Print this page

Արցախի Ձյուդոյի ֆեդերացիան տեղահանված մանուկների է հյուրընկալել

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 06, 2022
Ձյուդոյի ավելի «հին» մարզիկները  ցուցադրական ելույթներ են ունենում, իսկ փոքրերը փորձում են սովորել-հասնել  ավագ ընկերներին: Մարզաձևին լիարժեք տիրապետելու համար բավարար չէ միայն ձյուդոյի հնարքներն իմանալը: Կարևոր է նաև տիրապետել ձյուդոյի փիլիսոփայությանը, ապրել ձյուդոյի  սկզբունքներով, իսկ պարապմունքներին կրել համապատասխան հագուստ՝ կիմանո: Փոքրիկներին մարզական  հագուստով ապահովել է Հակոբ Իփճյանը: Մեզ հետ զրույցում նա պատմել է, թե ինչու է որոշել կիմանո տրամադրել հենց ձյուդոյի ֆեդերայիային: 
 
«Ձյուդոն Արցախում մի քիչ անտեսված է, բայց շատ կարևոր սպորտաձև է: Ինձ թվում է, որ Ձյուդոն պետք է փոքր-ինչ ավելի զարգանա: Դրա համար մենք ընտրեցիք հենց Ձյուդոն»: 
 
Հակոբ Իփճյանը պատերազմից հետո է Արցախ եկել, արդեն գրեթե 2 տարի է այստեղ է ապրում: Այն համոզմանն  է, որ Արցախում ավելի շատ անելիք  ունի: Նա նաև  պետնախարար Արտակ Բեգլարյանի օգնականն է, զբաղվում է հումանիտար օգնության ծրագրերով:  Իսկ ծրագրերը շատ են, ջերմոցների կառուցումից ու վերանորոգումից սկսած մինչև 25 000 ճտերի բաժանում:
 
 «Ժողովրդի հետ շփվելով հասկացա, որ ես այստեղ ավելի պետք եմ, որովհետև մեր հայրենիքը մեր կարիքն ունի: Մենք սկզբում ծրագրեր ենք իրականցրել սահմանամերձ գյուղերում, հետո կամաց-կամաց անցել ենք ուրիշ գյուղերի հետ աշխատելուն: Ունեինք տարբեր ծրագրեր մեղվաբուծության հետ կապված, 93 մեղվափեթակ բաժանեցինք, այդ ծրագրերը իրականացնում էինք հիմնականում Շուշիի շրջանում: Մեղվափեթակների տրամադրման ծրագիրը մեր այս տարվա գործունեության մաս է կազմելու: Սրանից զատ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքնր ենք հանձն առել»:
 
 Պատերազմից հետո իրականացվող ծրագրերի մեջ   սպորտն առաջնահերթություն չէ: Բայց սպորտի մասին էլ մոռանալ չի կարելի: Հակոբ Իփճյանի խոսքով՝ միտք ունեն սպորտի զարգացմանը նպաստել նաև համայնքներում: 
 
«Մենք Արցախի Ձյուդոյի ֆեդերացիայի հետ մշտական կապի մեջ ենք: Առաջարկ ունենք, դեռ ծրագիր ասել չենք կարող, որ գոնե շրջանների համայնքներից մեկում շաբաթը մեկ անգամ հավաքենք կողքի համայնքների երեխաններին և պարապմունք անցկացնենք»:
 
 Արցախի Ձյուդոյի ֆեդերացիայի մարզիչ Գոռ Ազիզբեկյանի խոսքով՝ համայքներում Ձյուդոյի պարապմունքներ կազմակերպելու ամենակարևոր պայմանը դահլիճի առկայությունն է: 
 
«Դժվար է համայնքի երեխաներին ամեն անգամ բերել-տանելը։ Ուզում ենք այնպես անել, որ մենք գնանք, գյուղի սպորտդահլիճում մարզումներ անցկացնենք ու հետ գանք: Դեռ պետք է շրջենք, տեսնենք, թե որ գյուղում կան համապատասխան հարմարություններ»: 
 
«Արցախ» լրատվականի հետ զրույցում Գոռ Ազիզբեկյանն ասում է, որ  Արցախի Ձյուդոյի ֆեդերացիայի և Արցախի Օժանդակության Մարմինի համատեղ ծրագրերն ուղղված  ձյուդոյի  զարգացմանը   շատ են: Նախատեսվում են մրցաշարեր  ու արշավներ դեպի Արցախի և Հայաստանի տարբեր բնակավարեր:
 
 
Artsakh Public Radio