Նոյեմբերի 21, 2024

Սոցիալ-հոգեբանական աջակցություն «Տուն տեղ» ՀԿ-ի կողմից

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 22, 2023

Արցախում գործող Հասարակական կազմակերպությունների շարքում շրջափակման ընթացքում նոր անուն հայտնվեց՝ «Տուն տեղ»։ Այն կոչված է այս ծանր իրավիճակում թեթևացնել սոցիալ-հոգեբանական վիճակը։ Կազմակերպության նպատակների և կատարված աշխատանքների մասին է պատմում Մարգարիտա Ղուշունցի ռեպորտաժը։

 Թիմային գաղափարի ու միասնականության հիման վրա շրջափակված Արցախում ստեղծվեց նոր հասարակական կազմակերպություն՝ «Տուն տեղ»։ Այն սոցիալ-հոգեբանական ծառայություններ է մատուցում։ Նոր կազմակերպություն ունենալու գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ Առաքելություն Հայաստան ՀԿ-ը որոշեց դադարեցնել իր գործունեությունն Արցախում, ասում է «Տուն տեղ» ՀԿ հիմնադիր Ռուզան Հովհաննիսյանը։ Պատմում կազմակերպության անվանման ընտրության մասին ։

«Երբ սկսվեց շրջափակումը, ես Հայաստանում էի գտնվում և միակ անվանումը, որը մտքիս եկավ մեր տուն ու տեղն էր»։

Առաջին ծրագիրը՝ դեռահասներին հոգեբանական աջակցություն, մեկնարկել է հունվարին, Մարտակերտի շրջանում։ Ծրագրի արմատները, սակայն, նոր չեն։ Ռուզան Հովհաննիսյանի խոսքով՝ այն իր նախապատմությունն ունի։

«Մարտակերտի ծրագիրը տրամաբանական շարունակությունն էր՝ Առաքելություն Հայաստան կազմակերպության ծրագրերի շրջանակներում «Հոգեբանական աջակցություն դեռահասներին»  Մարտունու շրջանում կատարված ծրագրի։ 2021-2022 թվականների այդ մեծ ծրագիր շրջանականերում մենք աշխատեցինք 7 գյուղի և Մարտունի քաղաքում հոգեբանական աջակցություն ունեցող դեռահասների հետ»։

Կրկնակի շրջափակման պատճառով, սակայն, փոխվեց նաև այս ծրագրի հունը։ Մարտակերտում դադարեց ծրագրի ընթացքը։ Այն այս օրերին կազմակերպվում է միայն Ստեփանակերտում։ Ծրագրի օգնությանը կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր զգում են հոգեբանական աջակցության կարիք։

«Հոգեբաները խմբեր են վարում թե մեծահասակների և թե փոքրերի համար ։ Մարդիկ մեծ ոգևորվածությամբ են գալիս։ Շաբաթը մեկ անգամ կազմակերպում ենք ֆիլմերի դիտումներ, քննարկումներ։ Ակտուալ թեմաների շուրջ քննարկումների համար հրավիրում են տարբեր մասնագետներ»։

Շրջափակման վերացման դեպքում ծրագրերը վերսկսվելու են նաև շրջաններում, ասում է պատասխանատուն։ ՀԿ-ն աջակիցներ ունի, բաց է նաև համագործակցության համար։

Last modified on Շաբաթ, 22 Հուլիսի 2023 15:30
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ