Ապրիլի 26, 2024

Տեղեկատվական պատերազմ․ ինչու՞ ենք պարտվում

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 26, 2022
Այն, որ Ադրբեջանը հատում է բոլոր կարմիր գծերը, ակնհայտ է։ Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան ակտիվ հակահայ քաղաքականություն են վարում։ Ու բավականին գրագետ քաղաքականություն, առաջին հերթին, տեղեկատվական դաշտում։ Իսկ ի՞նչ ենք անում մենք․ մեր դիվանագիտությունը, հանրային հատվածը, որքա՞ն լուրջ ենք վերաբերում առհասարակ նման հարցերին․ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը  խնդիրը  այս տիրույթում է դիտարկում։
 
«Իսկ ինչ ենք մենք արել՝ կանխելու համար ցեղասպանությունը որպես քաղաքականություն, որ որդեգրվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից և անփոփոխ է բոլոր այս տարիներին։ Կազմակերպված աշխատանք չի իրականցվել»:
 
 Իրավապաշտպանի խոսքով՝ մենք պետք է փոխենք մեր մոտեցումը, ակտիվանանք, և ճիշտ օգտագործենք պահը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կատարած ոճրագործություններն աշխարհին ներկայացնելու համար։ 
 
«Մեր փորձից ելնելով, կարծում եմ պետք է կազմակերպել վտանգի մասին ազդարարող, ահազանգող  նամակների հոսք դեպի միջազգային տարբեր հարթակներ»։
 
 «Աշխարհում բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնց առաքելությունը հենց ցեղասպանությունների կանխարգելումն է,-ասում զրուցակիցս, և այդպես հասցեական փորձելու ենք աշխատել»։ 
 
«Կազմել ենք հակիրճ նամակներ, անհրաժեշտության դեպքում մանրամասը հավելյալ նյութերով։ Նման նյութեր ժամանակին կազմել է և՛ Ռուբեն Մելիքյանը, և՛ Արտակ Բեգլարյանը, և՛ Գեղամ Ստեփանյանն է անում։ Համոզված եմ․ Արցախում պետք է կազմակերպել երիտասարդների խումբ, ովքեր ամենօրյա աշխատանք կտանեն՝ կազմելով և ցրելով այդ նամակները՝ «Այլևս երբե՛ք» կարգախոսով, որը ՄԱԿ-ի կարգախոսն է»։ 
 
Ասածը չի ենթադրում, որ վտանգը միանգամից վերանալու է, պարզաբանում է իրավապաշտպանը, բայց առանց նման աշխատանքի, հույս ունենալ, որ որևէ հաստատություն կսկսի Ադրբեջանին սանձելու քայլեր ձեռնարկել՝ առնվազը միամտություն է։ Անհրաժեշտ է համակարգել հասարակական հատվածի աշխատանքը, որպեսզի թեմայով իրենց ահազանգող, դատապարտող նյութերն ուղարկեն Ադրբեջանին, այն միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Ադրբեջանը և բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք զբաղվում են ցեղասպանութունների կանխարգելմամբ։ Բավարար աշխատանք չի տարվում՝ իրավապաշտպանը վստահաբար է ասում․ 
 
«Այո, Հայաստանը և Արցախը տարօրինակ պասիվություն են ցուցաբերում, մինչև անգամ արտասահմանյան իմ ընկերները հարցնում են, թե ինչու Հայաստանից ու Արցախից նյութեր չեն ուղարկվում»:
 
 Տեղեկատվական պայքարը պատշաճ ձևով գնահատելու, արժևորելու ժամանակն է, այն բավականաչափ  ազդու  զենք է , և պետք է նրա ճիշտ կիրառման արվեստին տիրապետենք։
 
«Վրա հասած այդ ցեղասպանական ագրեսիան,  որ չգիտես ինչու 44-օրյա պատերազմ ենք անվանում, նախաձեռնել և ղեկավարել է Թուրքիան, Ադրբեջանն էլ  սիրով իրականացրել է։ Այնքան հարված են հասցրել, 1000-ավոր զոհեր, կորուստ,  որը կարծում եմ, կարող ենք բացատրել նաև նրանով, որ ժամանակին չկարողացանք  ակտիվություն ցուցաբերել»։
 
 Հիմա, ունենք այն, ինչ ունենք, զարկված, թուլացած ենք, բայց հիասթափվել պետք չէ, -ասում է Լարիսա Ալավերդյանը։ Հստակ պետք է մշակենք քայլերի պլանը, և մենք՝ ոչ զինվորականներս, մեր բաժին պատերազմը մղենք։ Տեղեկատվական պատերազմը։ Որտեղ ցավոք պարտվել էինք դեռ մինչև 44֊օրյան։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 26 Օգոստոսի 2022 13:27
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ