Մայիսի 02, 2024

Երբ սկսենք՝ ժամանակն է․ փախստականներ

By Սրբուհի Վանյան Մարտի 17, 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով թյուրքական պետությունների արտահերթ գագաթնաժողովում, ասել է, որ Զանգեզուրը «պատմական Ադրբեջան»-ի տարածք է, որ տրվել է Հայաստանին և ինչպես այդ տարածքներ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղ պիտի ապահովվեն «ադրբեջանցի փախստականների» վերադարձը։ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն արձագանքել է այս հայտարարությանը, բայց այնուամենայնիվ, միջազգային իրավունքի ու փախստականների հարցերով մասնագետները հայկական կողմի քայլերը բավարար չեն համարում։ Ադրբեջանը հեռահար դիվանագիտություն է կիրառում և համարժեք քայլերի բացակայության դեպքում կարող է շատ վտանգավոր իրավիճակ ստեղծվել ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։ ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, Միգրացիայի և փախստականների  վարչությանը կից փորձագիտական խորհրդի նախագահ Լարիսա Ալավերդյանը, առհասարակ չնսեմացնելով կոնկրետ անձանց գործադրած ջանքերն այդ ուղղությամբ, այնուամենայնիվ, հայկական կողմի աշխատանքը գնահատում է պասիվ, հատկապես, միջազգային իրավունքի տեսակետից մեր ճշմարտությունն ապացուցելու համար անհերքելի փաստերի նման ծավալ ունենալու պարագայում։ Անդրադառնալով փախստականների վերադարձի խնդրին՝ իրավապաշտպանը ձեռքի տակ ունեցած փաստերն է արձանագրում․


«Իրականում Հայաստանից չի եղել ադրբեջանցի փախստական, քանի որ որադրբեջանցիները՝ թվով 164 հազար մարդ, ապրում էին Հայաստանում, և նրանց իրական արտագաղթը սկսվել է երկրաշարժից մի քանի օր առաջ»։


Իրավապաշտպանը ակտիվ ներգրավված է եղել նրանց հետ աշխատանքներում․ թե ինչու՞ են լքում Հայաստանի տարածքը հարցին, նրանք պատասխանում էին՝ ներքին վախերից, որ մեզ հետ էլ կարող են հայերը նույն կերպ վերաբերվել, ինչ մենք՝ նրանց հետ Բաքվում և Սումգայիում՝ պատմում է Լարիսա Ալավերդյանը։ Այդ ժամանակ Ադրբեջանի շուրջ 120 բնակավայրերից բռնի՝ սպանություններով, խոշտանգումներով, տեղահանվել էին հարյուր հազարավոր հայեր, և այդ առումով հայաստանաբնակ ադրբեջանցիների հոգեբանական վիճակը կարելի էր հասկանալ։ Հայաստանից բռնատեղահանություններ չեն եղել, և որևէ փաստ որևէ տեղ ու որևէ ձևով չի ապացուցվել՝ ասում է Լարիսա Ալավերդյանը։


«88 թվականին Խորհրդային Միության քաղաքացի հանդիսացող Հայաստանի բնակիչները փոխանակել են իրենց բնակարանները Ադրբեջանում ապրող Խորհրդային Միության քաղաքացի հանդիսացող հայերի հետ, և դա տեղի է ունեցել ավելի քան 87 տոկոս մարդկանց՝ ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանցիները չեն կարող պահանջել վերադարձ և չեն կարող համարվել փախստական։ 10-ից մի քիչ ավել տոկոս ադրբեջանցիները երկաշարժի գոտու բնակիչներ էին, որոնց համար Սովետական Միության աշխատանքի պետկոմիտեն Ադրբեջանի նույնանուն պետկոմիտեին փոխանցել է 72 մլն ռուբլի»։


Այսպիսով, Հայաստանի տարածքից Ադրբեջան տեղափոխված անձինք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի պարտք ու պահանջ ունենալ չեն կարող։ Հայկական կողմը պետք է պատշաճ աշխատանք տաներ այդ ուղղությամբ, ինչը չի արվել այս 30 տարիների ընթացքում։ Իրավապաշտպանը կարգախոս ունի՝ «Երբ սկսենք՝ ժամանակն է» և հիմա էլ ուշ չի համարում․ ադրբեջանական ագրեսիվ ու կեղծ քաղաքականությանը պետք է համարժեք դիմակայություն լինի։


«ՀՀ կողմից տարիներ շարունակ չեն նախաձեռնվել այնպիսի գործողություններ, որ կհերքվեին Ադրբեջանի կողմից շարունակական բնույթ կրող ստի վրա հիմնված թվերը, այսօր էլ ուշ չէ, որ արմատախիլ արվեն այդ ոչ ճիշտ փաստերը։ Եվ որ ամենակարևորն է՝ Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին՝ ոչ մի տեղ հիշատակում չկա Արևմտյան Ադրբեջան կոչվածի մասին, որով կանվանեին Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դրանց ՀՀ կողմից համարժեք գնահատական պիտի տրվեն՝ որպես ՄԱԿ կանոնադրությանը հակասող տարածքային նկրտումներ՝ՄԱԿ անդամ հանդիսացող պետության դեմ»։ 


Ի տարբերություն Հայաստանի, որտեղ ընդամենը 164 000 ադրբեջանցի էր ապրում՝ Ադրբեջանում, տարբեր հաշվարկներով, 500-800 հազար հայ էր ապրում՝ ասում է ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։ Հասարակական մակարդակով այդ հարցերը բարձրացվել են բազմիցս տարբեր ատյաններում՝ ասում է ադրբեջանագետը․ խնդիրը պետական մակարդակով բարձրաձայնելու պահանջ կար։ Խնդրի վտանգավորությունը պետությունը առայսօր ճիշտ չի գնահատում՝ ասում է։

«Դա սպառնալիք է և՛ ՀՀ, և՛ Արցախի համար, շատ վտանգավոր են, և ես՝ որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչ և փախստականների կազմակերպության ղեկավար, կարծում եմ, որ եթե ինչ-որ նման գործընթաց լիներ, ինձ պետք է տեղյակ պահեին։ Կարծում եմ, դա առայժմ հայտարարությունների մակարդակով է։ Հուսով եմ՝ ինչ-որ բան կփոխվի այդ ոլորտում»։


Գրիգորի Այվազյանը մտահոգություն է հայտնում հայկական կողմի պասիվ դիրքորոշման առումով․ որևէ ձևով չի խոսվում բոլորովին վերջերս տեղի ունեցած իրադարձություններից՝ Հադրութից, Շուշիից տեղահանվածների մասին, մինչդեռ ըստ նրա՝ հարցը պիտի օրակարգում լինի։

«Չէ՞ որ մենք ունենք այսպիսի հաղթաթուղթ, ինչպե՞ս կարելի է դա չօգտագործել։ 30 տարի դա չօգտագործեցինք, և հնարավոր է՝ ներկայիս իրավիճակը դրա արդյունքն է։ Մինչդեռ մեր ձեռքին դա սուր ու վահան էր ընդդեմ Ադրբեջանի՝ Անջատում հանուն փրկության թեզի կիրառության համար, Արցախի անկախության, որ առաջին հերթին պիտի Հայաստանի կողմից ճանաչվեր»։

Հայկական կողմը ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներից տեղահանվածների մասին  գրեթե չի խոսում։ Ադրբեջանը շարունակաբար հայտարարում է, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները:


«Այս տարիների ընթացքում, մանավանդ 20 թվականի խայտառակ փաստաթղթից հետո, չի եղել որևէ նախաձեռնություն ՀՀ կողմից, որը կտար այս համարժեք բնութագիրը Ադրբեջանի նախագահի նման հայտարարություններին, և կբարձրացվեր հարցը միջազգային հարթակներում, այդ նկրտումները դարձնեին քաղաքական օրակարգի հարց, որով կդատապարտվեր Ադրբեջանը և նման հայտարարություններ գուցե և չէին լինի հետագայում»։


Գուցե և այդ համարժեք պատասխանի բացակայությունն է, որ արձակում է Իլհամ Ալիևի ձեռքերն ու ավելացնում ախորժակը։ Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ՝ այո։ Նրա խոսքով՝ դա հեշտ գործ չէ, բայց և՝ ոչ անհնարին։ Հայկական դիվանագիտությունը օգտագործելով բոլոր լծակները պետք է համարժեք քայլեր ձեռնարկի, միջազգային կառույցներում ցույց տալու Ադրբեջանի իրական դեմքը, հասնելու ճշմարտության ներկայացմանն ու արդարության հաղթանակին։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Ուրբաթ, 17 Մարտի 2023 15:18
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ