Նոյեմբերի 21, 2024

Մարդիկ հացի չլուծված խնդիր ունեն․ ի՞նչ անել հետո

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 12, 2023

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հացի խնդիրը, կառավարությունը որոշել էր ներդնել հացի կտրոնային համակարգ։ Սահմանվել է հացի օրական չափաբաժին՝ 200 գրամի չափով և կտրոններով հացի տրամադրման մեխանիզմ։ Այն որոշակիորեն մեղմել է ստեղծված իրավիճակը։ Թե ինչպե՞ս վաղը կարող են հաց ձեռքբերել, երբ չկա ո՛չ հաց, ո՛չ կտրոն, այսօր բոլոր քաղաքացիների մտահոգության խնդիրն է։ Սրբուհի Վանյանի անդրադարձը։

Արցախի հանրապետության քաղաքացիները, ովքեր կտրոններ էին ստացել և 8 օր կարողացել գնել հանապազօրյա հացը, որը սահմանված էր 200 գրամ, իսկ իրականում` այդքան էլ չկար, այսօր իրացրեցին վերջին կտրոնները։

Հացի խնդիրն առաջնահերթություն է և կառավարությունը, ելնելով ստեղծված իրավիճակից, որոշել էր ներդնել կտրոնային համակարգ՝ խնդիրը մեղմելու և հացի՝ օրեցօր նվազող ծավալներին ուղիղ համեմատական հերթերը կառավարելու նպատակով։ Կտրոնների բաշխման մեխանիզմն այնպիսին էր, որ յուրաքանչյուր օր հայտարարվում էր, թե հաջորդ օրը որ համարի կտրոնն է բաշխվելու։ ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը ներկայացրել էր կտրոնային համակարգի մանրամասները, նշելով․

«8 օրվա կտրոնների իրացումից հետո կմշակվի նոր համակարգ, կարծում եմ մենք պետք է քննարկենք և բնակչության համար նոր տարբերակ մտածենք, որպեսզի ավելի դյուրին ձևով տրամադրենք նոր կտրոններ»։

Այսօր փորձեցինք պարզել, թե արդյոք քննարկե՞լ են այդ հարցը պատկան մարմինները, մտածվե՞լ է տարբերակ՝ կտրոնային համակարգի շարունակականությունն ապահովելու համար, և կլինեն արդոք նոր կտրոններ։ Ինչպես սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը, այնպես էլ` գյուղի ու գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն ու տեղեկատվական շտաբը չցանկացան մեկնաբանություն տալ։ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից, մեզ հետ հեռախոսազրույցում պատասխանեցին, որ նոր կտրոններ չկան և չեն կարող մեկնաբանել թեման։ Գյուղհիմնադրամում ասացին, որ իրենք չեն զբաղվում կտրոնների տրամադրմամբ, և եթե կտրոնները լինեն ու ալյուրի մատակարարաման հրահանգ ստանան՝ կմատակարարեն և ուղղորդեցին տեղեկատվական շտաբ: Այնտեղ էլ` մեր զանգին պատասխանելով, ասացին, որ դիմենք գյուղհիմնադրամ։

Մինչդեռ` մարդիկ այսօր հավաքվել էին կտրոնների տրամադրման կետերի մոտ՝ ստանալու դրանք կամ փորձելով պարզել, լինելու՞ են կտրոններ, թե՞ ոչ։ Մարդիկ հացի չլուծված խնդիր ունեն։ Կտրոնային համակարգով խնդիրն իհարկե չէր լուծվել, բայց որոշ չափով մեղմվել էր։

«Հացի խնդիրն ուղեղում չի տեղավորվում։ Մինչ այս մի ձևի փորձել ենք հարմարվել, բայց շատ դժվար է, հացի խնդիրը պիտի լուծվի»։

«Ինձ թվում է՝ շատ դժվար կլինի, էլի փուռերի դիմաց հերթեր են առաջանալու, հատկապես բազմանդամ ընտանիքների համար»։

 80-ամյա կինը, որ իր կյանքում բազմաթիվ փորձություններ է հաղթահարել, ասում է, որ չէր էլ կարող պատկերացնել, որ իր կյանքի մայրամուտին սով էլ կտեսնի․

«Վատ է, վատ է, ասեմ լավ է՞։ Սա կյանք է՞, որ ապրում ենք։ Ո՞նց պիտի լուծում տան․ թող մտածեն, որ ժողովուրդը սոված-ծարավ տներում նստած է»։

Կաշխատե՞ն այսօր հացի արտադրամասերը, թե՞ ոչ` դեռևս անհայտ է, հատկապես որ այսօր օրվա գլխավոր թեման ոչ թե հացն է, այլ` Ակնայով Ստեփանակերտ մտած ռուսաստանյան Կարմիր խաչի հումանիտար ապրանքով բեռնատար մեքենան, որը շրջափակման մեջ գտնվողներիս համար, արդեն պաշտոնապես հրապարակված տեղեկատվության համաձայն բերել է կենսական նշանակության ապրանքներ, այդ թվում՝ պարենային հավաքածու՝ 1000 հատ, անկողնային պարագաներ՝ 270, հիգիենիկ պարագաներ՝ 200 և մանկական՝ 192 հավաքածու։ Թե ե՞րբ, ինչպե՞ս և ու՞մ կբաշխվի այդ ապրանքը, դեռևս պիտի քննարկվի, բայց որ Արցախում շատ ծնողներ, որ դեռ չլուսացած՝ դուրս կգան հանապազօրյա հաց գտնելու, տուն վերադառնալով աշխատելու են հայացքը փախցնել երեխաներից, քանի որ հաց գտնել չի հաջողվել, արդեն փաստ է։

 

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ