Խճապատ ճանապարհը, որ երկու կողմից վարդերով է պատված, մոռացնել է տալիս թշնամու՝ սահմանին հրադադարի խախտումները, իսկ այդ վարդերի միջից չարաճճի ու զննող աչքերով նայող փոքրիկը օգնում է ապագայի համար իր պես վառ պլաններ կազմել։ Կիչանի՝ Նոր Կիլիկիա թաղամասի բնակիչ Գայանե Ալեքսանյանի և դստրերի մտահոգությունը, խնդիրներն ու ժպտալու առիթները հավաքել ու ռադիո է բերել Անի Աբաղյանը։
«Յուլյա, բարև, Նոր Կիլիկիայից Անգելինան է։ Ո՞նց ես»։
8 տարեկան Անգելինան քարինտակցի ընկերուհուն է բարևում։ Ընկերուհու հետ ինչպես փոքրիկ զրուցակիցս է ասում՝ «ընդի էլ» է խոսում՝ հեռախոսով։ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում է ծնվել, մինչև պատերազմը սկսվելն են ընտանիքով տեղափոխվել Մարտակերտի շրջանի Կիչան գյուղ։ Այսօր նրանց հասցեն․
«Կիչան ա կողքեն Կիլիկիա թաղամաս»։ («Կիչանի մոտի Կիլիկիա թաղամաս»:)
Բայց Անգելինայի հիշողությունում լավ պատկերված է Քարին տակ գյուղը․ կպատմե՞ս ինչպիսինն է հարցից հետո, սկսում է․
«Լհա քինամ ընք նի մտնում, մագազինն ա ինում։ Հետո դըղան քինամ ընք մը խելա տներ ընք անց կենում, հետո դըղան հսնում ընք տատիկանց տոն։ Տատիկանց տանան պատառ հեռու էլի տոն ա իլալ։ Մինգ էլ` տատիանց բուստանումը շատ լավ ծաղիկներ ա իլալ, հսե ստի սետկավ կարավաթ ա իլալ, ադիալ ընք իլալ մըկնում, պարկում»։ (Հենց գյուղ ենք մտնում, խանութն է։ Հետո այդտեղից գնում ենք, շատ տներ անցնում ու հասնում տատիկի տուն։ Իրենց տնից քիչ հեռու էլի տուն կար։ Մեկ էլ` տատիկի այգում շատ լավ ծաղիկներ կային, ճոճքով մահճակալ, որ ծածկոց էինք փռում ու պառկում։)
Փոքրիկն այնպես է նկարագրում գյուղն ու ճանապարհները, որ Քարին տակ երբևէ չայցելած մարդը պատկերացնում է և՛ տատիկի տունը, և՛ մի քիչ հեռու հարևանինն ու մինչ այդ հանդիպած խանութը։ Անգամ այգու ծաղիկների հոտն է քթիս մոտենում ու լսվում ճոճքով մահճակալի ճռճռոցը, որին Անգելինան հավանաբար ոչ թե պառկում էր, այլ` անհոգ ցատկոտում։ Քարին տակի բռնազավթումից հետո Անգելինայի տատիկի հասցեն նույնպես փոխվել է։
«Մհենգ վեր ուժե պատերազմը իլալ ա, Քարեն տակը եր ըն կալալ, տատիկանք եկալ ըն քաղաք։ Մունք էլ քինամ ընք տատիանց տոն քաղաքումը, կյամ»։ («Երբ պատերազմ եղավ ու Քարին տակը գրավեցին, տատիկենք եկան մայրաքաղաք։ Մենք էլ գնում ենք տատիկենց տուն` մայրաքաղաք, գալիս»։)
Անգելինայի հետ տաք-տաք զրուցելիս տոտիկ-տոտիկ քայլերով մեզ է միանում երեք տարեկան քույրը՝ Մարիան։
Անգելինա. «Անըմդ հի՞նչ ա»։ («Անունդ ի՞նչ է»։)
Մարիա. «Մարիա»։
Անգելինա. «Պա ծնունդդ հի՞բ ա»։ («Բա, ծնունդդ ե՞րբ է»։)
Մարիա. «Հուլիսի 6-ին»։
Անգելինա. «Չէ, 24-ին։ Հուլիսի 24-ին ուրան ծնունդն ա, 25-ին մամուն, 26-ին տատենս»։
Հակառակ շատախոս Անգելինայի, Մարիան դեռ ամաչում է խոսել։ Բայց դե` Անգելինան միայն խոսելով չի սահմանափակվում։
Անգելինա. «Ես լհա երգ ասող ըմ»։ («Ես երգում էլ եմ:»)
«Էս խոսելը հեչ, լհա երգ ասո՞ղ ըս»։
Անգելինա. «Հա»։
Ու հենց այդ ժամանակ զրուցակիցս սկսում է իր պատկերացմամբ Քարին տակի մասին երգել։
«Սերս ընկավ քարին տակ, աման մնաց քարին տակ, բայց դեռ կապրի քարին տակ»։
Այդ պահին այգում բուսած երկարավիզ երիցուկները մեղմ քամուց օրորվում ու կարծես վայելում էին Անգելինայի երգը։ Բացի ծաղիկներից այգում երևում էին լոլիկի, վարունգի` կանաչին տվող շարքերը, որ մայրիկի՝ Գայանեի աշխատանքի արդյունքն են։
«Այգին առաջ լրիվ մշակում էինք, բայց պատերազմից հետո ամուսինս գնում է անտառ, աշխատելիս ընկնում, ոտքը ջարդում է։ Դրանից հետո ինքը էլ չի կարողանում, ես էլ քիչ քանակությամբ վարում եմ, թարմ ուտելու համար»։
Շրջափակումը շատ չի փոխել գյուղի կյանքը, խանութից գնելու ուտելիքի սղությունն է, որ թույլ չի տալիս ծնողին ավելի լավ պահել, կերակրել երեխաներին։ Ավելի մտահոգում է սահմանի իրավիճակը։
«Ամեն ինչ չկա, որ առնենք․ թանկ, էժան ինչը ոնց ստացվում ա, հայթայթում ենք, տուն բերում։ Շրջափակումը այնքան չի ազդում որքան այս իրավիճակը․ կրակոցներն ի նկատի ունեմ։ Մի քիչ այդ կրոակոցներից եմ նեղվում, բայց խուճապի չեմ մատնվում, ադեկվատ եմ մտածում»։
Բայց Անգելինան ավելի «հետաքրքիր» ու ոչ տխուր պատմություն է հիշում Շուշիում իր մկրտությունից ու սկսում պատմել։
«Ես վեր կուճիր ըմ իլալ, շուտի քեցալ ըմ Շուշիում կնքվալ։ Օզալ չըմ, վեր մաման իմ խաչս տինի յուրան մուտունոցը նը հետ, տիրալ ըմ կինդրիս ամանըմը։ Հետո մաման գիդացալ չի, քցալ ա փիչը, խաչս էրվալ ա։ Հետո վեր քույրիկս ծնվալ ա, յուրան նը հետ քեցալ ըմ Գանձասար, նորից մկրտվալ»։
(«Երբ ես փոքր էի, վաղուց գնացել եմ Շուշիում մկրտվել եմ։ Չէի ուզում, որ մամաս խաչս իր մատանիների հետ դնի, դրել եմ «կինդերիս» ամանում։ Հետո մաման չի իմացել, գցել է վառարանը, խաչս այրվել էր: Հետո երբ քույրիկս ծնվեց, իր հետ գնացել եմ Գանձասար, նորից մկրտվել»։)
Հիմա խաչը ոչ մայրիկի մատանիների մեջ է, ոչ էլ «կինդերի» ամանում․ ապահով վայրում է՝ պարանոցին։
Ընտանիքը լավ ապագայի հավատով ապրում է Կիչանի Նոր Կիլիկիա թաղամասում: Աքաղաղի առաջին կանչից վեր չեն կենում, բայց հասցնում են տան առօրյա գործերը, այգու մշակումն ու մայրամուտին ընտանիքով ուրցով թունդ թեյ խմելը։ Առաջին նպատակը՝ հասցեն այլևս չփոխելն է։
«Ես ուզում եմ՝ մեր Արցախը առաջվա Արցախը լինի․ միշտ կանգուն, ազատ, անկախ։ Սյդտեղ ապրենք, այստեղ արարենք։ Մեր երեխաներն էլ իմանան, որ Արցախը կա, եղել է ու միշտ լինելու է»։
Արցախում ապրելը երազանք չէ, այլ իրականություն։ Բռնազավթված Շուշին, Հադրութն ու մյուս տարածքներ վերադառնալն էլ՝ նպատակ, որի համար յուրաքանչյուրս պետք անտրտունջ աշխատենք։ Որ նրանց երգը հենց Քարին տակում, Շուշիում հնչի։