Դեկտեմբերի 03, 2024

«Ես ուզում եմ, որ հաստատվի արդար խաղաղություն` թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛` Ուկրաինայում». հարցազրույց Օլեկսանդր Բոժկոյի հետ

By Դավիթ Եղիազարյան Սեպտեմբերի 09, 2023

Հայաստանի վարջապետի կին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 6-ին մասնակցեց «Եվրոպական առաջին տիկնանց և պարոնանց գագաթնաժողով»-ին: Միաժամանակ` Հայաստանն աջակցություն ուղարկեց ուկրաինացի երեխաներին և պատանիներին: Այս իրադարձությունները բացառիկ էին` հաշվի առնելով հայ-ուկրաինական հարաբերությունների առկա ընթացքը:

 

 

Հայ-ուկրաինական հարաբերությունները, թեև պատմական հարստությանը, երկու երկրների վերանկախացումից հետո բարդ ընթացք են ունեցել: Դրա հիմնական պատճառներից մեկը` հայ-ռուսական և ուկրաինա-ռուսական հարաբերությունների առանձնահատկություններն էին:

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների` վերջին շրջանում սառնանալուն զուգահեռ, նկատվում են նաև հետաքրքիր զարգացումներ հայ-ուկրաինական հարաբերություններում:

Եթե մինչև ռուսաստանյան ներխուժումն Ուկրաինա` Հայաստանի և Ուկրաինայի հարաբերություններն ընդգծված սառն էին, ապա, վերջին տարվա ընթացքում, դրանցում որոշակի դրական տեղաշարժ է նկատվում: Հայաստանը, ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, հիմնականում ավելի չեզոք դիրք բռնեց թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի նկատմամբ:

Իսկ վերջին օրերին` հայ-ուկրաինական հարաբերությունները գնում են որոշակի բարելավվման:

Հայագետ Օլեկսանդր Բոժկոն, ով 1996-2001 թվականները եղել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանը, նշում է, որ վերջին օրերին հայ-ուկրաինական հարաբերություններում դրական տեղաշարժն իրոք նշանակալի է:

«Որքան էլ տարօրինակ է, իսկ դա` իրոք տարօրինակ է, ավելի քան տաս տարվա ընթացքում առաջին այցն է Հայաստանի քաղաքական գործիչներից: Չնայած` պաշտոնապես Աննան միայն տիկինն է Վարչապետի, բայց մինչև իր այցը Հայաստանից ոչ ոք չի եկել, և չէին համաձայնվում` Ուկրաինան հրավերներ էր ուղարկում, բայց Հայաստանը չէր արձագանքում: Ինչու՞ չէր արձագանքում: Իհարկե, որովհետև նա վախենում էր, թե դա ինչպես կդիտվի Ռուսաստանում: Այսինքն` չափազանց զգուշավոր դիրքորոշում ուներ Հայաստանը` Ուկրաինայի նկատմամբ: Մի խոսքով` տիկին Հակոբյանի այցն իհարկե կօգնի, որպես ցուցադրական «ժեստ» Հայաստանի կողմից, որպեսզի մեր փոխհարաբերությունները, իհարկե, նոր ձև ընդունել, փոխհարաբերություններն ընդլայնել և խորացնել»:

Խոսելով հայ-ուկրաինական հարաբերություններում բարդությունների մասին, Բոժկոն նշում է, որ դրանց մեջ զգալի տեղ ուներ նաև Հայաստանում ռուսաստանյան գերակշռող ազդեցությունը:

«Իմ աշխատանքի ամբողջ ընթացքում, ես ուշադրություն էի դարձնում դրան: Մեկ անգամ չէ, որ ես հանդիպում եմ ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Բոժկոն մշտապես բաց էր հանդիպումների համար: Եւ երբ որ իմ ասուլիսների ժամանակ հարց էին տալիս` «ինչու՞ Ուկրաինան զենք է մատակարարում Ադրբեջանին», սակայն աչք էին փակում այն բանի վրա, որ առաջին հերթին դա վերաբերում էր Ռուսաստանին և Բելառուսին: Մի խոսքով, ասում եմ` այ, տղերք, նախ և առաջ ինչու՞ նման դիրքորոշում ունի Ուկրաինան. որովհետև մեզ համար սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը` կյանքի և մահվան հարց է: Մենք ամենասկզբից գիտեինք` ինչ քաղաքականություն է վարում Ռուսաստանն Ուկրաինայի դեմ, և` ինչ է ուզում Ռուսաստանը. խլել ուկրաինական տարածքները: Դրա փոխարեն` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի որոշ քաղաքական ուժեր աշխատում էին ռուսների աչքերում երևալ որպես ռուսական ամենամոտիկ բարեկամներ»:

Օլեկսանդր Բոժկոն զուգահեռներ է տանում Ուկրաինայի և Հայաստանի դեմ ագրեսիաների միջև և նշում, որ ՀՀ վարչապետի տիկնոջ այցն Ուկրաինա` կարևոր քայլ էր երկկողմանի հարաբերությունների բարելավվման, ինչպես նաև` արցախյան հիմնախնդրի մասին իրազեկման ուղղությամբ:

«Ախար, երեսուն տարվա մեջ Հայաստանը ռուսների հետ էր, Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն էր: Եւ մենք` ուկրաինացիներս այդպես ենք դա ընկալում: Ես ի նկատի չունեմ ինձ: Երբ որ մենք հիմա այսպիսի դրության մեջ ենք: Իսկ Ուկրաինան և Հայաստանը շատ ծանր դրության մեջ են, որովհետև ինչ-որ երկրներ որոշել են վերստեղծել կայսրություններ: Թե՛ Հարավային Կովկասում, թե՛` եվրոպական տարածաշրջանում: Եւ այդ միտումներին գերի ենք ընկել մենք: Եւ հայերդ, և` ուկրաինացիներս: Հիմա, այսպիսի խնդիրները մեզ միացնում են: Եւ իզուր չէ, որ Փաշինյանը որոշել է այդպիսի քայլ անել. հայաստանյան բարձրաստիճան անձը տաս տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Ուկրաինա և սկսում է երկխոսություն: Ի միջի այլոց, պետք է ասեմ, որ բավականին հաջող է եղել Աննա Հակոբյանի այցը, և Ուկրաինայում բարձր են գնահատել իր այցը, իր ելույթը: Նա ելույթ է ունեցել, եվրոպական երկրների ներկայացուցիչների մոտ նա պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդիրների մասին, ինչ վիճակում է ներկայում գտնվում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, մանավանդ` երեխաները: Բավականին հուզիչ է եղել ելույթը»:

Բոժկոն հավատացած է, որ թե՛ Արցախում, թե՛ Ուկրաինայում վաղ թե ուշ կհաստատվի արդար խաղաղություն:

«Մենք` ուկրաինացիներս շատ լավ ենք զգում ձեր ցավը, հասկանում ենք այն: Ցավակցում ենք ձեզ: Եւ փառք աստծո, հույս ունենք, որ աշխարհն անտարբեր չի մնա ձեր խնդիրների վերաբերյալ: Եւ հույս ունեմ, որ վերջ ի վերջո բարին հաղթելու է չարին, և հայ ժողովուրդը, որն այդպիսի պատմական արմատներ ունի Լեռնային Ղարաբաղում, իհարկե` հնարավորություն կունենա նորմալ ապրելու, զարգանալու, որպես ազգ պահպանելու մշակույթը, լեզուն ևն: Դրա համար` ես մի բան եմ ուզում, որ խաղաղություն լինի, և հաստատվի արդար խաղաղություն` թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛` Ուկրաինայում»:

Հայաստանի որդեգրած բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը մեծապես նպաստել է երկրի միջազգային վարկանշի բարձրացմանը: Եւ վերջին իրադարձությունների համատեքստում, հնարավոր է նաև ավելի հայանպաստ դիրքորոշում ստանալ նույնիսկ այն երկրներից, որոնց հետ հարաբերությունները վերջին տարիներին այդքան էլ բավարարող մակարդակի վրա չէին:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ