Ապրիլի 28, 2024

Կրկնակի տոն Գանձասարի վանական համալիրում

By Անի Աբաղյան Հուլիսի 25, 2022

Խունկի ծուխը, զանգերի ղողանջն  ու հավատացյալների աղոթքի մրմունջն արձագանքում է պատարագին ներկա յուրաքանչյուրի հոգում ու երկինք բարձրանում։ Երեկ Գանձասարի վանական համալիր տանող ճանապարհը բանուկ էր․ մարդիկ շտապում էին եկեղեցի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված պատարագին մասնակցելու։   Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոնի խորհրդի մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանն է մանրամասնում․ 

«Տոնը խորը արմատներ ունի։ Ըստ ուսումնասիրողների, ազգագրագետների և պատմիչների՝ այն կապվում է Աստղիկ, Անահիտ ասվածուհիների հետ, իսկ ըստ Ղևոնդ Ալիշանի՝ այս տոնը կապված է նաև համաշխարհային ջրհեղեղի ավանդույթի պահպանման հետ․ ջրհեղեղից հետո Նոյը տղաներին ասել է, որ իրար վրա ջուր ցանեն։ Վարդավառի տոնը ժողովրդի ամենասիրելի տոներից է, որը տարբեր գյուղերում, քաղաքներում տարբեր ձևով է նշվում։ Տոնը նշելու ավանդույթներից է մատաղը, խնձորը, աղավնի թռցնելը»։

 «Դեմքը փայլեց՝ ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը»․ աղոթողները ծնկաչոք երազում էին հաղորդակից լինել տոնի խորհրդին։ Նրանցից Լիլիթ Մարտիրոսյանը կարծում է՝ սերն է, որ պիտի դեպի լուսի ուղին տանի։ 

«Շուրջդ նայում ես՝ ամբողջը դրախտավայրի նկարագիրն է, բայց, ցավոք, միայն բնության մեջ։ Ինչի՞ է վերածվել մարդը՝ պետք է իր խորքը նայի ու այստեղն էլ վերածի դրախտավայրի՝ սիրով․ սա է ելքը։ Այս տոները ինձ համար դեպի ներսը նայելու և Աստծու կերպարանքը, պատգամը ստանալու, կերտելու, վերստեղծելու ևս մեկ առիթ է։ Աստված սեր է, և մենք էլ ճիշտ կլինի, որ սեր լինենք»։

9-ամյա Մերին էլ տոնի խորհրդի իր բացատրությունն է ներկայացնում․ 

«Եկալ ընք եկեղեցի, վար մոմ վառենք, Վարդավառ խաղ անենք, ուրուր ճիրավ տանք։ Էս օրը ես շատ ում սիրում»։ 

Գրետա տատին էլ Երևանից ընտանիքի հետ եկել է Արցախ, որ հենց Գանձասարի եկեղեցում տոնի Վարդավառը։ 

«Եկել ենք եկեղեցում աղոթենք ու ողջ աշխարհին խաղաղություն մաղթենք։ Միայն խաղաղություն ենք ուզում։ Եկեղեցական տոները նշելը մեզ համար երջանկություն է, ուրախություն»։ 

Պատարագից հետո Արցախի թեմի առաջնորդը բակում հավաքվածներին ջրել է  վարդաջրով, որին հաջորդել է եկեղեցու արևելյան բակում տեղադրված խաչքարի օծման կարգը։ Խաչքարը տեղադրվել է եկեղեցու համայնքի անդամ Արամ Ֆրանկյանի բարերարությամբ։ Այն նվիրված է բարերարի ծնողներին ու Արցախյան գոյամարտում զոհվածների հիշատակին։ Արարողության վերջում եկեղեցու բակում հյուրասիրություն է կազմակերպվել։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ