Նոյեմբերի 21, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Սեպտեմբերի 09, 2023

Հայ-ադրբեջանական հակամարտության աստիճանն անցած շաբաթվա ընթացքում շարունակեց աճել: Սակայն, թերևս, առանց անսպասելի զեղումների:

 

 

 

Ադրբեջանը շարունակում է ՀՀ և Արցախի հետ շփման գծի ողջ երկայքնով կենդանի ուժ և ռազմատեխնիկա կուտակել` արդեն ավելի մեծ ծավալով: Պարզ նշմարելի են նաև հիմնական հարվածների ուղղությունները: Ադրբեջանն ունի նաև Թուրքիայի ու Ռուսաստանի հավանությունը` ռազմական ագրեսիան սկսելու համար: Պետք է նաև Իրանի հավանությունը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի Բաքվում Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի բարձրագույն կազմով այսօրվա հանդիպումից հետո:


Թուրքիան Ադրբեջանի բնական դաշնակիցն է և գալիք պատերազմում թուրքական բանակի գլխավոր շտաբն աներկբայորեն սատարելու ու մասնակցելու է Ադրբեջանի` հայկական պետականության դեմ պատերազմին: Իհարկե, վերջին տարիներին Հայաստանի գրագետ քաղաքականությունը մի փոքր նվազեցրել է Թուրքիայի հակահայ քաղաքականության աստիճանը, սակայն կարծել, թե այն էականորեն փոխվել է՝ չարժի: Միաժամանակ, Հայաստանը նաև լավ հարաբերություններ է ստեղծել կամ խորացրել է արդեն եղածը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի շատ երկրների հետ, ինչն իր հերթին որոշ չափով փոխել է նրանց մոտեցումները թե՛ Թուրքիայի, թե՛՝ Հայաստանի արժևորման հարցում: Վերջ ի վերջո, այլևս չկա այն մտավախությունը, թե Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է և ցանկացած վնաս Հայաստանին՝ վնաս է նաև Ռուսաստանին:

Ռուսաստանը նույնպես սատարելու է ադրբեջանական ագրեսիային: ՀՀ և Արցախի տարածքում տեղակայված ռուսաստանյան զորքերը «տրոյական ձի»-ու դեր են խաղում և անկասկած` մասնակցելու են հայկական պետականության դեմ ադրբեջանական ագրեսիային. այս կամ այն չափով: Վերջին ժամանակաշրջանում գերակտիվ է նաև Հայաստանում ռուսաստանյան գործակալական ցանցը: Վերջին օրերին՝ առավել քան բացահայտ կարելի է տեսնել դա: Բացի այդ, ինչպես և 44-օրյա պատերազմի ընթացքում, այժմ ևս` ռուսաստանյան տարբեր կեղծ ռազմական լրագրողները տեղում օգնելու են տեղեկություններ ստանալ հայկական զորքերի տեղաբաշխման և զորաշարժերի մասին: Առհասարակ, պետք է շատ ուշադիր լինել տեղեկատվական անվտանգության տեսակետից: Միաժամանակ, հայկական պետական տարբեր կառույցներում տասնամյակներ շարունակ ներդրված ռուսաստանյան գործակալները շարունակելու են սաբոտաժով զբաղվել երկրի ներսում:

Ֆունդամենտալիստական Իրանը ևս առավել հակված է սատարել Ադրբեջանին, քան` Հայաստանին: Իրանը 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես և` Արցախյան առաջին պատերազմում բացահայտ աջակցում էր Ադրբեջանին: Դա հասկանալի է: Որքան էլ Ադրբեջանն Իսրայելից և ԱՄՆ-ից ստանում է սպառազինություն՝ Իրանի դեմ պատերզմելու պատրվակով, բայց այդ սպառազինությունն օգտագործվել և օգտագործվում է հայկական պետականության դեմ ադրբեջանական ագրեսիայում: Եւ որքան էլ բազմաթիվ մեդիա անձնավորություններ կանխագուշակում են «իրան-ադրբեջանական պատերազմ», դրա հավանականությունը շատ ցածր է: Իրանում ժողովրդավարական իշխանության հաստատումով, ամենայն հավանականությամբ, կփոխվեն նաև այդ պետության մոտեցումները Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Սակայն դա դեռ շուտով չի լինի:

Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը ձգտում են ունենալ թուլացած Հայաստան` վերահսկելի ենթակառուցվածքներով: Եւ երեքն էլ` առաջիկա պատերազմում անելու են ամեն ինչ, որպեսզի դա իրականություն դառնա:

Հայաստանի բնական դաշնակիցներն են Հունաստանը և Հնդկաստանը: Ներկա փուլում հնարավոր է ունենալ նաև Ֆրանսիայի աջակցությունը: Ֆրանսիան և Ռուսաստանն այս պահին մրցակցում են ազդեցության գոտիների համար, և աֆրիկյան մի քանի երկրում վերջին հեղաշրջումները պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Ֆրանսիան այս պահին լարված հարաբերություններ ունի նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ինչը վստահորեն կարելի է օգտագործել հօգուտ հայկական շահի:

Ի տարբերություն 2020 թվականի աշնան` այս պահին նաև կա ԱՄՆ-ի ու ԵՄ հետաքրքրվածությունը տարածաշրջանով, ինչը ևս հնարավոր է գրագետ օգտագործել: Գրագետ քաղաքականության դեպքում հնարավոր է նույնիսկ հասնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման:

Ինչպես նշել ենք բազմաթիվ անգամներ` Ադրբեջանի համար այս պահին աշխարհաքաղաքական ամենահարմար դասավորվածյունը չէ` հայկական կողմի դեմ պատերազմ սկսելու համար, սակայն բաքվյան բռնապետը մի կողմից շատ է բարձրացրել խաղադրույքները, մյուս կողմից` շտապում է, քանի որ իր հիմնական դաշնակից և պատրոն Ռուսաստանը գնալով թուլանում է:

Այս պայմաններում կարևոր է նաև, որպեսզի Արցախի քաղաքական ուժերը չհակադրվեն պաշտոնական Երևանին և չներքաշվեն Ռուսաստանի աշխարհաքաղաքական խարդավանքների մեջ: Ռուսաստանը բացահայտորեն ցուցադրել է և շարունակում է ցուցադրել իր հակահայ քաղաքականությունը:

Միաժամանակ, պետք է մշտապես հիշել և խորապես գիտակցել, որ դաշնակիցները կարևոր են, սակայն պետք է պատրաստ լինել սեփական բոլոր հարցերը լուծել անձամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր սպասել օգնություն` այլ ուժերից:

 

 

 

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ