Նոյեմբերի 21, 2024

Տեղահանվածները․ դառնահամ ճակատագրով տիկինը

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 26, 2023

Թեև շրջափակման պայմաններում փոխվել է բոլորի կյանքը, և դժվարությունները համընդհանուր են, սակայն կան մարդիկ, ում համար շրջափակումն առավել ծանր է:
Հարազատ տունը կորցրած և օտար քաղաքում ապաստանած մարդիկ առավել խոցելի են կյանքի դժվարություններից, և գուցե ավելորդ չէր լինի, որ այս դժվարին իրավիճակում մենք մի փոքր ավելի ուշադիր ու կարեկցող լինենք կողքինի նկատմամբ, փորձելով տեսնել ու մեղմել նրա ցավը:

 

Տիկին Լարիսան Հադրութի շրջանի Տող գյուղից է տեղահանվել։ Միայնակ կին է, որ ինչպես ինքն է արտահայտվում, իր սրտի անհատակ խորքերում արդեն գրեթե 30 տարի իր ցավը սեղմելով, ապրում է։ Մինուճար որդուն Արցախյան առաջին պատերազմում է կորցրել, այն տարիներին անհետ կորել է նաև եղբայրը։ Ինքն այդ օրվանից աշխարհում իրեն մենակ է համարում։

«Մենակ եմ, երեխաս զոհվել է, եղբայրս անհայտ կորել, հայրս այն ժամանակ վիրավորվել էր։ Լրիվ թողել, դատարկ եկել հասել եմ այստեղ»։ 


Այդպես ապրում էր իր հայրենի Տողում, մխիթարվելով նրանով, որ ապրում է իր տանը, իր հայրենի հողում։ Թե ինչպես է ապրում շրջափակման պայմաններում, չի ուզում կիսվել․ ոչ դժգոհելու բան ունեմ, ոչ պահանջելու․ մի գլուխ է՝ պահում եմ, ասում է։ Օրերը հացի հերթում է անցակցնում հիմա, դե հետն էլ ինչ գտնում՝ տուն է բերում։ Երեխաներ ունեցողի համար է դժվար, իմ կորցնելիքը ես արդեն կորցրել եմ, ասում է հոգոց հանելով։ Չի՞ ուզում ճանապարհը բացվի, հարցին այսպես է պատասխանում․ դե, թող բացվի, բայց՝

«Ես այստեեղից գնացողը չեմ, եթե ճանապարհ լինի, ես իմ գյուղն եմ գնալու։ Ինձ ոչ Երևան է պետք, ոչ Ռուսաստան, ոչ Ամերիկա։ Բացվի էլ՝ ես այստեղից գնացողը չեմ։ Իմ ծննդավայրը Ղարաբաղն է, մարդ էլ իր հողը կթողնի, գնա՞։ Որտե՞ղ գնաս։ Ես մի անգամ եմ սխալվել, հենց Տող էլ մնացած պիտի լինեի»:


Վերջին պահին է լքել հայրենի գյուղը, գյուղում մնացածներից վերջին էր։ 44 օր, պատերազմի ողջ ընթացքում Արցախում է եղել, չի հեռացել անգամ նոյեմբերի 8-ից հետո, երբ Ստեփանակերտում արդեն քչերը կային։


"Երբ Տող մտան ադրբեջանցիները, սեպտեմբերին, ես եկա այստեղ, մնացի նաև այն ժամանակ, երբ բոլորը դուրս եկան։ Սա էլ եմ իմ հողը համարում»:

Այսօր էլ, չնայած չունի մեկը, որ իր ծերության օրով կարող է հոգ տանել իր մասին, արժանապատվորեն է հաղթահարում իրեն բաժին հասած դժվարությունները։ Օրվա մեջ գնացեք ճաշելու սոցիալական ճաշարանում, որ ուժ ունենաք դիմագրավելու՝ մեր առաջարկին կարճ է պատասխանում․

«Ես չեմ կարող այնտեղ գնալ, նման տեղեր, եթե անգամ սովախ լինեմ, չեմ կարող գնալ»:


Լարիսա Ստեփանյանն այժմ ապրում է Ստեփանակերտի նախկին Ոստիկանության պոլիկլինիկայի շենքի մի խոնավ սենյակում, դիմել է Բնակարանային կոմիտեին՝ իր կեցության հարցերով։ Պատասխանել են, որ առայժմ առաջնահերթությունների մեջ են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների փոխհատուցումները։ Դե ես էլ սպասում եմ, ասում է տիկին Լարիսան։ Ապրուստի միջոցը թոշակն է, որ տրամադրվում է պետության կողմից։ Վերջին հաշվով ծախսելու տեղ էլ չկա։

«Ես 30 հազար թոշակ եմ ստանում, հաց ա էլի, առնում ենք, ուրիշ ինչ առնենք։ Մեր ապրելն այդպես է»:


Տիկին Լարիսան փորձում է ամուր երևալ, բայց դառնություն կա հոգում, դառնություն իր վշտի հանդեպ անտարբեր մարդկանց, աշխարհի հանդեպ։ Դառնություն, որ տարիներ շարունակ կրել է իր մեջ այնքան, որ դա էլ է հարազատ դարձել։ Իր ճակատագիրն է, կրում է արժանապատվորեն, առանց աշխարհին հարկ ու պահանջ ներկայացնելու, կարոտի պահին մտքում զրուցելով հարազատների հետ, որոնք այլևս այս աշխարհում չեն։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ