Ապրիլի 28, 2024

Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հունիսի 9-ին ամփոփել է 2022-23 ուսումնական տարին

By Իլոնա Անդրյան Հունիսի 10, 2023

Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հունիսի 9-ին ամփոփել է 2022-23 ուսումնական տարին: Մարտակերտ քաղաքում և գյուղական համայնքներում գործող խմբակների սաների ձեռագործ աշխատանքները` նկարչություն, գոբելեն, հելունագործություն, ձեռագործ արհեստ, կարպետագործություն, կար ու ձև, հագուստի մոդելավորում և այլ ուղղություններով ցուցադրության են ներկայացվել կենտրոնի նախասրահում: Իսկ երգի, պարի, թատերական խմբակները հաշվետու ելույթներով են հանդես եկել համերգային ծրագրում: Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հաթերքում, Զարդախաչում, Քոլատակում և Չափարում գործող երգի, պարի, ասմունքի և թատերական խմբակների սաները հանդես են եկել հեռավար ձևաչափով: Համերգային ծրագիրը եզրափակվել է կենտրոնի սաների ազգային ավանդական պարերով:

Կենտրոնի տնօրեն Ռիմա Իզմաիլյանը խորհրդանշական է համարում շրջափակման 180-րդ օրը կազմակերպված միջոցառումը.

Ռ.Ի.-«Գտնելով շրջափակված Արցախում` մենք չենք վհատվում, այլ այս ձևաչափով կազմակերպում ենք միջոցառում, ևս մեկ անգամ ապացուցելով, որ մենք ապրելու և ստեղծագործելու ենք Արցախում»:

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի վարիչ Դավիթ Լալայանը կենտրոնի տարեվերջյան հաշվետու միջոցառման կայացման գործում կարևոր է համարել խմբակավարների աշխատանքը` երեխաների տաղանդը բացահայտելու և զարգացնելու ուղղությամբ.

Դ.Լ.- «Մենք ունենք բավականին շնորհալի և տաղանդաշատ երեխաներ, պարզապես պետք է այդ տաղանդը բացահայտվի, զարգացվի և տարածվի, այստեղ մեծ անելիքներ ունեն մեր խմբակավարները: Իզուր չէ ասված, որ ամեն ինչ կադրերն են որոշում: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր խմբակավարներին, որովհետև այստեղ ինչ մենք տեսանք, սկսած ցուցադրված ցուցանմուշներից, երգ ու պարից, այս բոլորը նրանց քրտնաջան աշխատանքի արդյունքն է»:

Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանն էլ իր օրհնության խոսքն է հղել ներկաներին, վստահություն հայտնելով, որ այսպիսի միջոցառումներն են միշտ ապրեցնում հային իր հայրենիքում.

Հ.Դ.-«Թող Աստված օրհնի ձեր այս հայրենանվեր, աստվածահաճո ընթացքը, իսկ մեր երեխաներին մաղթենք ավելի մեծ բեմեր և ավելի շատ հանդիսատեսներ, որովհետև մարդը երբեմն մշակույթով, խոսքով ավելի շատ բան կարող է անել, քան բիրտ ուժով: Ձեզ բոլորիդ, մանավանդ ավարտածներին, փայլուն ապագա մեր հայրենիքում: Ինչպես Համո Սահյանն էր ասում` ոչ միայն հայրենիքս ապրի երգիս մեջ, այլ նաև երգս հայրենիքիս մեջ»:

Կենտրոն հաճախող ավարտական խմբերի սաները դասընթացները հաջող ավարտելու կապակցությամբ կենտրոնի տնօրենի կողմից ստացել են ավարտական վկայականներ:

Last modified on Շաբաթ, 10 Հունիսի 2023 18:47
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ