Ապրիլի 30, 2024

Կարմիր գծեր․ ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան ինքնավստահ հատում դրանք

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 17, 2023

Այս օրերին` Ակնայով ռուսական բեռի մուտքն Արցախ մեծ աղմուկ է բարձրացրել և տարատեսակ հանրային ու քաղաքական քննարկումների նյութ դարձել, նաև՝ հանրային դժգոհություններ առաջացրել Արցախում։ Ռուսական բեռի՝ հենց Ակնայով ընդունման, Ստեփանակերտ-Ակնա ճանապարհի բացման վերաբերյալ քաղաքացիների կարծիքները միանշանակ չեն։ Տարբեր են նաև քաղաքական գործիչների և քաղաքագետների տեսակետները։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի տեսակետը Սրբուհի Վանյանի ռեպորտաժում։

ՌԴ կառավարության կողմից` ռուսաստանյան Կարմիր խաչի միջոցով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Արցախ ուղարկված հումանիտար օգնության թեման արդեն մի քանի օր քննարկվում է հայկական փորձագիտական ու հանրային տիրույթում։ Ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ հենց Ստեփանակերտ-Ակնա ճանապարհով Ռուսաստանն Արցախի համար հումանիտար օգնություն առաքեց, այն դեպքում, երբ կարող էր Քաշաթաղի միջանցքով բերել, և որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն ստորագրած ու այդ փաստաթղթով պարտավորություուններ ստանձնած կողմ՝ պետք է ամեն ինչ անի՝ իր խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Քաշաթաղի միջանցքը բացելու համար։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գտնում է, որ հարցին միանշանակ մեկնաբանություն տալ չի լինի։ Ինչու՞՝ հիմնավորում է այսպես։


«Միանշանակ մեկնաբնել հնարավոր չէ, քանի որ կան բանակցությւոններ, փակ բանակցությւոննե նաև, որոնց մենք տեղյակ չենք։ Մենք կարող ենք զուտ արտաքին տեսքից ելնելով ենք ինչ որ եզրակացությւոններ անում»:

Ռուսաստանն Ադրբեջանի սանձարձակ քաղաքականության վրա աչք է փակում, մեղմ ասած, վատ կատարելով խաղաղապահի` իր ստանձնած պարտավորությունը։ Ստեփան Դանիելյանը դա մի քանի հանգամանքով է բացատրում․ նախ՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությամբ՝ Արցախյան հարցում։ Ռուսաստանի նախագահը մեկ անգամ չէ հայտարարել՝ ՀՀ վարչապետն ինքն է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչել։ Այս հանգամանքն Ստեփան Դանիելյանի խոսքով, արձակում է Ադրբեջանի ձեռքերը, հնարավորություն և իրավունք վերապահելով նրան իրեն պահել այնպես, ինչպես տեսնում ենք, որ պահում է։ Մյուս կողմից էլ` Ռուսաստանը հիմա ռուս-ուկրաինական պատերազմով է զբաղված, և իր աշխարհաքաղաքական շահերից ելնեով ստիպված է նման դիրք զբաղեցնել Ադրբեջանի, և հատկապես՝ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Հայաստանի ու Արցախի համար լավագույն ժամանակներ չեն, գուցե, և մենք պետք է ժամաանակ շահենք, ասում է քաղաքագետը։

«Իմ կարծիքով Արցախին ու Հայաստանին պետք է ժամանակ շահել, գոնե մինչև ձմեռ։ Ինչու՞՝ որովհետև հասկանում ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները միանշանակ չեն, դրանք դինամիկայի մեջ են և վերջին ժամանակներս նրանց հարաբերությունները որոշակի լարված են։ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում էլ որոշակի լարվածություն է սկսվել, թեկուզ Զախարովայի վերջին հայտարարությունները, և թե Ադրբեջանի՝ ուկրաինայի հանդեպ վարվող քաղաքականությունը, և այն, որ Ադրբեջանն իրեն ավելի ու ավելի համարձակ է պահում»:

Ընդամենը մեկ ամիս առաջ` Ակնայով բեռի ընդունումն Ստեփանկերտի համար «կարմիր գիծ» էր, այսօր, արդեն ոչ առաջին անգամ, մենք ստիպված ենք տեղի տալ այդ գիծը տրորողների առաջ։ Ինչու՞։ Այն ինչ կատարվում է Արցախում ու Արցախի շուրջ, գլոբալ քաղաքականության մաս է և ավելի խորքային՝ քան կարող է թվալ առաջին հայացքից, մեկնաբանելով այս օրերի արցախյան գործընթացները, ասում է քաղաքագետը։ Ստեփան Դանիելյանը գտնում է, որ Արցախում պետք է ժամանակավոր լուծումների գնան՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակը մեղմելու համար։

Այո, մեր տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերը սերտորեն առնչվում են ուկրաինական պատերազմի հետ, և դրա սառեցման դեպքում քաղաքագետը իրավիճակի փոփոխություն է կանխատեսում նաև Հայաստանի քաղաքական զարգացումներում։

«Կարծում եմ, մինչ այս ցրտերն ընկնել հնարվոր է ռուս-ուկրաինական պատերազմի սառեցում՝ ինչ որ փուլում, հնարավոր է, որ ժամանակային, ժամանակավոր ինչ որ լուծումներ գտնվեն»:

Արցախում ճգնաժամը կառավարելու համար ռուսական հումանիտար բեռի, նույնիսկ Ակնայի ճանապարհով ընդունմանը կողմ տեսակետն Արցախում եզակի չէ․ դրական է, եթե խոսքն իսկապես գնում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով բացառապես ռուսական հումանիտար բեռի՝ Արցախ մուտք գործելու մասին՝ այն էլ ռուս խաղաղապահների մասնակցությամբ՝ պնդում են այս տեսակետի կողմնակիցները, ընդգծելով սակայն, որ եթե խոսքը գնում է այդ ճանապարհի բացման և դրանով ադրբեջանական բեռներ տեղափոխելու, ադրբեջանցիների ելումուտի մասին՝ այս դեպքում վտանգը մեծ է։

Ակնայի ճանապարհի գործարկմանը զուգահեռ Քաշաթաղի միջանցքի բացման խոստում և այդ խոստման դրժում ադրբեջանական կողմից արդեն եղել է, և Արցախում վաղուց թերահավատ են այդ խոստումների նկատմամբ։ Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, որ ադրբեջանական կողմը հաջողությունների է հասնում, բայց Ալիևը լավագույն վիճակում չէ, կարծում է Ստեփան Դանիելյանը։

«Միջազգային ճնշումները Ադրբեջանի նկատմամբ հիմա բավականին ուժեղացվել են՝ նրա կողմից Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականության պատճառով»:

Արցախի խնդիրը և նրան փոխկապակցված՝ Սյունիքի խնդիրը խոշորագույն աշխարհաքաղաքական խնդիր է՝ ազդեցության գոտիների, նոր կոմունիկացիաների վերահսկման և այս տարածաշրջանում լրջագույն աշխարհաքաղաքական խաղ է ընթանում, տարբեր, հաճախ նաև հակադիր շահեր ունեցող դերակատարների մասնակցությամբ, ասում է զրուցակիցս, և խնդիրն այս կոնտեքստից դուրս չպետք է դիտարկել։ Իլհամ Ալիևը շատ վտանգավոր քաղաքականություն է վարում, ասում է, քանի որ երկու խոշոր խաղացողի՝ Իրանի ու Ռուսաստանի հանդեպ կարմիր գծեր է հատել։ Խաղն ավարտված չէ, և ընթացքում կարող են այնպիսի փոփոխություններ տեղի ունենալ, որոնք կարող են ամեն ինչ փոխել, այդ թվում` մեծապես ազդելով արցախյան հիմնախնդրի, Հայաստանի ճակատագրի վրա։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ