Դեկտեմբերի 09, 2022

Պատերազմը և տնտեսությունը․ Արցախի նոր մարտահրավերները

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 23, 2022

«Եթե փորձենք ներկայացնել Արցախի տնտեսությունը, այն պիտի ներկայացնենք «մինչ և հետո» սկզբունքով։ Իսկ բաժանարար գիծը 2020 թվականի պատերազմը կլինի»,- մեջբերումը ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Ռուզաննա Մանգասարյանի խոսքից է։ Տնտեսագետի հետ զրուցել ենք պատերազմից հետո մեր երկրում ստեղծված իրավիճակի, տնտեսության մեջ առկա հիմնախնդիրների ու այդ վիճակից դուրս գալու հնարավոր ուղիների շուրջ։

«Մինչև 2020 թվականը մենք բավականին բարվոք վիճակում էինք։Եթե որպես տնտեսական զարգացման մակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշ վերցնում ենք ՀՆԱ-ի աճը, ապա վերջին 10 տարվա կտրվածքով միջինում մինչև 10 տոկոս էր այն կազմում։ Իհարկե այդ աճը զարգացման մասին չէր խոսում դեռ, քանզի տնտեսական աճը կարևոր, բայց ոչ բավարար պայման է տնտեսության զարգացման համար։» 

Պատճառը դարձյալ պատերազմներն են, ասում է Ռուզաննա Մանգասարյանը․ մինչ այդ տեղի ունեցած արցախյան առաջին պատերազմը, դրան նախորդած շրջափակումը, ապա և ապրիլյան պատերազմը թողել էին իրենց հետքը Արցախի Հանրապետության տնտեսության վրա։ Եվ չնայած վերջին 10 տարվա ընթացքում կարծես թե տնտեսական աճի ցուցանիշները բավարար էին, և նույնիսկ երկնիշ թվով ցուցանիշներ ունեինք, այնուամենայնիվ, զարգացող տնտեսությամբ երկիր լինելուց մենք շատ հեռու էինք։ Արցախի տնտեսությանը Ռուզաննա Մանգասարյանը վերականգնվող ձևակերպումն է տալիս։

«2020-ից հետո ավելի վատ վիճակում հայտնվեցինք, քանի որ կորցրեցինք մեր տարածքների մեծ մասը, տնտեսական ներուժը, էներգետիկ ռեսուրսները, որի արդյունքում 2020 թվականին արդեն արձանագրեցինք  անկում՝ 22,4 տոկոսով, ինչն անդրադաձավ կյանքի որակի վրա, բնակչության կենսամակարդակն արտահայտող ցուցանիշների վրա, կյանքի միջին տևողությունը ևս կրճատվեց։ Եթե մինչև 2019 թվականը բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 4000 դոլարից ավել էր, ապա 2020 թվականին անկում է եղել»։

 Ավելի քան 110 կորսված համայնք, 30000-ից ավելի տեղահանվածներ, տնտեսության վրա ավելացած սոցիալական բեռ, պետության վրա լրացուցիչ ծախսեր՝ կապված վնասված տնտեսությունը, ենթակառուցվածքները վերականգնելու կամ նորը ստեղծելու հետ․ այս ամենը չեն  կարող չանդրադառնալ տնտեսության վրա։  «Արցախի տնտեսությունը արտաքին աշխարհից կախված, ավելի շատ սպառող, քան արտահանող տնտեսություն է», -ասում է զրուցակիցս։ 

«Այսինքն ավելի շատ ներմուծում ենք և մեր արտահանման պոտենցիալն այդ առումով նվազում է։ Եթե այսօր ազգային անվտանգության խնդիր  ունենք, ապա ազգային անվտանգության թիվ մեկ բաղադրիչը տնտեսականն է։Իսկ տնտեսական անվտանգությունն ունի իր սպառնալիքները»։

   Տնտեսական սպառնալիքների շարքում Ռուզաննա Մանգասարյանն առանձնացնում է  ոչ մրցունակ տնտեսությունն ու բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը, որը վերջին պատերազմից հետո նվազման միտում է գրանցել։ 

«Մեր ՀՆԱ-ի մեծ մասը բաժին է ընկնում ծառայություններին ու առևտրին, այդ ոլորտում մենք ևս ունենք խնդիր, քիչ առաջ մարդկային որակյալ կապիտալի մասին էինք խոսում, որ ունենք արտագաղթ։ Սրանք բոլորը մարտահրավերներ են, որ որ կանգնած են ԱՀ տնտեսության առջև, և դա կոնկրետ կառուցողական քաղաքականություն է պահանջում պետությունից, որպեսզի օպտիմալացված քաղաքականություն վարի, հաշվառի ռեսուրսները»։

 Այսօր Արցախում անգամ ռեսուրսների հաշվառման խնդիր ունենք, նկատում է մասնագետը։ Երկարաժամկետ վերլուծություններ անել նման պայմաններում, երբ մարտահրավերների առջև է կանգնած համաշխարհային տնտեսությունը, դժվար է, նրա խոսքով։

«Այո, մենք ունենք օպտիմալացման խնդիր։ ԱՀ վիճակագրական ծառայությունը իրականացրել է աշխատանքի  շուկայի վերլուծություն և տվյալներն արդեն հրապարակված են, և ըստ այդ վերլուծության 14,1 տոկոս գործազրկություն ունենք։ Դա բարձր ցուցանիշ է մեր տարածաշրջանի համար։ Եթե զբաղվածությունն ըստ ոլորտների ենք դիտարկում, կառուցվածք և այլն, ապա զբաղվածության  մակարդակը բարձր է պետական հատվածում»։

  Ըստ տնտեսագետի, դա խոսում է մասնավոր հատվածի չկայացվածության մասին, իսկ առանց մասնավոր հատվածի զարգացման խոսել տնտեսության զարգացման հնարավորություններից ճիշտ չէ, քանի որ միանշանակ է՝ բիզնեսն է տնտեսության շարժիչ ուժը։ Շատ երկրներում շեշտադրում է կատարվում կանանց ձեռներեցության վրա, իսկ մեր երկրում կանաց ներուժը հիմնականում պետական համակարգում է ներգրավված։ Այս առումով, իմ զրուցակցի խոսքով,   պատկան մարմինները պետք է նաև կանանց աշխատուժի օպտիմալ օգտագործման մեխանիզմներ մշակեն։

«Համաշխարհային տնտեսության տվյալներով, բիզնեսում կանանց ցուցիչը գերազանցում է արդեն 13 տոկոսը, որը վերջին տարիների համեմատության մեջ աճի դինամիկա ունի։Արցախում նման վերլուծություն չի արվում։ Կարևոր է, որ կանայք ներգրավված լինեն  արտադրողական տնտեսության մեջ՝ ստեղծելով տնտեսական արդյունք»,-ասում է։ Հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքն ու իրավիճակը տարածաշրջանում, հեշտ չէ նման արդյունքի հասնել, հատկապես եթե սպառողական տնտեսությամբ երկիր ենք և լրիվությամբ կախված ենք համաշխարհային տնտեսության վայրիվերումներից։ Այդ պատճառով, տնտեսագետը գտնում է, որ պետք է արտադրական ավարտուն ցիկլ ապահովենք տեղում, հատկապես պարենի մասով, ինչը պահանջում է ռեսուրսների հաշվառում։ Ռեսուրսների օպտիմալ հաշվառման համակարգը, կարելի է ասել, բացակայում է, մինչդեռ միայն  նման համակարգի միջոցով  կարելի կլինի  ներուժը վերհանել և  մաքսիմալ օգտագործել։ Մարդկային կապիտալի արտահոսքի հիմնական պատճառն էլ գործազրկությունն է։ Զբաղվածության խնդրի լուծումը տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից է, կարծում է Ռուզաննա Մանգասարյանը։ Տնտեսագետը մատնացույց է անում ևս մի խնդրի, որը հայտնի է  աշխատանքային աղքատություն տերմինով։ Դա  ցածր վարձատրվող աշխատանքն է։ Կադրերի արտահոսք նաև այդ պատճառով է կատարվում։ Այս խնդիրները պատկան մարմինների ուշադրության կենտրոնում պիտի լինեն, հակառակ դեպքում՝ դժվար է լինելու խոսել տնտեսության զարգացման մասին ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքում։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ