Նոյեմբերի 25, 2024

Տխուր եռատոն․այն մեզ միասնություն ու նոր հաղթանակներ է պատգամում

By Սրբուհի Վանյան Մայիսի 09, 2023
44-օրյա պատերազմում պարտությունից հետո այդ օրը իր խորհուրդը չի կորցրել և այն, ինչ արել են մեր հայրերն ու եղբայրները, չի նսեմացվի բնավ։ Այսօր, թող որ համեստ, թող որ՝ այլ քայլերով, բայց միջոցառումներ Արցախում անցկացվում են։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և կառավարության անդամները, պետական այլ պաշտոնյաների հետ միասին այցելել են Հուշահամալիր՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհել։ Տրամադրություններն, իհարկե չեն կարող նույնը լինել, բայց արյամբ ձեռք բերված հաղթանակները չեն կարող արժեզրկվել՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն է ասում․ 
 
«44-օրյա պատերազմը բոլորի հոգիներում սպի թողել է, բայց մենք հայտնի ենք մեր վերականգնվելու բարձր կարողությամբ, և համոզված եմ, որ պետք է ըստ արժանվույնս գնահատենք մեր հաղթանակները և այդ հաղթանակները կերտողներին»։
 
ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի խոսքով, Եռատոնն այսօր էլ մնում է հայ ժողովրդի ամենանվիրական տոներից մեկը։ Անհաջողություններից չենք կոտրվելու և ինչքան որ կանք ու ապրում ենք այս նվիրական հողի վրա, հաղթանակներ էլի գրանցելու ենք։ 
 
«44-օրյա պատերազմից հետո հանրության մեջ իրարամերժ կարծիքներ կան՝ նշել Եռատոնը, թե ոչ։ Եռատոնը պիտի նշվի, ուղղակի պետք է վերաիմաստավորենք, նպատակ ունենալով հետագա քայլերը մեր տանել նրան, որ հաղթանակներ էլի ունենանք։ Պետք է միաբանվեք, իսկ Եռատոնը պիտի դառնա պայքարի ու միասնության խորհրդանիշ։» 
 
Մայիսյան եռատոնի նախօրեին մտորումների մեջ էի, ստեղծված իրավիճակի, տոնի, պարտության, անելիքների մասին էին մտքերս՝ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է կիսվում զգացողություններով։ Հաղթանակ լինելու է, կլինի այն մայիսի 9-ին, թե ոչ՝ կարևոր չէ, կարևորը, որ մենք հավատանք մեր ուժերին ու այդ հաղթանակին՝ ասում է։ 
 
«Այո, չկա հրավառություն, տոնախմբություն, բայց կա վստահությունը, որ լինելու են էլի հաղթանակներ, տոնելու ենք այն։ Տոնն իր խորհուրդը չի կորցրել, բայց պետք է դասեր քաղենք,իսկ այսօրը առիթ է հիշելու, թե հանուն ինչի են զոհվել մեր տղաները, ինչ են պատգամել։ Մենք կունենանք ազատ ու անկախ Արցախ և տղաների պատգամից հետ չենք կանգնի»։
 
 Այն բանի մեջ, որ մայիսի 9-ի խորհուրդը նոր իրողությունների պատճառով չի կարող փոխվել, համոզված է նաև պատմաբան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը։ 
 
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո լիովին այլ իրավիճակում ենք հայտնվել, բայց դա չի նշանակում, որ մայիսի 9-ը իր խորհուրդը փոխել է։Պետք է արժեվորենք ու այդ հաղթանակների հիմքի վրա էլ կառուցենք պետությունը, հաղթահարելով դժվարությունները։» 
 
Արցախյան երրորդ պատերազմում զոհված ու անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ, նույնպես կորուսյալ որդու հայր Արմեն Ասրյանը համոզված է՝ մայիսի 9-ը և տոնական օր պիտի լինի, և դասերի, եզրահանգումների , և առաջիկա ծրագրերի ու նպատակների նախանշման օր։ 
 
«Մեր տղաներն ինքնազոհության գնով գրանցել են հաղթանակի արդյունքը։ Ազատագրելով Շուշին՝ մեր ազատության, անկախության խորհրդանիշը։ Մենք դա մոռանալ չենք կարող։ Մտահոգ պիտի լինենք, մտածված քայլերով պայքարենք այստեղ ապրելու համար։»
 
 Ժողովրդի միասնության ու համախմբվածության մեջ է տեսնում հաղթանակը նաև 90-ամյա Վազգեն Ալավերդյանը, ում հայրը Հայրենական Մեծ պատերազմի վետերան էր, և ինքը, մենակ, եկել է իր երախտիքը հայտնելու ինչպես Մեծ Հայրենականի զոհերին, այնպես էլ Արցախյան պատերազմների։ 
 
«45000 մասնակից է ունեցել այս փոքրիկ Արցախը հայրենական պատերազմին, կեսն են վերադարձել։ Տվել ենք մարշալներ, գեներալներ։ Հիմա էլ դժվար իրավիճակում ենք, բայց այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե միասնական ու համախմբված լինենք»։
 
 Այսօր Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում ի հիշատակ Հայրենական պատերազմում, Արցախյան պատերազմներում զոհված հերոսների , կատարվել է հոգեհանգստյան կարգ, ապա կազմակերպվել է խաչերթ դեպի Հուշահամալիր ու Վերածննդի հրապարակ։
 
 Ժամը 12-ին Արցախում հայտարարված էր լռության րոպե։ Այսպես, այս տխուր մայիսի 9-ի գլխավոր կարգախոսը միասնությունն է․ սերունդների, քաղաքական ուժերի, նախկինների ու ներկաների, իշխանության ու ընդդիմության, հանրային տարբեր շերտերի, մտավորականի ու բանվորի միասնությունը։ Որպեսզի նորից ու կրկին, իրար տեսնելիս, լիաթոք կարողանանք ողջունել իրար, ասելով՝ շնորհավո՜ր հաղթանակներդ, հայոց աշխարհի հաղթանակա՛ծ, պայքարո՛ղ ժողովուրդ, դուք պահեցիք ձեր արժանապատվությունը ՝ վեր կանգնելով մանր, նվաստ միջավայրից ու անձնական շահերից, Դուք այս հաղթանակին արժանի եք։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ