Նոյեմբերի 24, 2024

Կորսված բերդաքաղաքի չկորսված հույսը

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 09, 2023

Մոտենում է մայիսի 9-ը: Օր, որը երկար տարիներ փոխարինում էր Արցախյան պատերազմի հաղթանակի տոնին: Դա պատահական չէր, քանի որ 1992 թվականի մայիսի 8-ին Շուշիի ազատագրումն առաջին խոշոր բեկումներից մեկն էր: Սակայն պատմությունը սովորություն ունի պարբերաբար խրատելու նրանց, ովքեր դասեր չեն քաղում իրենից: Եւ հենց Շուշիի ճակատամարտով ավարտվեց 2020 թվական հայ-ադրբեջանական պատերազմը: Քաղաքում էր գործում Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Դրա տնօրեն Գոհար Մարգարյանը պատմում է, որ իրենց կենտրոնը մեծապես ներգրավված էր քաղաքի մշակութային և հասարակական կյանքում: 

«Բոլոր երեխաները մեզ զանգում էին, ասում էին` բա, որ մենք այլևս չենք հաճախելու խմբակների, բայց մենք ասում էինք, որ անպայման նորից հավաքվելու ենք իրար կողքի: Կարծում եմ, որ բոլորիս ձեռքերը շատ կարճ են Շուշիի հարցում, և մենք Շուշիի համար չենք անում այն, ինչ պետք է անենք: Միայն կարողանում ենք Շուշիի հուշերը, պատմությունները, ստեղծագործական կյանքը մեր հուշերում, մեր հոգիներում, մեր սրտերում պահել, և պահպանել նաև երեխաների մեջ: Այդպիսով, մենք, կարելի է ասել, կրկին Շուշիի կյանքով ենք ապրում` Շուշին պահելով մեր սրտերում, մեր հուշերում»:

 Պատերազմից հետո կենտրոնը տեղափոխվել է Ստեփանակերտ: Կենտրոնի սաների մեծամասնությունը Շուշիի շրջանից տեղահանված պատանիներն ու երեխաներն են: Նոր միջավայրն ու նոր իրողությունները հեշտ չեն, բայց կենտրոնի սաները շարունակում են ստեղծագործել: 

«Չնայած, որ Շուշիում չենք հիմա, բայց ուր էլ, որ լինենք` մեր տունը մնում է Շուշին: Շուշին մեր տունն է և մենք վերադառնալու ենք Շուշի, անպայման, մեր տունը, այնպես, ինչպես զավակն է վերադառնում իր հայրական օջախը: Եւ այդ հույսն ու հավատն է, որ մեզ պահում է և մենք չենք ընկճվում: Եւ քանի որ գործը մեր երեխաների հետ է, իրենք մեզ ոգևորում են, ժպտալով գալիս են ևն, մենք պարտավորված ենք այդ գործը` երեխաների ազատ ժամանցի կազմակերպումը, նրանց ստեղծագործական կյանքը կազմակերպել բարձր մակարդակով»: 

Շուշիի ազատագրման տոնը միշտ մեծ շուքով է նշվել քաղաքում, բայց վերջին պատերազմից և Շուշիի անկումից հետո շատ բան է փոխվել. 

«Քաղաքը լրիվ բերում էինք մաքուր վիճակի, տոնական նախապատրաստական աշխատանքներ էինք անում: Շուշիի դիրքն այնպիսին է, որ ապրիլյան անձնրևները կարծես թե լվանում էին և Շուշին իսկապես փայլում էր: Նախ մայիսի 9-ին մենք ամեն անգամ ծաղկեպսակադրության արարողություն էինք կատարում առավոտից, հետո արդեն տոնական համերգը քաղաքային, որին մասնակցում էին Շուշիի մշակույթի բոլոր օջախները, դպրոցները և շատ մեծ շուքով էինք անցկացնում: Նաև հյուրեր էին լինում. հայտնի երգիչ-երգչուհիներ, վետերաններն էին գալիս Շուշի` իրենց տոնական հագուստներով, մեդալներով, իրենց պարգևներով, հանդիսավոր ներկայանում էին, և շատ հետաքրքիր, մեծ շուքով անց էինք կացնում մայիսյան եռատոնը Շուշիում: Երեխաները միշտ շատ էին ոգևորվում: Հիմա լրիվ հակառակն է. երբ տոները մոտենում են, չգիտենք` ինչ պետք է անել, շատ դժվար է...»:

 Այդուամենայնիվ, շուշեցիները խորապես գիտակցում են, որ իրենց քաղաքը մարտով չի հանձնվել և գիտեն, որ հայ զինվորը չի պարտվել: Նրանք չեն կորցնում վստահությունը, որ Արցախի պատմական կենտրոնը վերաազատագրվելու է և կրկին լինելու է հայկական:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ