Նոյեմբերի 22, 2024

Շարժում-88․ 34 տարի անց

By Մարգարիտա Ղուշունց Փետրվարի 20, 2022

Ուղիղ 34 տարի առաջ այս օրը՝ 1988թ փետրվարի 20-ին, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում` մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հարցով Ադրբեջանական, Հայկական եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդություն ներկայացնելու մասին։ Որոշումն անմիջապես որակվեց որպես պատմական և նոր որակ հաղորդեց արդեն մեկ շաբաթ շարունակվող հրապարակային պայքարին:
Այն համարվեց Արցախի Վերածննդի օր, Լենինի անվան հրապարակը, որտեղ տեղի էին ունենում հիմնական իրադարձությունները, կոչվեց Վերածննդի հրապարակ:
Անվանը հարիր` Արցախն օրը նշում էր տոնական տրամադրությամբ: Այսօր շատ բան փոխվել է: Բայց օրվա խորհուրդը նույնն է մնացել: Արցախյան երրորդ պատերազմից հետո ավելի է արժևորվում ազգային զարթոնքի գաղափարը:
Այսօր երկրի իշխանությունները Ստեփանակերտի հուշահամալիրում էին` հարգելու հանուն հայրենիքի փրկության նահատակվածների հիշատակը: Նրանց հետ էին նաև հատուկ այս առիթով Հայաստանից Արցախ եկած հասրակական- քաղաքական գործիչներ:
Մեր գործողությունները պետք է համապատասխանեցնել այսօրվա իրողություններին, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Օրվա խորհուրդը պետք է ուժ տա` հաղթահարելու հոգեբանական ու նյութական խնդիրները` ասում է պետնախարար Արտակ Բեգլարյանը: 1988-ի ազգային-ազատագրական ուղենիշներին հվատարիմ մնալ է պետք.


Արտակ Բեգլարյան
«Կոչը կրկին Արցախի վերածնունդն է`ամեն առումով: Միացումը մեր նպատակն է մնում, բոլորս պետք է գիտակցենք՝առանց Մայր Հայաստանի Արցախը չի կարող գոյություն ունենալ, ինչպես նաև առանց Արցախի Մայր Հայաստանը չի կարող երկարաժամկետ գոյություն ունենալ»:


Արցախը միշտ զգացել է Հայաստանի աջակցությունը և' Շարժման տարիներին, և' հիմա: Ազգային զարթոնքի գաղափարը պետք է միշտ միասնական պահի հայությանը՝ Արցախում, թե Հայաստանում: Օրվա խորդհուրդը պետք է հավերաժական լինի` ասում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա Արցախում է նոր՝ «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությամբ, որը նպատակ ունի ազգային-ազատագրական պայքարի մասին ողջ ճշմարտությունը հասանելի դարձնել միջազգային հանրությանը:

Արամ Սարգսյան
«Հիմա շատ կարևոր է պատմությունից դասեր քաղելը: Այսօր մենք այստեղ ենք համահայկական համաժողով կազմակերպելու նախաձեռնությամբ: Այն աշխարհին կներկայացնի Արցախի պատմությունը իրավական տեսանկյունից, ազգային–ազատագրական պայքարի ողջ ճշմարտությունը, քանի որ Ադրբեջանը Արցախի պահանջին պատերազմով է պատասխանել» :


Ադրբեջանն այսօր հայտարարում է, թե հակամարտությունը լուծված է: Սակայն այն, ինչ նա լուծում է կոչում, միայն Ադրբեջանի համար է ընդունելի` ասում է Արամ Սարգսյանը. Խնդիրը կարգավորելու համար պետք է օրակարգ ներկայացվի Մինսկի խմբի համանախագահներին, ինչն այսօր բացակայում է: «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնության համանախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Բագրատյանի խոսքով` նախաձեռնության հիմնական նպատակներից մեկը՝ Արցախի կարգավիճակի հարցը միջազգային ատյաններում բարձրացնելն է.


Հրանտ Բագրատյան
«Մյուս նպատակը Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումն է,Արցախի ժողովրդին, քաղաքական ուժերին աջակցելը»:


Ոչ 1988-ին, ոչ էլ դրանից հետո Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը:
Թե ինչը խանագրեց Արցախի Հանրապետության ճանաչմանը, Հրանտ Բագրատյանը չգիտի: Նրա կարծիքով` այսօր էլ խանգարող ոչինչ չկա:


Հրանտ Բագրատյան
«Երկու անգամ Ազգային ժողովում բարձրացրել եմ հարցը՝ ճանաչել և միացնել:Միացում տեղի ունեցավ 1989-ի դեկտմեբերին: Ես այն կարծիքին եմ, որ պետք է ճանաչվեր, չնայած կար կարծիք, որ եթե ճանաչվի Արցախը, ապա դադարում են Մինսկի խմբի գործունեությունն ու բանակցությունները, իսկ այդ դեպքում ստեղծվում է պատերազմի նախադեպ : Սակայն 2020թ. պատերազմի ժամանակ բոլորս տեսանք, որ ՌԴ նախագահն ասաց` ճանաչեիք: Այնուամնեայնիվ, եթե մենք ճանաչում ենք, դա չի նշանակում,որ բանակացությունները դադարում են, որովհետև դրանք նրա համար չեն, որ որոշվի` Արցախը լինի թե` ոչ, այլ նրա, թե Արցախը ինչ սահմաններում լինի» :

Արցախի ազգային-ազատագրական պայքարը շարունակվում է: Եվ այն, որ 1988-ի պահանջն ու 2022-ինը նույնն են, Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում կախված կարմիր ու սև պաստառները չէ միայն, որ վկայում են: Այլ հենց Հուշահամալիրի հարևանությամբ ձգվող Պանթեոնը, որ շարունակությունն է Եռաբլուրի, Հայրենիքի մինչև այժմ էլ ծխացող զոհասեղնն ու Մայր Հայրենիքից անջատ ապրելու անհնարինությունն է, որ զգում է Արցախում ապրող յուրաքնաչյուր ոք:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ