում հունիսի վերջին կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպման արդյունքներով` կողմերը հայտարարել են, որ որոշակի առաջընթաց են գրանցել: Վաշինգտոնում ավելի շատ տեխնիկական հարցերի շուրջ են ծավալվում բանակցությունները, իսկ Բրյուսելի հարթակը օգտագործվում է ծագած խնդիրները լուծելու համար. հիմնվելով առկա տեղեկատվության վրա՝ ենթադրում է Դավիթ Հարությունովը:
«Ինչքանով առաջընթաց կլինի դժվար է ասել, որովհետև այն կետերը, որոնք մնացել են, համակարգային, բարդ ու դժվար բնույթ են կրում: Դա Արցախի հարցն է, կոմունիկացիաների հարցն է, դրանց աշխատանքի մեխանիզմների հարցն է, սահմանային խնդիրն է, դրա համար դժվար է ասել, թե այս պահին մեծ առաջընթաց կարող է լինել»:
Բրյուսելյան հերթական հանդիպմանը հնարավոր մեծ առաջընթացի հանդեպ թերահավատ է նաև Գուրգեն Սիմոնյանը: Խաղաղության պայմանագրի մասին խոսելը քաղաքագետը վաղ է համարում: Քանի դեռ խաղաղության իրողություններ չկան, փաստաթղթի մասին խոսելն անիմաստ է՝ ասում է:
«Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ փաստաթուղթն է վճռորոշ, մոլորության մեջ են: Փաստաթուղթը չէ վճռորոշ, վճռորոշն այն իրողությունն է, որը ձեռք է բերվում ուժերի բալանսի միջոցով: Լիիրավ իրավաբանական ուժ ունեցող խաղաղության փաստաթուղթ կարող է կնքվել միայն խաղաղության իրողությունների պարագայում, երբ որ ուժային հավասարակշռություն կա և կողմերից ոչ մեկը չի կարող պատերազմի միջոցով իր առավելապաշտական մոտեցումները սպասարկել՝ սա մեկ, կամ երբ որ պատերազմի վերջնաարդյունքում կողմերից մեկն ակնհայտ առավելության հասնելով արդեն կապիտուլացիայի է ենթարկում մյուս կողմին՝ հստակ պարտադրելով իր առավելապաշտական կամքը: Այս երկու պարագան մեր դեպքում չկան. պատերազմը կանգնեցված է միջազգային խաղացողների ներգրավվմամբ, դիվանագիտական հովանոց ձևավորելով և ուժային բալանս չկա»:
Զրուցակիցներս թերահավատ են բրյուսելյան հանդիպմամբ հնարավոր խոշոր փոփոխությունների և որոշումների կայացման հարցում, բայց ամենևին էլ չեն նսեմացնում կայացած և կայանալիք բանակցային հանդիպումները, դրանք համարելով շատ կարևոր ռեսուրս՝ ժամանակ, որը ինքնանպատակ վատնելու շռայլություն չունենք: Պետք է այս ընթացքում ի մի բերել մեր պաշտպանունակությունը՝ ասում են: