Ապրիլի 14, 2024

Սահմանադրական բարեփոխումներ. ի՞նչ է տալու այն

By Սրբուհի Վանյան Փետրվարի 03, 2022

Սահմանադրական փոփոխությունների հարցը իշխանական մարմիններում և փորձագիտական շրջանակներում քննարկվում է արդեն տևական ժամանակ: Երկրի Մայր օրենքի փոփոխության վերաբերյալ քաղաքական ուժերի միջև կոնսենսուս կա. պատերազմից հետո ստեղծված իրավիճակում գործող Սահմանադրության ռիսկային լինելու հարցում քաղաքական ուժերի տեսակետը համընկնում է: Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը մեզ հետ հարցազրույցում խոսելով այդ մասին ասել է, որ փոփոխությունների օրակարգը քննարկվում է քաղաքական ուժերի միջև:

«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցերը քննարկվում են խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերի և,  բնականաբար, Նախագահի միջև: Պահանջարկը, կարիքը կա, բոլորն ընդունում են, բայց թե ի՞նչ բովանդակությամբ է լինելու՝ հանձնաժողովը կձևավորվի, կքննարկեն, մասնագիտական խմբերը կքննարկեն, հետո ընդհանուր պատկերը պարզ կլինի»:

 Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն ստորագրել է հրամանագիր՝ Արցախի Հանրապետութան Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Երկրի մայր օրենքի փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորվում է իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ Դեռևս դեկտեմբերին, Սահմանադրության օրվա կապակցությամբ «Արցախ» լրատվականի հետ արտգործնախարար Դավիթ Բաբայանն էր խոսել այդ մասին: Նրա կարծիքով, ընդհանրության մեջ գործող Սահմանադրությունը լավն է, բայց փոփոխությունների ենթակա կետեր միանշանակ կան: 

«Անպայման անհրաժեշտ է փոխել: Չի կարելի Նախագահի և Ազգային ժողովի ինստիտուտները այդքան փոխկապակցել: Եթե Նախագահը հրաժարական տա  կամ ԱԺ-ն անվստահություն հայտնի, պետք է ցրվի նաև Ազգային ժողովը: Մյուս վտանգավոր մասն այն է, որ ընտրությունների շեմը հանվել է: Նախկինում, եթե 25 տոկոսից ցածր էր մասնակցությունը, ընտրություններն անվավեր էին ճանաչվում: Սա թույլ էր տալիս պասիվ բողոքի միջոցով կարևոր քաղաքական հարցեր լուծել»:

  Սահմանադրությունը պիտի թույլ տա անցկացնել սկզբում արտահերթ խորհրդարանական, ապա, ըստ իրավիճակի, գուցե մի օր նաև՝ նախագահական ընտրություններ: Սա, ըստ Արտակ Բեգլարյանի, կտրուկ կնվազեցնի Սահմանադրական կարգի հանդեպ ռիսկերը. գլխավորապես արտաքին գործոններով պայմանավորված: 

« Քաղաքական ուժեր կան, որոնք կառավարման համակարգի փոփոխման կողմնակից են, կան որ այլ գաղափարներ են առաջ քաշում: Սրանք քննարկվող կամ քննարկելի հարցեր են»:

 Սահմանադրական փոփոխություններն արդեն գործնական փուլում են. Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, Նախագահի հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ: Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում Նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Իսկ հիմա, քանի դեռ չկա հայեցակարգ, բովանդակության վերաբերյալ պաշտոնյաները հստակ ասելիք չունեն: Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն է մեկնաբանում. 

«Բայց այն, որ դա պետք է քաղաքական օրակարգում հասունանա, որից հետո կարող ենք խոսել բովանդակության մասին, միանշանակ է: Իմ պատկերացմամբ, այն վերաբերելու է կառավարման համակարգին, որովհետև գիտենք, որ պատերազմի ժամանակ և նրանից հետո մենք   առնչվել ենք այնպիսի իրավիճակների, երբ կարող էր ուղիղ իմաստով կառավարման ճգնաժամ առաջանալ:Հենց այդ խնդիրը լուծելը պետք է լինի  սահմանադրական բարեփոխումների հիմքում»:

 Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հետ համաձայն են, կարծես թե, բոլորը: Բայց քաղաքական որոշ շրջանակներում շոշափվում է հարցը, թե արդյոք, ճի՞շտ է ընտրված պահը: Դավիթ Բաբայանի խոսքով՝ դա ցույց կտա ժամանակը: 

«Ինչ ձևով ենք վերանայում՝ ցույց կտա ժամանակը: Խնդիրը միայն անհրաժեշտությունը չէ: Խնդիրն այն է՝ ճի՞շտ պահ է, արդյոք, ընտրված»:

 Ամեն դեպքում, սահմանադրական բարեփոխումների մեկնարկը տրված է և առաջիկա ամիսներին՝ հայեցակարգի մշակումից հետո, հստակ կուրվագծվեն փոփոխությունների ուղղությունները:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ