Դահլիճում նրանք էին, որոնք 30 տարի առաջ այս օրը Շուշիի ամրոցում էին և նրանք, որոնք խոստանում են նորից լեռներում հարսանիք անել։ «Պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը եռատոնի շունչը շտապում է մայրաքաղաք բերել։ Ասմունքը, երգն ու պարը ապահովում են տոնական տրամադրությունը։ Պատմաբան Արմինե Խաչատրյանի խոսքով՝ չնայած Եռատոնի թագուհին՝ Շուշին, այսօր նորից գերության մեջ է, այնուամենայնիվ պատմության մատյաններում հաղթանակի էջերը չեն ջնջվում, հակառակը դրանք ուժի իրական աղբյուր են դառնում, որը ստիպում է թարմացնել դրանք։
«Յուրաքանչյուր պարտություն և կորուստ կարող է դառնալ նոր առաջընթացի և նոր ձեռքբերումների մեկնակետ»։
Արցախյան առաջին պատերազմում իրարից անկախ գործող ջոկատները 1992 թվականին ձևավորեցին կանոնավոր բանակ։ Մեր զինվորները ռուսական բանակում ծառայելու փոխարեն` համալրեցին մեր բանակի շարքերը։ «Պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամ, փոխգնդապետ Շիրակ Զաքարյանը հայոց բանակի մարտունակությանը չի կասկածում, միևնույն ժամանակ նշում է, որ կային թերություններ էլ, որոնք 44-օրյա պատերազմում իրենց հետևանքներն են թողել։
«Հայոց բանակը մեծ ջանքերի շնորհիվ համալրվեց կրտսեր, ավագ և բարձրագույն սպայակազմով, մասնագետ կադրերով։ Տարիների աշխատանքի արդյունքում բարձրացել է սպաների և զինվորների մարտական պատրաստվածության մակարդակը, ամրապնդվել կարգապահությունը։ Դրա վառ դրսևորումն էր 2016 թվականի քառօրյա պատերազմում տարած հաղթանակը։ Սակայն, ցավոք սրտի, կային իհարկե թերություններ, չլուծված խնդիրներ, եղել են սխալներ ու ձախողումներ․ դանդաղում էր բանակի արդիականացման գործընթացը»։
Հետպատերազմյան շրջանում, անկախ 44-օրյա պատերազմի արդյունքներից, կարևոր է որակապես նոր հիմքերի վրա դնել բանակ-հասարակություն հարաբերությունները՝ ասում է փոխգնդապետն ու ավելացնում՝ բանակը այն կառույցներից է, որ պահանջում է անընդհատ արդիականցում ու ամենօրյա աշխատանք։ Կարմեն Ասլանյանը հիշում է տոնական միջոցառումներն ու շքերթերը։ Այսօր փորձել ենք այդ տրամադրությունները միասին վերապրել՝ ասում է։
«Մենք ծանր ժամանակներում ենք ապրում և այս օրերը պետք է միասին հաղթահարենք։ Մենք չպետք է մոռանանք մեր հաջողությունները, մենք պետք է հիշենք ու մեծարենք այն քաջերին, որոնք անհավանական մարտերում հաղթանակներ են գրանցել, կարողացել են ազատագրել մեր մշակութային մայրաքաղաքը՝ Շուշին»։
Հայ ժողովուրդը անմասն չի մնացել նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին, որին մասնակցել են շուրջ 600 000 հայ։ Նրանցից 108-ը արժանացել են Խորհրդային միության հերոսի կոչման, 2-ը կրկնակի հերոսի, 27 շարքային զինվոր դարձել են Փառքի շքանշանակիր, իսկ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով։ Հայրենական պատերազմին մասնակցել է նաև Արցախը։
«Հայրենայան մեծ պատերազմում ակտիվ մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարբաղի ինքնավար մարզը։ ԼՂԻՄ-ի բնակչության մեկ երրորդից ավելին զորակոչվել է բանակ՝ շուրջ 45 000 հոգի, որոնցից 23 000-ը չեն վերադարձել։ Խորհրդային միության հերոսի կոչման արժանացել են 21 ղարաբաղցիներ, Փառքի շքանշանի երեք աստիճանի ասպետի կոչման՝ 5-ը, իսկ 15 000-ից ավելին՝ տարբեր շքանշանների»։
Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, կրթության և մշակույթի ոլորտի աշխատողներ։ «Պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն մկիջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցած կրթօջախներին պարգևատրել է պատվոգրերով։