Ապրիլի 27, 2024

Արցախում սպասում են որոշման

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 29, 2023

Արցախում իրավիճակն ավելի ու ավելի է սրվում, ամեն նոր օրվա մեջ ավելի մեծ շրջապտույտ գրանցելով։ Հակարիի կամրջին երեկ տեղի ունեցած միջադեպը, արցախցի երիտասարդների առևանգման լուրով, լարվածությունը հասցրեց գագաթնակետին և արտահայտվեց բնակիչների ինքնաբուխ հավաքով՝ հաջակցություն տղաների։ Հավաքվածների պահանջով հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ինչպես տղաների ճակատագրի, այնպես էլ` Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ օրակարգով և Ազգային ժողովում գիշերը 6 ժամ տևած քննարկումներից հետո հանդիպել ցույցի մասնակիցների հետ։ Գրեթե միաժամանակ ինքնաբուխ հավաք անցկացվել է նաև Երևանում՝ ՌԴ դեսպանատան առաջ։

 

 

Որքան էլ ողբերգական ու զայրացնող է տղաների հետ տեղի ունեցածը և որքան օրհասական հումանիտար վիճակն Արցախում, այստեղ հասկանում են՝ խնդիրը միայն կոնկրետ փաստերը չեն։ Խնդիրը համապարփակ մոտեցում և հստակ հանգուցալուծում է պահանջում։ Հակառակ դեպքում նախադեպը կրկնվում է, ինչպես Արցախում արդեն հասցրել են համոզվել։ Արցախում ցույցի մասնակիցները ձևակերպել են իրենց պահանջը և ներկայացրել իշխանությւոններին։

«Հավաքվածների պահանջը Արայիկ Հարությունյանից՝ հավաքվեն բլոր քաղաքական ուժերը, ռազմաքաղաքական ղեկավարությւոնը, որոշում կայացնեն, տեր կանգնեն իրենց ժողովրդին։ Ինչքան ուզում են, քանի ժամ ուզում են, թող նստեն, քննարկեն, որոշման գան։ Ժամը 21:00-ին նիստը սկսում է, բոլոր ստեփանակերտցիները թող գան իրենց երկրին տեր կանգնեն։ Ով չի գալիս, քաղաքավարի ձևով հրավիրելու ենք»:

Խորհրդարանի 6 ժամ տևած քննարկումից հետո Արայիկ Հարությւոնյանը գիշերը, ժամը 3-ին հանդիպել է ցուցարարաների հետ, խոստանալով, որ առաջիկա օրերին տղաները կվերադարձվեն Արցախ, «ես առավոտյան ժամը 9-ին տղաների ծնողներին հրավիրում եմ նախագահական, հենց իրենց մոտից կապ կհաստատվի տղաների հետ, որից հետո կասեն, թե որ կոնկրետ պաշտոնյան է նրանց բերելու Արցախ», խոստացել է նախագահը։ Քննարկվել է նաև հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հարցը․ հավաքվածները պնդում էին՝ խնդիրը միայն հումանիտար չէ, այն ավելի համապարփակ լուծում է պահանջում, և եթե նախագահ Հարությւոնյանն ի վիճակի չէ այն լուծել, պետք է հեռանա։ Այս իրավիճակում իշխանափոխությունը, ինչպես Արցախում, այնպես էլ` ընդհանրապես Հայաստանում անհրաժեշտությունների մեջ քննարկվում է նաև փորձագիտական դաշտում։ Քաղաքագետ Ռոբերտ Հայրապետյանի կարծիքն է։

«Ես կարճ եմ պատասխանելու՝ սա ՀՀ և Արցախի գործող իշխանությունների օր առաջ փոփոխման հարցն է։ Անհրաժեշտ է հայամետ իշխանություն, որը տեր կլինի իր երկրին ու քաղաքացիներին։ Ի վերջո այդ կապույտ անձնագիրը պետության ու իր քաղաքացիների իրավաբանական կապի երաշխիքն է և իր քաղաքացուն տեր կանգնելը պետության պարտականությունն է»:

Հիմա տեր կանգնող կա՞ քաղաքացիներին, թե՞ չէ, մեծ հարց է։ Փաստ է այն, որ առևանգված երիտասարդները և նրանցից առաջ գերեվարված մեր հայրենակիցները դեռ գերության մեջ են, Քաշաթաղի միջանցքում փոփոխությունն այն է, որ երեկվանից ռուսաստանյան խաղաղապահների ու Կարմիր խաչի միջնորդությամբ մարդկանց տեղաշարժը դադարեցված է, Երևանից ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը կանգնած է ադրբեջանական ապօրինի անցակետից այն կողմ, իսկ Ադրբեջանը, որն այս ինն ամիսների ընթացքում տարբեր միջազգային ատյաններում աղաղակում է այն մասին, թե իրենք չեն արգելափակել Արցախ ելումուտը և Արցախում ամենևին սով կամ հումանիտար աղետ չկա, և այսօր առավոտից չակերտավոր բարի կամք է դրսևորում, տարփողելով, որ Ակնայից Ստեփանակերտ հումանիտար օգնություն է ուղարկում։ «Ադրբեջանը որոշել է հումանիտար բեռ ուղարկել Ստեփանակերտ Աղդամի ճանապարհով ու դա անում է ադրբեջանական Կարմիր մահիկով։ Փորձում են մի քայլով բազմաթիվ հարցեր լուծել», սոցցանցերում գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Թե ինչ հարցեր, պարզաբանում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Իմ խոսքերը այն ապահով վայրից, որտեղ ես գտնվում եմ, կարող է երկմտելու տեղիք տա ռադիոլսողներին, քանի որ ես որքան էլ ուզեմ պատկերացնել թե ինչ ծանր վիճակ է Արցախում, այն լիարժեք լինել չի կարող։ Իմ կարծիքով ամեն դեպքում Ստեփանակերտը պիտի մերժի այդ օգնությունը, որպեսզի մեր պայքարը, կորուստներն առոչինչ չդառնան։ Ես համոզված եմ, որ եթե իրականում ցանկանանք, կարող ենք այդ խնդիրը լուծել։ Թեպետ դա գլոբալ փոփոխությւոններ է ենթադրում, այդ թվում և՝ Հայաստանի իշխանությունների փոփոխություն։ Սրա ընդունմամբ Ստեփանակերտը ընդամենը կոսմետիկ խնդիր կարող է լուծել, բայց դա Ադրբեջանը լավ կօգտագործի իր շահերի համար։ Չնայած որ գիտենք, Ադրբեջանին դա պետք չէ, անտարբեր է նաև միջազգային հանրությունը, և տեղյակ Ադրբեջանի գործողություններին։ Սա հասարակության վրա ներազդելու քայլ է Ադրբեջանի կողմից, և ինտեգրացիայի առաջին քայլը»:

Արցախում այսօր անհանգիստ են, հոգնած, մտահոգ ու սոված։ Վերջին փաստը իսկապես վերջին տեղում է։ Որովհետև խնդիրը հացի խնդիր լինելուց ավելին է։ Արցախում սպասում են որոշման․ պատասխանատու որոշման, և եթե այն շատ ուշանա, արդյունքները գուցե անդառնալի լինեն։ Որոշումը, դեռևս, ուշանում է:

Last modified on Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023 05:56
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ