Ապրիլի 26, 2024

Ինչու՞ ենք պարտվում տեղեկատվական ճակատում

By Անի Աբաղյան Սեպտեմբերի 13, 2022

«Ադրբեջանի բանակին հրամայվել է պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր սադրանքների վճռական կանխմանը»։ Այսօրվա ռազմական գործողության անոնսը, փաստորեն, կարելի է համարել 3 օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այս հայտարարությունը:  Նրանից առաջ և հետո ադրբեջանական քարոզչական մեքենան զբաղված էր այս պատերազմի լեգիտիմացմամբ:   Պաշտպանության նախարարությունը համակարգված ապատեղեկատվություններ էր տարածում, հայկական կողմը՝ հերքում դրանք: 44-օրյա պատերազմի ժամանակ, մի շարք փորձագետների համոզմամբ, տեղեկատվական դաշտում մենք պարտություն ենք կրել, բայց ի՞նչ հետևություններ են արվել, ի՞նչ է փոխվել 2 տարի անց տեղեկատվական ճակատում՝ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է մանրամասնում։ 

«Տեղեկատվական առումով Ադրբեջանը կազմակերպված գրոհ է ձեռնակում մեր տեղեկատվական դաշտում և կարևոր է, որ պատշաճ տեղեկատվություն ներկայացվի պաշտպանական գերատեսչության և այլ մարմինների կողմից, որպեսզի մարդիկ չգնան ապատեղեկատվության ետևից։ Ցավոք, չեմ կարող ասել, որ 44-օրյա պատերազմից հետո տեղեկատվական առումով դասեր ենք քաղել»։ 

Տեղեկատվական նոր ճակատի բացումը հաջորդել է օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Ադրբեջանագետի կարծիքով՝ տեղեկատվական գրոհի ժամանակ հայկական կողմը համապատասխան քայլեր չի ձեռնարկել, նախապատրաստական աշխատանքներ չեն տարվել։ 

«Ինչ վերաբերում է մեր պատասխան գործողություններին և քայլերին տեղեկատվական առումով, ապա կարծում եմ՝ մենք ճիշտ չէինք գնահատել իրավիճակը, համապատասխան քայլեր  չէին ձեռնարկվել, որովհետև բացի ադրբեջանական ապատեղեկատվությունները հերքելուց՝ Պաշտպանության նախարարությունը կարող էր նախապատրաստական աշխատանքներ տանել համապատասխան ռազմական կցորդների հետ, հանդիպումներ ունենալ արտաքին գործերի նախարարության հետ, ցույց տար՝ ինչպես են ադրբեջանցիները նախապատրաստվում սադրանքի գնալ։ Այդ գործողությունները չեն արվել»։

 Որպես հետևանք այսօր համացանցի հայկական տիրույթում մեծ տեղ են զբաղեցնում Ադրբեջանի տարածած կեղծ ու ճիշտ լուրերը: Բացի այդ՝ Ադրբեջանում ազատ մամուլ ասվածը գոյություն չունի․ լրատվամիջոցները, թելագրամյան ալիքները, նույնիսկ սոցիալական ցանցերը գտնվում են իշխանությունների տոտալ վերահսկողության տակ: Այդ պատճառով էլ որևէ լուր չի սպրդում, իսկ զինտեխնիկայի շարժի ցանկացած նկարահանում պատժվում է օրենքով: Այնինչ մեզ մոտ Պաշտպանության նախարարությունը ստիպված է ռազմական գործողությունների ժամանակ հրապարակել պատերազմական իրավիճակում համացանցում մարդկանց վարվելակերպի կանոնները: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ