Նոյեմբերի 21, 2024

Սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման ֆինանսավորման ժամկետները կհստակեցվեն առաջիկայում

By Սրբուհի Վանյան Հունիսի 30, 2023

Հունիսի 15-ից հետո Քաշաթաղի միջանցքում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո շրջափակված Արցախը զրկվեց նաև այն քիչ քանակությամբ հումանիտար հոսքերից, որ ներմուծվում էին Արցախ։ Ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել, և կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել։ Դրան զուգահեռ սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար շրջանառության մեջ են դրվում պետական աջակցության ծրագրեր։



Կառավարությունն ապրիլի վերջին սկսեց քննարկել սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու 8-րդ միջոցառումը։

Սոցիալական աջակցության ծրագիրը նախատեսվում էր կյանքի կոչել մայիս ամսին։ Սակայն, պարզվել է, որ այդ դեպքում մի շարք խնդիրներ են առաջանում։ Հարցն Ազգային ժողովի պատգամավոր Արամ Գրիգորյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանին է ուղղել։ Նախարարի խոսքով, առցանց դիմումների ընդունումը մեկնարկել էր հունիսի 12-ից, և դրանից արդեն մեկ շաբաթ հետո տեսականորեն կարելի էր սկսել ֆինանսավորումը։ Նախարարն առաջարկել է ֆինանսավորոմը տեղափոխել հուլիս ամիս։ Ինչո՞ւ՝ պարզաբանում է։

«Կարգավիճակ ունեցող երկու խումբ կա։ Մի մասը հայտագրվել է ավտոմատ կերպով, մյուները լրացրել են օնլայն դիմում։ Հաշվի առնելով, որ կան ծնողներ, որոնց հայտերն ավտոմատ լրացված են համարվել, իսկ երեխաները պիտի գրանցվեին, մենք, ժամանակից շուտ ֆինանսավորելու դեպքում պիտի ստանայինք մի իրավիճակ, երբ քաղաքացին ստիպված կլիներ 2 անգամ այցելել Արցախփոստ կամ գնալ շրջկենտրոն՝ գումարը բանկոմատից ստանալու համար»։

Դա, Վահրամ Առաքելյանի խոսքով, խնդիրներից մեկն է․ կա նաև վառելիքի, ու կանխիկ դրամի խնդիր։ Գոյություն ունեցող խնդիրները հաշվի առնելով, կառավարությունում աշխատանքային քննարկում կկազմակերպվի՝ ֆինանսավորման մեխանիզմներն ու ժամկետները հստակեցնելու համար, ասել է Վահրամ Առաքելյանը։

«Կարծում եմ, հաջորդ ամսվա սկզբից պատրաստ կլինենք և հերթով կկատարենք ֆինանսավորումները»։

Մինչև 8-րդ միջոցառումը Սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարաության միջոցով ևս 4 ծրագիր էր իրականացվել, դրանց ընթացքի վերաբերյալ էլ նախարարը տեղեկություններ հաղորդեց։

«Այս ընթացքում մենք փորձել ենք և գրեթե 90 տոկոսով ավարտել ենք մյուս բոլոր ծրագրերի ֆինանսավորումը։ Բառացիորեն երեկ փոխանցել ենք գումարները և Արցախբանկին և Արցախփոստին»։

Հարցադրման հեղինակ Արամ Գրիգորյանը դրական է գնահատում աշխատանքը, որ իրականացվել է կառավարության կողմից՝ ի նպաստ բնակչության սոցիալական խնդիրների մեղմացման, սակայն հանրության մեջ բաց հարցեր, այնուամենայնիվ, մնում են․

«Այնուամենայնիվ, բնակչության իրազեկման համար ավելի հստակեցնենք․ այսօր հանրապետության նախագահին ուղղված հարցին ի պատասխան նա նշել է, որ ֆինանսավորման պարագայում այս ծրագիրը լինելու է շարունակական։ Եվ ես ուզում եմ հստակեցնել՝ հուլիսի սկզբին տրամադրվող գումարները վերաբերում են մայիս ամսվան․ այո՞»:

Վահրամ Առաքելյանը պարզաբանել է, որ սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով շրջանառության մեջ դրված ծրագիրը վերաբերում է մինչև մայիսի մեկն աշխատանքից ազատված կամ մայիսի մեկի դրությամբ աշխատանք չունեցող անձանց։

Last modified on Ուրբաթ, 30 Հունիսի 2023 13:28
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ