Հազարավոր մարդիկ, րոպեական լռություն, տերունական աղոթք, հայկական եռագույններ, հայրենասիրական երաժշտություն, կոչեր, ազգային երգ ու պար. Վերածննդի հրապարակում ուրախությունն ու թախիծն այսօր կողք կողքի էին, մի կողմից` նախկին փառավոր հաղթանակների և ձեռքբերումների բերկրանքը, մյուս կողմից` ներկա իրողությունը` գոյաբանական վտանգ, պետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներ: Իհարկե` ներկան չի կարող մոռացության մատնել անցյալի մեր փառավոր հաղթանակները, բայց ներկան իր խաղն է թելադրում, հրամայում` անցյալից դասեր քաղել և առաջ շարժվել: Չնայած բոլոր աշխարհաքաղաքական և գլոբալ գործընթացներին, արցախցին համոզված է, որ ինչպես արցախյան շարժման ժամանակ, այնպես էլ հիմա, յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան: Հատկապես երիտասարդների ակնքալիքներն են մեծ այս հանրահավաքից` ասում է Լաուրա Գրիգորյանը, ով եկել էր իր ուսանող ընկերների հետ մասնակցելու մեծ իրադարձությանը:
«Հանրահավաքի նպատակը, իմ կարծիքով, ժողովրդին համախմբելն է, համախմբված ոգի ստեղծելն է: Ճիշտ է` հասկանալի պատճառնելով այսօր մայիսյան եռատոնը մենք ամբողջ սրտով չենք նշում, բայց նաև չպետք է մոռանանք, որ մենք ունեցել ենք փառավոր հաղթանակներ: Մենք պետք է մեր մտածելակերպը փոխենք հենց այդ ուղղությամբ, դեպի հաղթելը և ավելի շատ կենտրոնանանք հաղթելու վրա»:
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման երիտասարդներին միավորել է հայրենիքի գաղափար: Մենք չենք կարող լուռ և անտարբեր հետևել, թե ինչպես են մեզնից խլում մեր հայրենիքը` ասում են: Մի քանի օրվա ընթացքում ավել քան 120000 հայ իր ստորագրությամբ «ոչ» է ասել Ադրբեջանի էթնիկ զտմանը: Ստորագրահավաքը դեռ շարունակվում է: Կազմակերպիչները հետագա անելիքներն են ներկայացրել:
«Այդ ստորագրությունները մեր համախոհների խումբը կփոխանցի Երևանում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին»:
Հետո ամբիոնին մոտեցավ ակցիայի նախաձեռնողներից Դավիթ Բաղրյանը: Նա, նախ, շնորհավորեց Եռատոնի կապակցությամբ, ապա` շնորհակալություն հայտնեց Եռատոնը պարգևողներին: Դավիթը ձեռքում 2 թուղթ էր պահում: Մեկը` 1988թ ստորագրահավաքի թղթերից է, մյուսը`մեր օրերի ստորագրահավաքի: Նպատակի շուրջ մեր համախմբումը 35 տարի առաջ հենց այսպես է սկսվել` ասում է Դավիթ Բաղրյանը:
«Մենք Արցախի Հանրապետությունն ենք, մենք Ադրբեջանը չենք, մենք ենք մեր տան տերը, մենք ենք որոշելու ինչպես, որտեղ ապրենք և ում հետ բարեկամություն անենք»:
«Ո՛Չ Արցախ էթնիկ զտմանը» ակցիային առաջիններից մեկը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը էր միացել: Նա այսօր ևս երիտասարդների կողքին էր: Արցախի համար պայքարը միայն զինված կռվելը չէ, այլ նաև հավատարմությունը սկզբունքներին, անձնականը պետականին ստորադասելու պատրաստակամությունն է, ասում է Վարդանյանը և արձանագրում` խոսքից գործի անցնելու ժամանակն է:
«Այսօր մենք պատմություն ենք կերտում: Պատմության մեջ մենք ենք հիշվելու, մենք ենք մնալու, ոչ թե վախկոտները, կոռումպացվածները, անտարբերները: Մենք ենք մնալու պատմության մեջ որպես մարդիկ, ովքեր հայ աշխարհում կանգնել ու պաշտպանել են հայի արժանապատվությունը: Ես վստահ եմ, որ դարերի ամենակարևոր էջը դա է լինելու»:
Եռատոնը շուրջ 3 տարի է նախկինի պես չի նշվում: Հայաստանում և Արցախում ավանդական շքերթներ և զորահանդեսներ այլևս չեն կազմակերպվում, բայց այստեղ բոլորը հիշում են թե Արցախյան բանակի ստեղծումը, թե Շուշիի ազատագրումը և թե Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը: Այսօր Արցախում Եռատոնը «նշվեց» հանրահավաքով: Հանրահավաք, որը, ըստ նախաձեռնողների, կարող է նոր մայիսների սկիզբ դառնալ: