Print this page

Ապրիլի 24. վշտի ու պայքարի վճռականության օր

By Սրբուհի Վանյան Ապրիլի 24, 2022
Ապրիլի 24. վշտի ու պայքարի վճռականության օր Artsakhpress
Ստեփանակերտում, ապրիլի 24-ին, հայոց մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ, անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել։ Վաղ առավոտից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր մարդկանց հոսքը չէր դադարում։ Հուշահամալիր է այցելել և Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ դրել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ երրորդ նախագահ Բակո Սահակյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Այն, ինչ տեղի է ունեցել 107 տարի առաջ, մինչ օրս արժանի գնահատական չի ստացել․ մարդկության ու, այսպես կոչված, միջազգային հանրության աչքի առաջ, թե լուռ համաձայնությամբ, ցեղասպանվեց ու պատմական հայրենիքի մեծ մասից զրկվեց մի ամբողջ ժողովուրդ։ Անպատժելիությունը մարդկությանը նոր ցեղասպանություններ բերեց։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը դա որակում է որպես խարան միջազգային հանրության համար, որը մաքրվել կարող է միայն  ճշմարտության հետ առերեսումով։ 
 
«Առաջին անգամ մարդկության պատմության մեջ պետականորեն կազմակերպվեց ցեղասպանություն, որի զոհը դարձավ մի ողջ ժողովուրդ։ Առայսօր միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի դատապարտել և չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։Եվ դա միջազգային հանրության համար խարան է, որը կմաքրվի միայն այն ճանաչելով»։ 
 
1915 թվականի ցեղասպանությունը 15 թվականով չավարտվեց․ նրա կազմակերպիչներն ու իրականցնողները՝ մասնավորապես Թուրքիան իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի հետ, Դավիթ Բաբայանի խոսքով, այն շարունակեցին Շուշիում՝ անցյալ դարի 20-ականներին, 80-90-ականներին՝ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում։ Ձեռագիրը նույնն է այսօր էլ. ավելի քան 100 տարի անց նրանց  քաղաքականությունը չի փոխվել։ Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը համոզված է՝  յուրաքանչյուր հանցագործություն պիտի իր արժանի պատիժը ստանա։ 
 
«Ցանկացած հանցագործություն պիտի արժանի պատիժը ստանա։ Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում։ Մեր ազգի առաքելությունը տեսնում եմ նրանում, որ աշխարհին անընդհատ հիշեցնենք, որ 107 տարի անց նման կարգի հանցագործությունը դեռ մնում է անպատիժ և առանց գնահատականի։ Այսօրվա խորհուրդը մեր միաբանության մեջ է։ Մեր մեծ ցավի դեմ պիտի կարողանանք համախմբվել և բացառել նոր հանցագործությունները հայ ազգի նկատմամբ»։ 
 
«Համոզվելու համար, որ արդեն 21-րդ դարում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կատարվող քայլերը նույն ցեղասպան գործողությունների շարունակությունն են, պետք չէ խոր ուսումնասիրություն կատարել․ բավական է նայել, թե ինչպիսի գաղափարախոսություն է դրված այդ երկրների քաղաքականության հիմքում»,-ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։  
 
«Հայ ժողովուրդը նման հանցագործությունների զոհ է դարձել և 20-րդ դարավերջին, երբ ադրբեջանական իշխանությունների կողմից տարբեր քաղաքներում էթնիկ զտման հանցագործություններ են իրականցվել։ Դրա վառ ապացույցը 2020 թվականի ադրբեջանաթուրքական ագրեսիան էր։ Եվ որպեսզի համոզվենք,  որ տեղի ունեցողը 1915 թվականի ուղիղ շարունակությունն է, բավարար է տեսնել, թե ինչ գաղափարախոսություն է ընկած նրանց քաղաքականության հիմքում»։
 
 ՄԻՊ֊ի գնահատականն էլ նույնն է․ այս ամենը կատարվում է միջազգային հանրության տոտալ անտարբերության պատճառով։ Հայերի դեմ կատարված և այսօր էլ շարունակվող Ցեղասպան գործողությունների մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու, ազդակներ հղելու մեխանիզմներ, իհարկե,  կան, և այդ մեխանիզմները օգտագործվում են, բայց․ 
 
«Ցավոք սրտի,  այդ մեխանիզմները ոչ միշտ են ծառայում իրենց նպատակին։ Հաճախ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգն ուղղակի ստորադասվում է պետությունների աշխարհաքաղաքական շահերին։ Սա է իրականությունը, մենք պետք է ընդունենք այն, իհարկե, զուգահեռ չդադարեցնելով մեր պայքարը»։ 
 
«Ամեն անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք ոչ միայն մեր վիշտն ենք ներկայացնում, այլ նաև մեր վճռականությունը․ Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման և ոճրագործին դատապարտելու պայքարի մեջ վճռականությունը»,-ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատմաբան Վահրամ Բալայանը։ Այդ պայքարն ինքնանպատակ չէ․ քանի դեռ մեր հարևանը թուրքն է, այդ վտանգը մշտապես կա։ 
 
«Վտանգը մշտապես կա և հայության բոլոր թևերը պետք է միասնական լինեն, պայքարեն։ Միասնականության շնորհիվ, չնայած հիմա դժվար կացության մեջ ենք, կկարողանանք արդյունքներ ապահովել»։ 
 
Պետք է ամեն ինչ անել՝ թույլ չտալու այդ քաղաքականության շարունակականությունը, և դա հնարավոր է՝ ասում է հանձնաժողովի նախագահը։ Հնարավոր է, համոզված   է նաև արտգործնախարար Դավիթ Բաբայանը, եթե վարենք ճիշտ քաղաքականություն, լինենք միասնական և պահպանենք մեր արժեհամակարգը։
 
Artsakh Public Radio

Related items