Նոյեմբերի 21, 2024

ՄեդիաԱՆգրագիտությունը՝ տեղեկատվական պատերազմում պարտության պատճառ

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 14, 2022
Այսօր հաքերային հարձակման է ենթարկվել «Արցախպրես» լրատվական գործակալության կայքը։ Մի քանի օր առաջ ադրբեջանցի հաքերները կոտրել էին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի Ֆեյսբուքյան էջը։ Ներկա տեղեկատվական պատերազմի պայմաններում հաքերային հարձակումները անսպասելի չեն։
Բայց ինչո՞ւ են այս հարձակումները հաջողության հասնում։ Ադրբեջանական հաքերներն են ուժե՞ղ, թե՞ մենք՝ մեդիաԱՆգրագետ։
 

Ադրբեջանական հարձակումների հաջողությունը պայմանավորված է մեր  մեդիաԱՆգրագիտությամբ՝   ասում է IT ոլորտի մասնագետ Արթուր Բալասանյանը։ Խոստովանում է՝ սա նաև ոլորտի մասնագետների, այդ թվում և  իր բացթողումն է։ Խնդիրը  շուտով մասնակի լուծում կստանա։

«Այս հարցով երեկ չէ առաջին օրը հանդիպել ենք պետնախարարի հետ։ Հնարավորություն է ստեղծվելու գերատեսչություններին ծանոթացնել սոցցանցերից օգտվելու նրբություններին։ Դասընթացները կարճ են տևելու, որպեսզի հասցնենք բոլորին ծանոթացնել նրբություններին։ Ամենակարևորը իմանան ինչպես շփվել, ինչ հղումներ բացել, ինչին հետևել, ինչին՝ ոչ»։

Տեղեկատվական հարձակումներից ամենաշատը պետք է զգույշ մնան մեծ լսարան ու կարևորություն ունեցող կայքէջերը, հատկապես՝ էջերի ղեկավարները։ Արթուր Բալասանյանը բացատրում է, թե ինչպես են օգտատիրոջից վերցվում անձնական տվյալները՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի օրինակով։ Օրինակը վերաբում է վերջին դեպքերին։

«Այդ ամենը կատարվում է որոշակի սպամների միջոցով, որոնք հրապարակված են ֆեյսբուքում։ Հիմա աչքիս տեսածը արձանագրեմ․ անուններ տալ չեմ ուզում, բայց ասեմ, որ մի տղամարդ-պաշտոնյա մոտ 40-45 տարեկան, իր սենյակում նստած ֆեյսբուքով հղիության թեստ է հանձնում, որը պիտի ասի, թե երեխան ինչ սեռի կլինի։ Նման թեստերը պատկերավոր թակարդներ են, նման պատկերների տակ կոդեր են, որոնք սեղմում են և տալիս անձնական տվյալները։ Այսինքն իրենք էլ չիմանալով, բոլոր անձնական տվյալները տալիս են չգիտեն՝ թե ում»։

 Վերջերս մեդիագրագիտության դասընթացներ է կազմակերպվել «Հեռանկար» ՀԿ-ում։ Դասընթացին մասնակցել է անելի քան 60 երիտասարդ։ Դասընթացները   կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարիչ Մարինե Հովագիմյանն է կազմակերպել։  

«Ժամանակակից տեսաբաններն ու գործակցային ոլորտում ներգրավված մասնագետները այն կարծիքին են, որ մեդիագրագիտությունն անհրաժեշտություն է բոլորի համար։ Առօրյայում բոլորս առնչվում ենք այնպիսի խնդիրների, որոնք պահանջում են մեդիագրագիտության ոլորտում, գոնե, տարրական գիտելիքներ։ Պետք է անկեղծ լինենք և ասենք, որ Արցախում մեդիագրագիտության մակարդակը այդքան էլ բարձր չէ։ Նման պարապմունքներն ու դասընթացները ինչ որ չափով լրացնում են այդ բացը»։

Մեդիագրագիտության կամ ավելի ճիշտ՝ մեդիաԱՆգրագիտության հարուցած խնդիրները վերհանվեցին հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ։  Բայց պատերազմից հետո էլ խաղի կանոնները չեն փոխվել։   Այստեղ՝ տեղեկատվական պատերազմում,  չպարտվելու համար էլ գրագիտություն է պետք․ մեդիագրագիտություն։ 

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 15 Մարտի 2022 14:23
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ