Նոյեմբերի 21, 2024

Ո՞րն է Ադրբեջանի ԶՈՒ-ի հերթական ակտիվացման պատճառը

By Անի Աբաղյան Օգոստոսի 24, 2023

Ադրբեջանը վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր խախտում է հրադադարի պահպանման ռեժիմն ու ապատեղեկատվություն տարածելով, փորձում արդարացնել այդ խախտումները։ Ո՞րն է Ադրբեջանի ակտիվացման հերթական պատճառը և ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում։ Հարցերի պատասխանները փորձել է գտնել Անի Աբաղյանը։

 ՀՀ և Արցախի հետ շփման գծում իրավիճակը կրկին սրվել է: Արդեն երկրորդ շաբաթն է այն շարունակում է լարված մնալ։ Հայկական կողմը` Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից օգոստոսի 21-ին բացած կրակի հետևանքով զոհ է ունեցել՝ զինծառայող Վանիկ Ղազարյանը:

Բացի հրադադարի խախտումները, թշնամին նաև շարունակաբար տարածում է ապատեղեկատվություն՝ իր կրակոցների համար մեղադրելով Հայաստանին։ Հնարավո՞ր է, որ այս կերպ Բաքուն փորձում է ճնշում գործադրել ու բացել տալ Ակնայի ճանապարհը։ Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ թշնամու նպատակը ավելի գլոբալ խնդրի լուծումն է։

«Վերջին շրջանի ակտիվացումը թե Արցախի, թե ՀՀ սահմաններում, իր մշտական ահաբեկչական գործողությունների՝ Լաչինի միջանցքը արգելափակելու, հիբրիդային տոտալ պատերազմի և տեղեկատվական տեռորին զուգորդված, կարծում եմ, ավելի գլոբալ նպատակներ է հետապնդում, քան զուտ Ակնան բացել՝ որպես այլընտրանք։ Ճիշտ է Ակնայի ճանապարհ ինքնին զուտ առանձին կտոր չէ, այլ իրական ու գլոբալ նպատակներ լուծող ակցիա է, բայց իմ կարծիքով՝ մենք անկայուն ու վտանգավոր շրջափուլում ենք»։

Քաղաքագետ Դավիթ Հարությունովն էլ կարծում է, որ այս փուլում Ադրբեջանի նպատակը Հայաստանի` իր քաղաքական պահանջների կատարմանը հասնելն է։

«Ադրբեջանակն կողմի ակտիվացումը, կարծում եմ, կախված է նախևառաջ կապված են այն խնդիրների հետ, որոնք կան բանակցությունների շրջանակում Հայաստանի դեպքում։ Արցախում էլ Ադրբեջանը չի կարողանում հասնել իր առջև դրված խնդիրներին»։

Այս ճնշումներով Ադրբեջանն Արցախի դեպքում փորձում է լուծել ինտեգրացիայի խնդիրը, իսկ Հայաստանի՝ օրինակ Զանգեզուրի միջանցքի բացումն ու ճանապարհի կարգավիճակ ստանալը։

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ կարծում է, որ եթե թշնամին փորձի ռազմական ագրեսիա իրականացնել Արցախի նկատմամբ, հավանաբար մարտական գործողություններով կկաշկանդի Հայաստանի զինված ուժերի հնարավորությունները և հակառակը՝ չբացառելով նաև ագրեսիվ գործողությունները հենց Հայաստանի հետ։

Արդյոք հայկական կողմն ունի՞ ռեսուրսներ նորից պատերազմելու։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե Ադրբեջանը, եթե ռազմական ագրեսիա սկսի, կունենա արդյոք դաշնակիցների տեխնոլոգիական, կառավարչական, հետախուզական և այլ պոտենցիալ, որ ուներ 2020 թվականին։ Պետք չէ մոռանալ, որ 2020 թվականին մենք Ադրբեջանի դեմ չենք կռվել։ Այլ է հարցը, թե հիմա ինչպես կլինի, Ադրբեջանը նորից նույն կոալիցիայով է մեր դեմ կռվելու, թե չէ, նույն ժամանակահատվածով է կռվելու, թե չէ»։

44-օրյա պատերազմից հետո հայկական բանակը դեռ վերականգնվելու կարիք ունի, բայց դա ամենևին չի նշանակում, թե իր առջև դրված խնդիրը չի կարող կատարել։

«Մարտական ոգու պակաս չկա, մարտական հմտության պակաս էլ չկա, կա քանակական, տեխնոլոգիական խնդիր, ռեսուրսների խնդիր՝ գլոբալ առումով և դաշնակիցների խնդիր, որովհետև եթե Ադրբեջանի դաշնակիցները կողքին կանգնած ինքնաթիռ ու հրթիռ էին մատակարարում կռվի ժամանակ, օգնում, ղեկավարում էին մարտը, մեր դաշնակիցները այդպես էլ նման բան չարեցին ու մեծ հաշվով` հիմա էլ դժվար կարողանան անել»։

Որքան էլ կարևոր է դաշնակիցների ներգրավումը, սակայն վճռորոշը` սեփական ռեսուրսների գրագետ օգտագործումն է և անդադար աշխատանքը` պետականության ամրապնդման ուղղությամբ։

Last modified on Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023 14:10
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ