Մոտ երկուսուկես ժամ տևած բանակցություններից հետո հանրապետության պետական նախարարը հայտարարել է, որ Ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև պարտավորվել են ընդունել, որ աշխատանք ունեն անելու անհապաղ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ։ Ստեփանակերտի բնակիչները վերադարձել են Վերածննդի հրապարակ՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչներն էլ վրաններ են տեղադրել ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ: Վերածննդի հրապարակից մինչև ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր` Վիկտորյա Սարգսյանն ու Անի Աբաղյանն են ամբողջացրել իրադարձությունները:
Հանրապետությունում այսօրվանից համաժողովրդական անժամկետ շարժում է մեկնարկել: Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը երեկ երեկոյան հանդես է եկել տեսաուղերձով՝ կոչ անելով հանրությանը համաժողովրդական հավաք սկսել՝ միասին որոշելու հետագա անելիքները։
Համաժողովրդական հանրահավաքը մեկնարկել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Տեր Ներսես քահանա Ասրյանի աղոթքով։
Այսօր կանգնած ենք ճակատագրական մի պահի առաջ, բայց մենք պետք է գիտակցենք, որ ուրիշ Արցախ այլևս չենք կարող ունենալ, ոչ մի բան չի կարող փոխարինել մեր հայրենիքին, ինչպես որ վաղը ոչ մի բան չի կարող փոխարինել Սյունիքին, Տավուշին, Գեղարքունիքին, Հայաստանին` ասում է Տեր Ներսես քահանա Ասրյանը:
«Այո, ծանր է մեր վիճակը, բայց անհույս վիճակներ երբեք չկան, երբ որ ազգը համախմբված է՝ հույսը դնելով բացառապես իր և Աստծո վրա»:
Արցախի 7 ամիս շարունակվող ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ այլևս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում` 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը` հայտարարել է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Պաշտպանն ընգծել է` այսօր ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է:
«Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին. Մարդու իրավունքնե՞ր, ասում եք: Ուրեմն ասեք ինձ ես ինչպես նայեմ այս ժողովրդի աչքերին, և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ: Ես ինչպես նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել: Ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է: Ես ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար: Եվ վերջապես ես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված, զոհված մոր աչքերին, որը ահաբեկված աչքերով նայում է ինձ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունը՝ որդու գերեզմանը: Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում»:
Գրեթե մեկ ամիս է, ինչ Արցախը ապրում է ներքին ռեսուրսների հաշվին: Այդ ընթացքում մեր բոլորիս համատեղ ջանքերով փորձել ենք իրավիճակը պահել այնպես, որպեսզի Արցախի շրջափակման այս ծանրագույն հետևանքները նվազագույն ազդեցությունն ունենան արցախցու վրա՝ հույս ունենալով, որ ամենակարճ ժամկետում միջազգային հանրությունը, ՌԴ-ը, ՀՀ-ը վճռական քայլեր կձեռնարկեն այս մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար: Բայց պարզվեց, որ բոլորն ընդամենը դիտորդի կարգավիճակով են հետևում այդ ամենին», նշել է Գուրգեն Ներսիսյանը` հավելելով, որ այսօր իրավիճակն արդեն օրհասական է, իսկ հաջորդ յուրաքանչյուր օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար:
«Ես հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչին եք սպասում: Ուզու՞մ եք այս հրապարակում մենք մարդկանց դիակներ ունենանք՝ որ արձագանքեք: Ուզում եք օրեր առաջ մեր երկրում մանկահասակների մահվան դեպքի կրկնություններ լինե՞ն, որ խելքի գաք: Եվ ես ձեր բոլորի անունից ասում եմ՝ բավական է: Արդեն երրորդ տարին է՝ արցախցին համբերատար կրում է ամենատարբեր բնույթի տառապանքներ»:
«Բացեք կյանքի ճանապարհը, ՌԴ խաղաղապահներ մի խոսեք, կատարեք ձեր պարտականությունները»։ «Միացում Հայաստանին, փրկություն Արցախին»։ Բռունցքներ, «Հայրենիք» բառի հետ լացակումած աչքեր, հիասթափություն, բայց պայքար ու հավատ ապագայի համար։
Այսօրվա քայլերթի ընթացքում այնպես չէ, որ միայն Արցախում ստեղծված իրավիճակի մասին էին խոսում, լացում, կամ բռունցներով` պատերազմ գնալու պատրաստվում, ոչ, պարզապես վազում էին միասնության հետևից․ ներքաղաքական խռովությունները, հին ու նոր վերքերը հիշելու ժամանակը չէ, այսօր ձեթի, շաքարավազի ու այլ ապրանքներից բացի` մեզ միասնությունն է, որ չի հերիքում:
Հավաքի մասնակիցները քայլերթով նախ շարժվել են դեպի ԿԽՄԿ-ի արցախյան գրասենյակ: Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին կոչ է արել ահազանգել ՄԱԿ-ին, միջազգային հանրությանը, թե ինչ է կատարվում Արցախում։
«Միջազգային հումանիտար առաքելություն իրականացնող այս կազմակերպությունը ունի սկզբունք` հրապարակային չխոսել: Գուցե հենց այդ սկզբունքն է, որ մինչև այսօր մեզ այս իրավիճակում է պահում: Որպես ՄԻՊ ես խնդրում եմ: Զեկուցեք ՄԱԿ-ին, միջազգային բոլոր կազմակերպություններին, թե ինչ է կատարվում այստեղ: Զեկուցեք, որ այս ժողովուրդը գտնվում է ցեղասպանության վտանգի տակ»:
ԿԽՄԿ-ի Արցախի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը նշել է, որ պահանջը կփոխանցի գրասենյակի ղեկավարին։
ԿԽՄԿ-ի Արցախի գրասենյակից քաղաքացիները շարժվել են դեպի ռուսաստանյան խաղաղապահ առաքելության տեղակայման վայր, որտեղ ներկայացրել են իրենց պահանջը՝ դադարեցնել Արցախի շրջափակումն ու հումանիտար աղետը։ Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ժողովրդի ներկայացուցիչների ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ: Մոտ երկուսուկես ժամ տևած հանդիպումից հետո պետնախարարը հայտարարել է.
«Այսուհետ, հաշվի առնելով նաև մեր ժողովրդի պահանջը, Ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև պարտավորվել են ընդունել, որ աշխատանք ունեն անելու անհապաղ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ։ Ինչպես նախապես պայմանավորվել ենք, մեր պայմանավորվածությունն ուժի մեջ է և Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչներն էլ տեղադրում են վրաններ ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ»:
Փակ բանակցությունների արդյունքները կամփոփվեն այսօր` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հանրահավաքում: